Խնդիրը լոկ Սերժ Սարգսյանի ցանկությունների դաշտում չէ՝ կթողնի՞ իշխանությունը, թե՝ ոչ

- in Հրապարակ
239
Serj Sargsyan

2018 թվականի խնդիրը հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական շրջանակներում դիտարկվում է ամենատարբեր, ընդհուպ անհավանական կամ անիրատեսական դիրքերից ու տարբերակներից:

Քննարկումների մեջ ներգրավվողները փորձում են հասկանալ, թե ինչպիսին են իշխանության այս կամ այն թևի շահերն ու մոտիվացիան՝ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Դաշնակցության, Սամվել Կարապետյանի, այլ մանր թևերի, երիտհանրապետականների, «Ելք» դաշինքի, արտախորհրդարանական ուժերի: Հասկանալի է, որ հավանական եզրահանգումները բավականին լուրջ և հեռանկարային քաղաքական սխեմաներից հասնում են մինչև ինտրիգային, պալատական խարդավանքների մակարդակի եզրակացությունների: Դա անխուսափելի է:

Այդ ամենով հանդերձ, 2018-ի այսպես ասած դիլեման ունի թերևս մի աներկբա առանձնահատկություն, որը բնորոշ է ցանկացած իշխանության, եթե այն չի կարգավորվում Սահմանադրության վրա հիմնված կայացած ինստիտուցիոնալ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական և պետական համակարգերով: Այդպիսի կարգավորման չենթարկվող բոլոր իշխանությունների համար իշխանության փոխանցման փուլերը պարունակում են այդօրինակ ինտրիգներ ու խարդավանք և հանգուցալուծվում են հենց դրանցով: Այլ կերպ գործնականում հնարավոր չէ: Հենց այդ իսկ պատճառով առաջադեմ էլիտաներն ու հասարակությունները անցում են կատարել սահմանադրական կարգի, իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմի, ինտրիգների և խարդավանքների դերակատարումը զրոյացնելու կամ էապես չեզոքացնելու, և այդպիսով իրավիճակի կանխատեսելիությունն ու կառավարելիությունը բարձրացնելու, այդ ամենի հիմքում հանրօգուտ շահը կամ հանրային շահին ծառայությունը դնելու համար: Դա է տարբերել առաջադեմ և հետադեմ էլիտաներին, դա է առաջ բերել պետությունների զարգացման դինամիկայի և արդյունքի տարբերության, որ այժմ կա Արևմուտքի և ասենք՝ ասիական, եվրասիական պետությունների գերակշռող մեծամասնության միջև:

Հայկական «էլիտաները» քսանհինգ տարիների ընթացքում անգամ մոտ չեն եկել այդ հանգուցալուծմանը, հետևաբար վճռորոշը մնում են ինտրիգներն ու պալատական խարդավանքները: Ըստ այդմ, եթե որևէ մեկը փորձում է համարժեք և հնարավորինս ճշգրտորեն դիտարկել ներհամակարգային, ներքաղաքական կամ ներիշխանական գործընթացները, չի կարող դրանց նայել դասական քաղաքագիտության պրիզմայով, որովհետև այդ դեպքում կստացվի իրականությունից կտրվածություն: Ինտրիգների և խարդավանքների դիտարկումը դառնում է անայլընտրանք, իսկ դասական քաղաքագիտության տեսանկյունից իրավիճակը չափելը՝ պարզապես հրապարակախոսություն, ոչ թե իրավիճակի վերլուծություն և դիտարկում: Այդ տեսանկյունից, 2018-ի խնդիրը, որ կայացած քաղաքական համակարգերի դեպքում սուբյեկտիվ կլիներ, Հայաստանի պարագայում օբյեկտիվ է անկախ անձերից: Տասը տարի իշխանությունը տնօրինող կամ իշխանության համար թիվ մեկ պատասխանատու եղած անձը չի կարող «էստաֆետը» փոխանցել առաջին իսկ պատահած թեկնածուի, եթե անգամ շատ մեծ է փոխանցելու՝ փայտը չպահելու ցանկությունը:

Եթե փորձենք 2018-ի խնդիրը դիտարկել այս տեսանկյունից, ապա այստեղ իհարկե կարձանագրենք, որ խնդիրը լոկ Սերժ Սարգսյանի ցանկությունների դաշտում չէ՝ կթողնի՞ իշխանությունը, թե՞ ոչ: Խնդիրն անկասկած օբյեկտիվորեն գտնվում է մեկ այլ հարցի դաշտում՝ իսկ ո՞ւմ թողնի իշխանությունը: Իհարկե այս ամենին կա պարզ պատասխան՝ իշխանությունը միշտ պետք է լինի ժողովրդի ձեռքում, և այդ դեպքում կա ոչ թե թողնելու հարց, թե ում թողնել, այլ ժողովուրդն է որոշում, թե ում հանձնել իշխանությունը կամ այսպես ասած՝ տալ ժամանակավոր վարձակալության, «հավատարմագրային կառավարման»: Բայց այստեղ իհարկե ելնում ենք Հայաստանում առկա իրավիճակից և դատում ըստ դրա՝ տեսականում անկասկած արձանագրելով, որ անվիճելի է սահմանադրական իշխանության անհրաժեշտությունը որևէ պետության անվտանգության և հեռանկարային զարգացման համար, առավել ևս այնպիսի փոքր ռեսուրսային սուբյեկտների, ինչպիսին Հայաստանը:

Իրականությունից ելնելու պարագայում արձանագրում ենք, որ իշխանությունը Հայաստանում գործնականում չի փոխանցվում՝ այլ վերցվում է: Լևոն Տեր-Պետրոսյանը չի փոխանցել իշխանությունը՝ այն վերցրել են, նրան չեն թողել գործնական այլընտրանք: Ռոբերտ Քոչարյանը չի փոխանցել իշխանությունը Սերժ Սարգսյանին, Սարգսյանը վերցրել է, որովհետև Քոչարյանը ուզում էր այն պահել կամ ծայրահեղ դեպքում փոխանցել բոլորովին այլ մարդու՝ Վարդան Օսկանյանին, նրա միջոցով ազդեցությունը պահելու համար: Սերժ Սարգսյանն էլ իշխանությունը չի փոխանցի, եթե չգտնվի այն վերցնողը: Եվ առավել ևս որևէ մեկը իշխանություն ձևավորելու իրավունքը չի փոխանցի հանրությանը, եթե հանրությունը չգտնի այն վերցնելու տարբերակը: Բայց անզեն տարբերակը, որովհետև զենքով վերցված իշխանությունը, սովորաբար, երբեք չի փոխանցվում առանց զենքի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20