«Ծառուկյան» դաշինքը «դեմ» կքվեարկի՞ ՀՀ կառավարության ծրագրին

- in Կեղտոտ լվացք
162
Gagik Tsarukyan

Խորհրդարանի նախօրեին կայացած արտահերթ նիստի ավարտին Արա Բաբլոյանը պատգամավորներին հորդորեց չբացակայել երկրից, որովհետև առջևում կառավարության ծրագիրի հաստատումն է:

Այս հորդորն առնվազն տարօրինակ է հնչում պրոֆեսիոնալ պառլամենտի պարագայում, երբ պատգամավորների աշխատավայրը խորհրդարանն է, որը դեռ պաշտոնապես արձակուրդի մեջ չէ: Բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ զարմանալի չէ ոչ միայն աշխատանքի ներկայանալու հորդորը, այլ այնպիսի հարցերի քննարկումը, որն առնվազն կասկածի տակ է դնում խորհրդարանական ուժի ֆորմալ կարգավիճակը:

Մինչև ամառային արձակուրդները` ևս մեկ ինտրիգ կա, որը կապված է կառավարության ծրագրի, ավելի ստույգ` դրա խորհրդարանական քվեարկության հետ: Կարեն Կարապետյանի կառավարությունն, իհարկե, այս պահին անհանգստանալու որևէ առիթ չունի: Ծրագրի ընդունումը երաշխավորված է կոալիցիայի պատգամավորների քվեարկությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ քվեարկության խճանկարը կարևոր է ներհամակարգային պայքարի տեսանկյունից:

Օրինակ, Արա Բաբլոյանի ընտրության քվեարկությունը բացահայտեց այն ստվերային մեծամասնությունը, որին այս խորհրդարանում տիրապետում է Սերժ Սարգսյանը: Նման կոնսոլիդացված քվեարկություն հազիվ թե տեղի ունենա կառավարության ծրագրի պարագայում:

Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ «Ծառուկյան» դաշինքը «դեմ» պետք է քվեարկի կառավարության ծրագրին: Ընտրություններից հետո կառավարությունն, ըստ էության, չի փոխվել, իսկ քարոզարշավի ընթացքում Ծառուկյանի երկչոտ քննադատության թիրախը ոչ թե Սերժ Սարգսյանն էր, այլ` հենց կառավարությունն ու նրա ծրագիրն, որն, ի դեպ, արմատապես տարբերվում է պոպուլիստական այն 15 կետից, որի առանցքով կազմված էր դաշինքի նախընտրական ծրագիրը: Մյուս կողմից` Կարապետյանի հարցում Ծառուկյանն անկաշկանդ է, որովհետև նրա պայմանավորվածությունները ոչ թե վարչապետի, այլ` Սերժ Սարգսյանի հետ են: Այլ հարց է, թե «Ծառուկյան» դաշինքն ինչպես կարտահայտի ծրագրին իր ընդդիմախոսությունը: Այլ բան է, երբ դա լինում է քաղաքական դիրքորոշման հետևանք, երբ խմբակցությունը արտահայտում է միասնական, կոնսոլիդացված դիրքորոշում և միանգամայն այլ իրավիճակ է, երբ քաղաքական պատասխանատվությունը լղոզվում է, օրինակ, խմբակցության պատգամավորները կողմ կամ դեմ են քվեարկում ազատ ռեժիմով` «խղճի մտոք»: Եթե գործի երկրորդ տարբերակը, ապա կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը պատուհան է թողնում իր և Կարեն Կարապետյանի հետագա բանակցությունների և «առևտրի» համար:

«Ելք» խմբակցության պարագայում` դեմ քվեարկությունը երաշխավորված է: Այստեղ հարցն այլ հարթությունում է` արդյո՞ք ընդդիմադիր խմբակցությունը մտադիր է ինչ-որ կերպ մասնակցել ներհամակարգային պայքարին, թե՞ դա համարում է իշխանության տարբեր թևերի գործը: Հարցի պատասխանը գուցե տրվի ընդդիմադիր պատգամավորների խորհրդարական ելույթներում, որոնք կբացահայտեն «դեմ»-ի հրապարակայնացվող և ստվերային մոտիվները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20