Ծխելու դեմ իբր պայքարն ընդամենը ԵՏՄ պահանջ է, որը Հայաստանի համար ենթակա է կատարման

- in Կեղտոտ լվացք
103
Cxaxot cxel

Ծխելու դեմ պայքարի մասին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտնի հայտարարությունից հետո հանրությունն արդեն մի քանի օր շարունակ տարբեր շրջանակներում աշխուժորեն քննարկում է ծխելու դեմ պայքարի հարցը, նախարարի մի քանի անհաջող հայտարարությունները:

Շրջանառության մեջ է դրվել մի արտահայտություն, թե պետք է պայքարել ծխելու, ոչ թե ծխողների դեմ: Թե ինչ է հասկացվում այդ ամենի տակ՝ պարզ չէ, համենայնդեպս, չկա որևէ ձևակերպված կոնցեպտուալ մոտեցում, թե, ի վերջո, ո՞րը պետք է լինի ծխելու դեմ պայքարի հարցում Հայաստանի հասարակության թե՛ ելակետը, թե՛ հենման կետը:

Այդ քննարկումների թոհուբոհում, սակայն, ուշադրությունից դուրս է մնում, բնականաբար, մի հարց, որն անմիջականորեն կապ չունի ծխելու դեմ պայքարի հետ, սակայն դուրս է «սպրդել» հենց այդ քննարկումների թոհուբոհում: Խոսքը ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման մասին է, որը դիտարկվում է ծխելու դեմ պայքարի կառավարության մտադրության համատեքստում, ընկալվում այդպես, իսկ իրականում ընդամենը ԵՏՄ պահանջ է, որը Հայաստանի համար ենթակա է կատարման:

Հայաստանում ծխախոտի ակցիզային դրույքաչափը ցածր է՝ ԵՏՄ մյուս երկրների համեմատ: ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է, որ ակցիզները պետք է, այսպես ասած, համամասնորեն հավասարեցվեն: Հայաստանը, սակայն, օգտվել է իրեն ընձեռված, այսպես ասած, արտոնությունից և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման, այսպես ասած, տարկետում ստացել: Ժամկետը լրանում է, հարկը կամաց-կամաց պետք է բարձրացվի, ինչը անխուսափելիորեն նշանակելու է ապրանքի թանկացում:

Թե ինչպիսի մոտավոր սոցիալ-տնտեսական հետևանք կարող է ունենալ դա՝ դժվար չէ պատկերացնել անգամ առանց փորձագետ լինելու: Ընդ որում, Հայաստանը հարկային կամ մաքսային դրույքաչափերի առումով տարկետում ստացել է ոչ միայն ակցիզային հարկի մասով: Երբ 2013 թվականին կայացվեց ԵՏՄ անդամակցության «գիշերային» անշրջելի որոշումը, և դրա անխափան կատարումն ապահովող իշխանությունն ու ոչ իշխանությունը փորձում էին համոզել, թե Հայաստանը դրանից բոլոր առումներով դառնում է միայն անվտանգ, հասարակությանը հեռու էին թվում այն ժամկետները, մինչև երբ կատարվել էին մի շարք ապրանքատեսակների առումով մաքսային և հարկային դրույքաչափերի բարձրացման տարկետումներ: Կառավարությունն էլ այն ժամանակ հպարտորեն ներկայացնում էր ցանկը, թե ինչպես է իքս ապրանքի ներկրման մաքսատուրքի բարձրացումը հետաձգվել մինչև 2017 թվական, իգրեկ ապրանքինը՝ մինչև 2018 կամ մինչև 2020, 2021:

Կամաց-կամաց մոտենում է ժամկետը, «տարկետումը» ավարտվում է, որովհետև Հայաստանում էլ ավարտվել են ընտրությունները, որոնց անաղմուկ լինելու համար էլ Եվրասիական եղբայրությունը բերել էր իր նպաստը՝ «տարկետումը» վերը թվարկված հարցերում, մի քանի տասնյակ ապրանքանիշների մասով: Այսինքն՝ ԵՏՄ-ն Հայաստանում դեռ նոր է միայն լիարժեք մտնում ուժի մեջ՝ իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ: Իսկ Հայաստանի հասարակությունը բուռն կերպով ոչ թե քննարկում է ԵՏՄ դեմ պայքարի հարցը, այլ ծխել-չծխելու:

Այսինքն՝ 2013 թվականի գիշերային շրջադարձից հետո հայկական պետությունն է շարունակում ծխալ, իսկ Հայաստանի հասարակությունը բուռն կերպով քննարկում է ծխել-չծխելու հարցը: Անկասկած, դա կարևորագույն հասարակական հարց է, որը կապված է թե՛ անհատների, թե՛ հանրային ֆիզիկական առողջության հետ, ինչն էլ, իհարկե, պետական անվտանգության կարևոր տարր է: Բայց ծխելու դեմ պայքարի քննարկումների բովանդակությունը նախ հուշում է, թե դեռևս որքան ճանապարհ ունի անցնելու Հայաստանի հասարակությունը պոստսովետական գիտակցական տրանսֆորմացիայի բարեհաջող հաղթահարման և որակական նոր մակարդակի դուրս գալու համար:

Եվ դրանից բացի՝ տվյալ պարագայում նախ անհրաժեշտ է գտնել պետականության ծխալու դեմ բանաձևը, որը հենց որակական նոր հարթության վրա դուրս գալու նախապայմանն է: Այդ դեպքում միայն Հայաստանի հասարակությունը դուրս կգա արդեն նաև անհատի և հանրության ֆիզիկական առողջության պահպանման օպտիմալ քննարկումների մակարդակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20