Ծռերի դատավարությունը փորձված բանաձևը պտտելու հերթական առիթն է

- in Կարծիք
121
Sasna Tsrer

Կասկածից վեր էր, որ «Սասնա ծռերի» դատավարությունը դառնալու էր հասարակական-քաղաքական գործընթացի աղմկոտ դրվագներից մեկը, ինչն էլ տեղի է ունենում այժմ:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Ծռերի դատավարության գործընթացի շուրջ աղմուկը գործնականում հասարակական-քաղաքական գործընթացի ներկայիս միակ հնչեղ դրվագն է, որ առկա է իշխանության ներսում 2018-ի շուրջ ծավալվող գործընթացներին զուգահեռ: Օրակարգի այլ հնչեղ հարց առայժմ չկա:

Այն, ինչ տեղի է ունենում Ծռերի դատավարության ընթացքում իրավական առումով, թերևս էլի անսպասելի չէ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխանությունը առավել ևս քաղաքական երանգավորում ունեցող գործընթացների պարագայում եբեք էլ չի կաշկանդվել իրավական շրջանակներով: Ընդ որում, այստեղ արդեն խնդիրն ամենևին այն չէ՝ Ծռերը հանցագո՞րծ են, թե՞ քաղբանտարկյալ: Ներկայումս խնդիրն ընդամենը դատական գործընթացում օրենքի և իրավունքի տառի և ոգու պահպանումն է, որի առումով, մեղմ ասած, կան խնդրահարույց իրողություններ: Հարց է ծագում՝ ո՞ւմ է դա անհրաժեշտ:

Աղմկոտ իրավիճակն անհրաժեշտ կարող է լինել շատերին, աղմուկի շահառուները Հայաստանում միշտ էլ շատ են եղել և լինելու են, քանի դեռ մենք ունենք չկայացած քաղաքական համակարգ, իսկ խորհրդարանի ընտրությունից հետո ստեղծված վիճակն էլ իշխանությունը ծառայեցրել է ոչ թե քաղաքական բարեփոխումների, այլ ընդամենը իշխանական կարկանդակի շուրջ վերադասավորումների համար: Որքան «դրսում» մեծ լինի աղմուկը, այնքան «ներսում» անաղմուկ կընթանան վերադասավորումները: Դա ապաքաղաքական համակարգերին բնորոշ մեխանիզմ է, բանաձև, որ Հայաստանում հաջողությամբ կիրառվել է տարիներ շարունակ:

Առաջին հայացքից միշտ թվացել է, որ աղմկոտ որևէ զարգացում հարվածում է իշխանությանը, իշխանությունը հայտնվում է հանրային քննադատության թիրախի ներքո, առաջանում է իշխանության հանդեպ հակակրանքի նոր ալիք և այլն: Իրականում դա խնդիրներից առկա մակերեսային տպավորությունն է: Խորքում իրավիճակը բոլորովին այլ է, և միայն առաջին հայացքից է թվում, թե ամբողջ հանրությունն ապրում է այդ աղմուկով: Իրականում որոշ ժամանակ անց հանրության զգալի մասը սկսում է առնվազն ենթագիտակցական մակարդակում զգալ, որ աղմուկը գործնականում կապ չունի իր խնդիրների հետ և չի պարունակում կոնկրետ լուծումներ, և սկսում է արդեն ինքնաբերաբար պաշտպանվել աղմուկից:

Այսինքն՝ այդպիսի ցանկացած աղմուկ որոշ ժամանակ անց անխուսափելիորեն բերում է հասարակության զգալի մասի հոգնեցման, և առաջանում է աղմուկից «հեռանալու» ներքին բնազդային մղում: Մի բան, որ պետք է առաջին հերթին իշխող համակարգին՝ հանրությունը սկսում է փնտրել «պաշտպանություն» հերթական «անիմաստ» աղմուկից, որն առավելագույնը կարող է իմաստավորվել ֆեյսբուքյան սահմանափակ լսարանում, իսկ իշխանությունն էլ այդպիսով պաշտպանվում է քաղաքականության թեկուզ տեսական թելադրանքից՝ մնալով իր ապաքաղաքական բնույթի մեջ և շարունակելով խնդիրները դիտարկել և լուծումներ գտնել հարաբերությունների և մտածողության առկա մշակույթի պայմաններում, որտեղ գերական և թելադրողը նեղ շրջանակների, ոչ թե հանրային շահերն են:

Ամենևին պատահական չէ, որ բանաձևը տարբեր առիթներով ունենում է, այսպես ասած, պրոֆիլակտիկ կիրառում՝ հարվածելով քաղաքական գործընթացների որևէ հեռանկարի կամ ներուժի, ոչ թե հարվածելով իշխող համակարգի:

Ծռերի դատավարությունը փորձված բանաձևը պտտելու հերթական առիթն է: Իշխանությունը նոր անիվ հորինելու կարիք այդ իմաստով չունի, քանի դեռ պտտվում է հին անիվը՝ չնայած բազմաթիվ օգտագործումից ծռմռվածությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20