Կա՞ Հայաստան հիմնադրամը, թե՝ ոչ

- in Կարծիք
136
Kasharq

Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական հարաբերությունների պարզման գործընթացի ֆոնին անցյալ շաբաթ բավականին անաղմուկ անցավ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Թեև, այդ նիստերը գործնականում միշտ էլ անցնում են անաղմուկ և որպես այդպիսին դրանք չեն դառնում իրադարձություն, թեև պետք է որ լիներ հակառակը: Համենայն դեպս, դա է ենթադրում հիմնադրամի հնչեղ անունն ու առաքելությունը:

Բայց, միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ այդ անունից ու առաքելությունից մնացել է ընդամենը ստվերը և իներցիան, խոշոր հաշվով: Ուզենք, թե ոչ, բայց պետք է նայել իրականության աչքին ու արձանագրել, որ Հայաստան հիմնադրամը այլևս վաղուց համահայկական չէ, եթե անգամ համարենք, որ երբևէ եղել է այդպիսին: Գուցե շատերի համար ցանկալի չէ նայել ճշմարտությանն ու իրականությանը և ավելի կարևոր է շարունակել կենացներն ու հայրենասիրական պաթոսը, կամ՝ որովհետև իրական նպատակները ամենևին կապ չունեն հիմնադրամի հռչակման հետ, կամ որովհետև կա ինքնախաբեություն, թե կենացի ու պաթոսի միջոցով հնարավոր է փրկել այն, ինչ վաղուց այլևս չկա:

Փորձենք համադրել Հայաստան համահայկական հիմնադրամի ցուցանիշները, օրինակ տարեկան հանգանակությունների, ու տեսնենք, թե 10 միլիոն հայության քանի՞ տոկոսն է մասնակցում հանգանակությանը, և այդ տոկոսից քանի՞ տոկոսն է հանգանակությանը մասնակցում պարզապես վարչահրամայական մեթոդներով, երբ ամբողջական պետական հիմնարկներ կամ ընկերություններ պարզապես հրահանգավորված հատկացումներ են անում հիմնադրամին:

Ձևացնել, թե այդ ամենը չկա, ձևացնել, թե 25 տարի անց էլ մենք գործ ունենք համահայկական կառույցի հետ, կնշանակի պարզապես խաբել ինքներս մեզ: Միայն մեզ, որովհետև գործնականում այլևս ոչ մեկին չի հետաքրքրում՝ կա՞ Հայաստան հիմնադրամը, թե ոչ: Այդ հիմնադրամը, համահայկական հիմնադրամի գաղափարը, ինստիտուտը, մեխանիզմը պետք է բացառապես մեզ: Ընդ որում, պետք է ոչ միայն ֆինանսական և տնտեսական խնդիրներ լուծելու համար, ոչ միայն ռազմավարական նախագծեր իրականացնելու համար, այլ նաև համազգային հոգեբանություն, նպատակ, տեսլական, երազանք ձևավորելու համար, որի առանցքում հայկական պետականությունն է:

Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է լինի սփյուռքի տարատեսակ, բազմազան, բազմաշերտ համայնքները հայկական պետականության հետ կապող հիմնական թելը: Հիմնդրամը շեղվել է այդ առանցքից, այդ առաքելությունից և մնացել է միայն անունն ու ցուցանակը, որը տարբեր մարդիկ համառորեն չեն ուզում նկատել, քանի որ նրանց պետք է հենց ցուցանակը՝ մեկին մեծ, մյուսին փոքր անձնական կամ խմբակային խնդիրներ լուծելու համար:

Ճգնաժամի ավելի խոսուն փաստ, քան Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ 114 կմ ճանապարհն է՝ Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երկրորդ և կարևորագույն ճանապարհը, թերևս չկա: Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակություններով կառուցվող այդ ճանապարհը վաղուց շեղված է իր ժամանակացույցից, ինչպես հիմնադրամն է շեղված իր բուն առաքելությունից ու առանցքից: Համահայկական մի ամբողջ հիմնադրամ չկարողացավ ապահովել մի ճանապարհային ծրագրի կառուցում ըստ ժամանակացույցի: ճանապարհը, որ պետք է շահագործման հանձնված լիներ դեռևս 2015-ին, կառուցվում է առ այսօր:

Այդ ամենն իհարկե խորքային իմաստով Հայաստանի կառավարման անարդյունավետության հետևանքն է: Չի կարող անորակ կառավարվել պետությունը, չի կարող պետությունը լինել անարդյունավետ, մսխող, ստորադասվել կլանային կամ կուսակցական շահերին, բայց ունենալ այսպես ասած վերպետական համազգային մի ինստիտուտ, որը կոչված է ապահովել պետականության ռազմավարական սպասարկում արդեն համահայկական մասշտաբով:

Մարդիկ, որոնք հավաքված են Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, առնվազն դրանց գերակշռող մասը, հատկապես հայաստանյան պաշտոնական դասի առումով, չունեն անգամ մի պարզ հարցի պատասխան կամ բացատրություն՝ իրենց շքեղ կյանքի աղբյուրի և ծագման: Պարզ մի հարց, հոգաբարձուների խորհրդի նիստերին թե ներկայիս, թե նախկին նստող պաշտոնյաների գերակշռող մեծամասնությանը, որից քանդվում է ցանկացած համազգային կամ համահայկական գաղափար: Այդ պատասխանի, այդ բացատրության բացակայությունն է համահայկական հիմնադրամը դարձրել ընդամենը մի յուրօրինակ «ներդրումային փակ ակումբ», որը Հայաստանի ներիշխանական Սերժ Սարգսյան-Սամվել Կարապետյան դիմակայության գործընթացում ստեղծված ներդրողների փակ ակումբից այլևս տարբերվում է քիչ բանով:

Գործնականում, եթե դիտարկենք հանգանակությունների կառուցվածքը, կտեսնենք, որ Հայաստան համահայկական կոչվող հիմնադրամն էլ ներկայումս քաղաքական կապիտալիստների յուրօրինակ ակումբ է, որի անդամների մի զգալի մասն ի դեպ նաև ներդրողների ակումբի անդամ են:

Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն այլ օրակարգ չպետք է ունենար, քան հիմնադրամի խորքային ռեֆորմացիան: Բայց հասկանալի է նաև, որ քանի դեռ տեղի չի ունեցել պետական կյանքի խորքային ռեֆորմացիա, հիմնադրամի ռեֆորմացիան անիրական է: Որովհետև պետականության կերպն է, որ պետք է դառնա համազգային ոգևորության և վստահության գրավական՝ հիմնադրամի համահայկականացման համար: Իսկ պետական կյանքի ռեֆորմացիան կախված է այն բանից, թե ինչ հանգուցալուծում կստանա իշխանության խնդիրը, թեև երբ տեսնում ենք, թե ովքեր են պայքարում «պատվավոր ռեֆորմատորի» կոչման համար երկու կողմից էլ, ակնհայտ է դառնում, որ ռեֆորմները շանս չունեն պայքարի որևէ ելքի դեպքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20