Կառավարությունը սկզբից փաստորեն անտեսում է Սերժ Սարգսյանի նշաձողը

- in Տնտեսական
71
Sezh Karen

Ես չեմ ճանաչում աշխարհում մի կառավարություն, որը 100 տոկոսով կատարում է իր առաջ դրած նպատակները: Այդ կարծիքի հեղինակը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է:

Կարծիքը հնչել է ի պատասխան լրագրողների այն հիշեցման, որ Սերժ Սարգսյանը կառավարությունների նվազագույն հաջողության կամ արդյունավետության ցուցանիշ 2013-ին սահմանել էր 7 տոկոսը, սակայն այդ ժամանակաշրջանից ի վեր առավելագույնը եղել է 2․5 տոկոս տարեկան աճ: Իսկ Սարգսյանի սահմանած այդ նշաձողը հիշելու առիթը եղել է կառավարության նոր ծրագիրը, որը հաստատել է ՀՀԿ ԳՄ-ն և որում սահմանված է տարեկան 5 տոկոս աճի նշաձող: Իհարկե երաշխավորված չէ որևէ կառավարության 100 տոկոս արդյունավետություն: Խնդիրը սակայն այն է, որ Հայաստանի կառավարությունները 2013 թվականից ի վեր չեն ապահովում նույնիսկ սահմանված տնտեսական աճի նշաձողի անգամ 50 տոկոսը: Դա չի նշանակում, որ մինչ այդ ապահովել են: Պարզապես մինչ այդ Սերժ Սարգսյանը հրապարակավ չի սահմանել 7 տոկոս նշաձող՝ ասելով, որ դանից ցածրի դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա:

Ընդ որում, նշաձողը սահմանելով հանդերձ, Սերժ Սարգսյանն ինքը չի հետևել դրա այսպես ասած պահպանմանը: Օրինակ՝ 7 տոկոս նշաձողը նա սահմանել է 2013-ի մարտին, սակայն Տիգրան Սարգսյանի կառավարությունը պաշտոնանկ է արվել 2014 թվականի ապրիլի վերջին՝ այն էլ ոչ թե տնտեսական աճի նշաձողը չապահովելու, այլ ընդամենը ոչիշխանական բևեռի շուրջօրյա հանրահավաքների ծրագիրը տապալելու համար: Հետո 7 տոկոսը չի ապահովել նաև Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որը սակայն պաշտոնանկ եղավ երկու տարի անց միայն, կրկին ոչ թե աճի ցուցանիշը չապահովելու, այլ պարզապես քաղաքական նկատառումներից ելնելով:

Այժմ, փաստորեն առավել հետաքրքիր վիճակ է՝ կառավարությունը հենց սկզբից փաստորեն անտեսում է Սերժ Սարգսյանի նշաձողն ու սահմանում է 5 տոկոս աճի նպատակ: Մինչդեռ, 7 տոկոսը կարծես թե չեղարկված չէ, Սարգսյանը կարծես թե հրապարակավ չի հայտարարել, թե իրավիճակ է փոխվել և այժմ իրատեսական է ոչ թե 7, այլ 5 տոկոս աճը: Իսկ իրավիճակ իսկապես փոխվել է, և եթե չորս տարի առաջ Հայաստանին նվազագույնը գոնե 7 տոկոս տարեկան աճ էր պետք կենսունակությունը պահելու համար, ապա այժմ սոցիալ-տնտեսական վիճակը շատ ավելի վատն է և 7 տոկոսը գուցե ընդամենը գոյություն պահելու ցուցանիշ է:

Սակայն ներկայումս գոյության կռիվն ընթանում է իշխանության ներսում և Հայաստանի գոյությունն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ: Տնտեսական աճի ցուցանիշը նվազելու է իշխանության գնի թանկացմանը զուգահեռ: Դա աքսիոմատիկ է բոլոր այն իշխանությունների պարագայում, որոնք չեն ձևավորվում հանրային քվեի արդյունքում, որոնք կախված չեն հանրային քվեից: Այդպիսի միջավայրերում, այդպիսի համակարգերում որքան բարձր է իշխանության գինը՝ իսկ այն բարձր է երկրում ռեսուրսների սղության և արտաքին տնտեսա-քաղաքական միջավայրում մարտահրավերների գերաճի պատճառով, այնքան քիչ է տնտեսական աճի նշաձողը, որովհետև անգամ իշխանությունն այդպիսի բարձր գին ունեցող իշխանությամբ երկրում չի գնա տնտեսական աճ ապահովող ներդրումային նախաձեռնությունների: Ահա թե ինչու նշաձողը 7-ից «պաշտոնապես» նվազում է 5:

Ընդ որում պետք է ենթադրել, որ դա դեռ վերջը չէ, համենայնդեպս, քանի դեռ իշխանության ներսում գոյության կռիվը շարունակվում է: Իսկ դատելով առկա իրավիճակից, կռիվը կշարունակվի երկար, անգամ 2018-ից հետո, անկախ, թե ինչ կառավարություն կձևավորվի 2018-ին: