Կարապետյանն էլ առաջնորդվում է բալզակյան հայտնի «սկզբունքով»

karen-karapetyan

Ասում են՝ պատմությունը կրկնվելու հակում ունի: Հայաստանի Հանրապետությունում այն տեղապտույտ տալու միտումներ էլ ունի: Ոչ լավ առումով, իհարկե:

Ոչ վաղ անցյալում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, այն պահին, երբ, ինչպես միշտ, տնտեսությունը գտնվում էր խոր ճգնաժամում, թողած հրատապ լուծումներ պահանջող խնդիրները՝ վարչապետ Սարգսյանն ու իր թիմը կենտրոնացել էին ճանապարհային երթևեկության կանոնների, մասնավորապես՝ վարորդների և ուղևորների կողմից ամրագոտիների կիրառման վրա: Կարծես տնտեսության սրընթաց զարգացմանը խանգարում էր վերջիններիս ամրագոտիներից չօգտվելը:

Անցել է կարճ ժամանակ, այնքան, որ Հայաստանի տնտեսությունը չի հասցրել անգամ խոր ճգնաժամից դուրս գալ, այդ ընթացքում երկիրը հասցրել է ևս երկու վարչապետ փոխել, ու հիմա նորից հերթական վարչապետը հերթական անգամ կենտրոնանում է «տրանսպորտային խնդիրների» վրա:

Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի ամրագոտիային խոչընդոտի՝ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության հիմնական պրոբլեմները գալիս են «Զվարթնոց» օդանավակայանում «հերթապահող» սպորտային համազգեստով անթրաշ տաքսիստներից: Նրանց անթրաշ տեսքից ու խաբեբա պահվածքից է, որ արտասահմանցի զբոսաշրջիկը, մի անգամ այցելելով Հայաստան, այլևս չի ուզում երկրորդ անգամ այստեղ վերադառնալ: Ահա թե, ըստ պրն Կարապետյանի, որտեղ են թաղված Հայաստանի անհաղթահարելի տնտեսական ճգնաժամի արմատները:

Նույն Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնեց Երևանի տարբեր համայնքներում գյուղատնտեսական տոնավաճառներ բացելու գործընթացը: Մի միջոցառում, որ այսօր էլ նախարարության կողմից կիրառվում է և «ըստ արժանվույն» գովազդվում: Ինչն էր «գրավողը» այդ տոնավաճառում: Առաջին մեկ-երկու օրերին նախարարն ու փոխնախարարները (հենց իրենք և ոչ այլք) Էրեբունու հրապարակում անձամբ հսկում, արգելում էին, որ վերավաճառող գյուղացիները գյուղմթերքը թանկ վաճառեին:

Թերևս այդ օրերին տոնավաճառ ասվածում հերթապահելով՝ նրանք շատ արագ հասկացան թե՛ տոնավաճառ ասվածի և թե՛ դրանում իրենց արած հերթապահության աբսուրդայնությունը, և հաջորդիվ այլևս չերևացին: Հասկացան, որ շուկայական տնտեսության պայմաններում հրամանով ու պարտադրանքով գին չես սահմանի: Տիգրան Սարգսյանն էլ այնքան միամիտ չէր՝ չհասկանալու համար, որ ամրագոտիով կյանքի որակ չես փոխի: Բայց նրան էլ պետք էր արագ ու հեշտ, թեկուզև ամրագոտու կիրառման տեսքով ինչ-որ դրական արդյունք ցույց տալ:

Գյուղնախարարությունը, կառավարությունը չկարողանալով գյուղմթերքի արտահանման համար համապատասխան ինստիտուտները ստեղծել՝ գերադասել էին հեշտ ու քաղաքաբնակի համար նախընտրելի պայմաններ ստեղծելով (իր տանը մոտ շուկա բացելով), թեկուզև չնչին բանով գոհացնել վերջինիս: Ինչ է ուզում պրն Կարապետյանը. գուցե տվյալ պահին ոստիկանապետին կսմթել, գուցե իրոք մտածում է, որ տաքսիստի փողկապով լինելու դեպքում Հայաստանում տուրիզմը կզարգանա: Բայց Կարեն Կարապետյանն էլ այնքան միամիտ չէ՝ չհասկանալու համար, որ իր նշածները ու պահանջածները երկրորդական են, ածանցյալ:

Հայաստանում ներդրում կատարելիս գցվածը հաստատ խաբվել է ոչ միայն սափրված, այլև փողկապով ինչ-որ մեկի կողմից, որ երբեք էլ «ինչ-որ մեկը» չէ, այլ խիստ որոշակի մեկը: Մեծն Սևակը հրաշալի գործ ունի, որի իմաստը այն է, որ փոքր տարիքում, երբ դրսում խաղալիս հագուստը կեղտոտում էին, հետո դրա համար տանը նրանց պատժում էին: Ասում է. հիմա արդեն մեծացել ենք, հագուստներս էլ մաքուր են, կոկիկ, հիմա հոգիներս է կեղտոտվել, բայց կեղտոտված հոգու համար էլ ոչ ոք ոչինչ չի ասում: Մեր երկիրը հիմա այդ վիճակում է, ներքին կառուցվածքն է փտած, կառավարման ինստիտուտը՝ դեռևս չկայացած, քայքայված, իսկ վարչապետը դրանք թողած՝ խոսում է մաքուր Երևանի, մաքուր Հայաստանի, սափրված վարորդների մասին:

Երբ նեխած, փտող համակարգը առողջանա, մեխանիզմը սկսի գործել, վերոնշյալները շատ արագ ինստիտուցիոնալ լուծումներ կստանան անգամ առանց կառավարության որոշումների ու վարչապետական հանձնարարականների: Մինչդեռ ինչպես և նախորդները, պրն. Կարապետյանն էլ առաջնորդվում է բալզակյան հայտնի «սկզբունքով»՝ «կարևոր է կարողանալ պահպանել ձևական կողմը, իսկ բովանդակություն բոլորովին էլ պետք չէ»:

Հ.Գ. Այնուամենայնիվ, մի հարցում երկու վարչապետներն էլ ճիշտ են կողմնորոշվել. իրավիճակի պատասխանատուն ղեկի մոտ գտնվողն է, բայց ոչ թե ավտոմեքենայի, այլ կառավարման մեքենայի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20