Կարեն Կարապետյանը մնա վարչապետ, ապա աշխատելու է «գենսեկ» Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությունում

- in Կեղտոտ լվացք
138
Sezh Karen

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել նաև 2018 թվականից հետո։ Այս մասին նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

«Իհարկե, ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա։ Ինչպես Կարեն Կարապետյանը, այնպես էլ մեր թիմի անդամները կմնան, բայց երկրի ղեկավարությունը՝ կապված ապագայի հետ, կմնա Սերժ Սարգսյանը»,– ասել է Գալուստ Սահակյանը։

Այնպիսի տպավորություն է, որ Սահակյանը ոչ թե մասնավոր կարծիք է հայտնել, այլ բարձրաձայնել է այն խոսակցությունները, տրամադրությունները, որոնք առկա են վերնախավում: Իսկ Սահակյանը չնայած այսօր շարքային պատգամավոր է, բայց գոնե առայժմ վերնախավի մեջ է՝ թեկուզ իներցիայով կամ այն հանգամանքով պայմանավորված, որ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ է:

Ընդ որում, Գալուստ Սահակյանի ասածը երկու ձևով կարելի է հասկանալ, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո պաշտոնապես մի կարճ ժամանակ հեռանալու է՝ հետո վարչապետի պաշտոնին վերադառնալու նպատակով, կամ էլ Սարգսյանը երկիրը շարունակելու է ղեկավարել ՀՀԿ նախագահի պաշտոնում, իսկ իրականում այն քրեաօլիգարխիկ համակարգի միջոցով, որը փաստացի երկրի տերն է, և որին այդպես էլ որևէ այլընտրանք Կարեն Կարապետյանը չստեղծեց:

Խորհրդարանի նախկին նախագահի կարծիքը շատ տրամաբանական, եթե չասենք՝ իրատեսական է թվում, երբ այն համադրում ենք ՀՀԿ այլ գործիչների հայտարարությունների հետ: Օրինակ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդադար պնդում է, թե երկիրը ղեկավարվելու է Մելիք-Ադամյան փողոցից՝ հավելելով, թե իրենց բոլորի, այդ թվում՝ Կարեն Կարապետյանի առաջնորդը Սերժ Սարգսյանն է: Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ վերջերս ասել էր, որ ինքը պաշտոնի ձգտում չունի, որովհետև արդեն ունի ամենաբարձր պաշտոնը՝ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ է:

Հայաստանի քաղաքական մշակույթն ակնհայտորեն պատրաստ չէր խորհրդարանական կառավարման անցմանը, մանավանդ այն պարագայում, որ մենք չունենք դասական կուսակցություններ, իսկ եղածները քրեաօլիգարխիայի քաղաքական դեկորացիաներ են: Խորհրդարանական վերջին ընտրությունները դրա լավագույն ապացույցն են, ձևավորված խորհրդարանն ամենադժգույնն է Երրորդ հանրապետության պատմության մեջ:

Հայաստանում ակնհայտորեն ամրապնդվում է վոժդիզմի ինստիտուտը, երբ «գենսեկը», տվյալ դեպքում՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, բարձր է դրվում պետական և քաղաքական բոլոր ինստիտուտնրից: Հենց սա է ընթացող համակարգային տրանսֆորմացիայի իմաստը: 2015թ.-ի հանրաքվեով Հայաստանն անցում է կատարել ոչ թե կառավարման խորհրդարանական համակարգին, այլ, ըստ էության, վերականգնել է խորհրդային կառավարումը:

Եթե անգամ 2018-ին Կարեն Կարապետյանը մնա վարչապետ, ապա աշխատելու է «գենսեկ» Սերժ Սարգսյանի ձևավորած կառավարությունում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20