Կոռուպցիայի դեմ պայքարն իրականում բաժանվածի վերաբաժանում է՝ կրկին փակ շրջանակի համար

- in Տնտեսական
104
Karter 1

Մինչ Հայաստանում ակտիվորեն շարունակում են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ստեղծումը, դրա հանդեպ ընդդիմության դրական դիրքորոշումը, բացատրությունները, հիմնավորումները և այլն, Հայաստանի քաղաքացիները նկատում են, թե ինչպես են կամաց-կամաց, սահուն կերպով բարձրանում գները սպառողական շուկայում մի շարք ապրանքատեսակների մասով:

Ինչով է պայմանավորված այդ հանգամանքը՝ դժվար է ասել, որովհետև, համենայնդեպս, այսպես ասած՝ կոնյունկտուրային նախադրյալներ կարծես թե չկան: Սակայն Հայաստանի տնտեսությունում գները գոյանում են ոչ թե միջազգային տնտեսության ազդեցությամբ, այլ ամենից առաջ օլիգարխիկ տնտեսության տրամաբանությամբ:

Հայաստանում տնտեսության մեջ մրցակցության բացակայությունը գնագոյացման առաջնային գործոններից է, հետևաբար պատճառները նախևառաջ պետք է փնտրել այդտեղ: Սակայն պատճառները այդտեղ փնտրելու համար պետք է ունենալ մարմին, որը կանի դա: Դե յուրե Հայաստանն ունի, իհարկե, այդպիսի կառույց, որը պետք է պաշտպանի մրցակցությունը, այսինքն՝ փնտրի գնագոյացման պատճառները տնտեսական այն «կացութաձևի» մեջ, որը կա Հայաստանում: Բայց այդ կազմակերպությունն իր գոյության տարիների ընթացքում դե ֆակտո զբաղված է հակառակով, այսինքն՝ կարծես թե տնտեսական այդ «կացութաձևի» պաշտպանությունն է իրականացնում հասարակությունից, մրցակցությունից:

Այս հանգամանքը բավական խորհրդանշականորեն զուգորդվում է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ստեղծման քննարկումների հետ: Բանն այն է, որ կոռուպցիայի և մրցակցության բացակայության խնդիրները Հայաստանում կարծես թե ունեն հավի և ձվի պատմության «էֆեկտը»: Մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, և դա, իհարկե, շատ կարևոր է, բայց, չգիտես ինչու, Հայաստանում անտեսված է պայքարը մրցակցության համար: Մինչդեռ Հայաստանում ոչ պակաս կարևոր է տնտեսական մրցակցության իրական պաշտպանության կոնկրետ մեխանիզմների ստեղծումը, որը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների նման կպայքարի տեսականորեն, այսպես ասած՝ ինստիտուցիոնալ, այլ իրապես: Որովհետև Հայաստանի քաղաքացիները ինչքան տուժում են այս պահին կոռուպցիայից, նույնքան տուժում են տնտեսության մենաշնորհացվածությունից, օլիգոպոլիաների գոյությունից, երբ իշխանության կրող մի քանի խմբեր ուղղակի միմյանց միջև են բաժանում տնտեսությունը, իսկ մրցակցության համար պայքարն էլ իրականում բաժանվածի վերաբաժանում է՝ կրկին փակ շրջանակի համար:

Ընդ որում, հետաքրքիր է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառություն իշխանությունն, այսպես ասած, ինստիտուցիոնալ ձևով ստանձնում է, իսկ ահա տնտեսական մրցակցության համար պայքարի, տնտեսությունը հակամրցակցային իրողություններից պաշտպանելու ինստիտուցիոնալ հանձնառություն չկա:

Պատճառը թերևս այն է, որ մի կողմից՝ հայտարարված պայքարը մյուս կողմից՝ պետք է երաշխավորի անվտանգություն: իսկ կոռուպցիան և մրցակցությունը հայաստանյան իշխող համակարգի, այսպես ասած, երկու ծայրերն են, և եթե քաղաքական տարաբնույթ խնդիրներից ելնելով կենտրոնական իշխանությունը մի ծայրից անհանգստացնում է համակարգին, ապա մյուս ծայրից փաստորեն երաշխավորում է անվտանգությունը:

Ի դեպ, հետաքրքրական է նաև, որ հայտարարվում է բյուջեի եկամուտների կատարողականը, այսպես ասած, ավելացնելու, մուտքերի ծավալներն ավելացնելու մասին՝ դա ներկայացնելով որպես ստվերի դեմ պայքարի հետևանք: Իրականում, սակայն, բյուջեի մուտքերի աճը երևի թե ֆինանսավորում են Հայաստանի սպառողները՝ գնաճի միջոցով, որ արձանագրվում է մուտքերի աճին զուգահեռ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20