Կփորձենք համագործակցել Ծառուկյանի հետ

- in Կարծիք
104
Seyran Ohanyan

Երկար լռությունից հետո Սեյրան Օհանյանն այսօր «Ազատության» հետ հարցազրույցում խոսել է անցած ընտրություններից և իրենց հետագա ծրագրերից:

Նրա կարծիքով՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են և չեն արտացոլում իրական պատկերը: «Հաղթողներ և պարտվողներ չեն եղել, որովհետև ընտրությունների ժամանակ չեն պահպանվել ժողովրդարության սկզբունքները»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ դրա մասին փաստում է հասարակության անվստահությունը ներկայիս իշխանության հանդեպ:

Անցած տարիներին իշխանության արած նույն ընտրակեղծարարությունների մասին չբարձրաձայնելու մասին հարցին Օհանյանը պատասխանեց, որ միշտ գործել է հանուն գաղափարի և կոնկրետ ինքը միշտ հենվել է դրականի վրա: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նախկինում եղած թերությունները շտկենք, իսկ հիմա թերությունները զարգացում են ապրել»,- հավելել է Սեյրան Օհանյանը:

Օհանյանի կարծիքով` «ՕՐՕ» դաշինքի քվեների մի մասն ինչ-ինչ պատճառներով իրենց չեն հասել:

Չնայած դաշինքը խորհրդարանում չէ, այնուամենայնիվ, Սեյրան Օհանյանի խոսքով, ակտիվ քննարկումների մեջ է և մնալու է քաղաքական դաշտում ու բոլոր հնարավորությունները ներդնելու է հայրենիքին, ժողովրդին և Արցախին ծառայելու:

Այն տեղեկությունները, թե ինքը գնացել էր Ռուսաստան, քանի որ նոր պաշտոնի առաջարկ էր ստացել, Օհանյանը հերքել է եւ պարզաբանել, որ երկրից դուրս է եղել ընդամենը մի քանի օր:

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հարցազրույցներից մեկում չէր բացառել Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու հնարավորությունը, իսկ Սեյրան Օհանյանի համոզմամբ պետք է փորձել, և միայն աշխատանքի արդյունքում կերևա, թե ինչպես կստացվեն համագործակցության այդ ծրագրերը: «Մենք անկասկած համագործակցության եզրեր գտնելու ենք բոլոր առողջ կողմերի հետ, ընդդիմության լայն ձևավորումը հնարավորություն կտա իշխանության վրա ազդել»,- հավելեց Օհանյանը:

Իր կարծիքով՝ խորհրդարանը չի պարունակում հասարակության բոլոր խավերի տեսակետներն ու շահերը, և անպայման անհրաժեշտ է արտախորհրդարանական գործունեություն: Հետագա ծրագրերի պլանավորման համար ժամանակ կունենան. երբ խորհրդարանը գնա արձակուրդի, իրենք կաշխատեն:

«Եթե 25 տարվա մեջ իշխանությանը չի հաջողվել պահպանել զարգացման առաջընթացը, ապա պետք է նոր ուժ, որը վերացնի նաև պետության համար երկու կարևոր սպառնալիք: Առաջինը` կառավարման մշակույթն է, որի մեջ են ռազմական պլանավորումը, գաղափարականությունը, հաշտվետվողականությունը ժողովրդի առջև ու պատասխանատվությունը: Երկրորդը՝ կուսակցական գործունեության ազդեցությունը, քանի որ կուսակցական պատկանելիության պատճառով այսօր կարող են որևէ մեկին աշխատանքի ընդունել կամ հեռացնել: Դա պարտադրում է ոչ ազատ գործունեություն»,- եզրափակել է Սեյրան Օհանյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20