«Համազգայինի» կամ «համահայկականի» սոուսով

- in Կեղտոտ լվացք
67
LGHH

Հայաստանի և Արցախի կուսակցությունները հունիսի 16-18-ը արդեն երրորդ անգամ կհավաքվեն Արցախում՝ «Հայկական կուսակցությունների ֆորումի» շրջանակներում: Արմեն Աշոտյանն ասել է, թե համաժողովի ամենակարևոր նպատակն է Արցախի հողի վրա միավորել այն քաղաքական թիմերին, որոնք մնացյալ հարցերում կարող են ունենալ տարաձայնություններ:

Անկեղծ ասած` ընդհանրական և ոչինչ չասող օրակարգ է: Ընդհանրապես` նման հավաքները հիշեցնում են սովետական անցյալը, երբ «մայր կուսակցության» շուրջ հավաքվում էին ստեղծագործական միությունների ներկայացուցիչները` վարվող քաղաքականության նկատմամբ հանրային աջակցություն բեմականացնելու նպատակով: Դժվար է ասել` այսօրվա կուսակցություննե՞րն են ազդեցիկ, թե՞ այն ժամանակվա միությունները, բայց դրանից սպասվող հավաքի բովանդակությունը չի փոխվելու, ավելի շուտ` դրա բովանդակության բացը չի լրացվելու:

Արցախի հարցում կոնսոլիդացիա ցույց տալ, առավել ևս, այդ նպատակով Ստեփանակերտ հասնելու կարիք չկա: Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր տեղում, առանց բարձրագոչ հայտարարության, ռեալիզացնի իր քաղաքական պատասխանատվությունը: Արցախի համար գործ անելը ոչ թե հայտարարություն է, արցախյան օրակարգով սելֆի, այլ այնպիսի որակի պետության ստեղծում, որը կարողանա պաշտպանել իր քաղաքացիների, արցախցիների անվտանգությունը, ապահովի նրանց բարեկեցությունը:

Երբ պետական կառույցները, կոնկրետ աշխատանքի փոխարեն, իրենց օրակարգը լցնում են նման դատարկ ֆորումներով, ապա բովանդակությունը ստորադասում են ձևին, իրական դիսկուրսը` ազգային միասնության իմիտացիային:

Ի՞նչ կարգավիճակ ունի այս ֆորումը: Եթե այն քաղաքական ուժերի հավաք է, ապա ինչո՞ւ են նաև փորձագետներ հրավիրված, ովքեր ոչ թե PR-ի, այլ մասնագիտական քննարկումների միջավայր պետք է ապահովեն: Եթե իշխանություններն իսկապես մասնագիտական դիսկուրսի անհրաժեշտություն ունեն, ապա սխալ ձևաչափ են ընտրել, առավել ևս` ֆորումը պետք է զերծ պահեն ավելորդ PR-ից:

Կամ ի՞նչ ունեն իշխանություններն առաջարկելու արտախորհրդարանական ուժերին ու փորձագետներին, որ նրանց հասցնում են Ստեփանակերտ, թե՞ իրենք ունեն լսելու անհրաժեշտություն, որովհետև իշխանության կադրային ու մասնագիտական որակները չեն ձգում:

Գուցե այս հարցերին չարժեր անդրադառնալ, բայց մեզանում սովորություն է դարձել գաղափարների ու նախաձեռնությունների արժեզրկումը «համազգայինի» կամ «համահայկականի» սոուսով, և ամենավատն այն է, որ այդ զանազան անօրակարգ ֆորումներն ու համաժողովները քողարկում են պետական մարմինների անգործությունը, համազգային և փորձագիտական հարթակների ձևավորման իմիտացիա են ստեղծում: