Համարյա ազգային-ազատագրական պայքար է մղվում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ

- in Հրապարակ
165
exxv

Մարդ ուղղակի հիանում է, թե ինչպես է ԵԽԽՎ-ում Հայաստանի փոքրաթիվ պատվիրակությունը հանդես գալիս օրինականության դիրքերից` վառ պահելով հայրենասիրական ոգին:

Համարյա ազգային-ազատագրական պայքար է մղվում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ, ով, ըստ էության, զրկվել է երկընտրանքից և` կամ ինքնակամ պաշտոնը պետք է լքի մինչև հունիսի 26-ը, կամ էլ` այդ օրը իմպիչմենթի ենթարկվի ԵԽԽՎ մեկնարկող նստաշրջանում: Մերոնց համար ձեռնտու կլինի, որ Ագրամունտը հեռանա ինքնակամ ու մեր պատվիրակությունը աշխարհով մեկ բարձրաձայնի, որ իր շնորհիվ կոռուպցիոներ իտալացին չմարսեց ադրբեջաբական խավիարը:

Իհարկե, Ագրամունտի մարսողության հետ ամեն ինչ կարգին է ու նրա հրաժարականն էլ պայմանավորված է ոչ թե կոռուպցիոն մեղադրանքներով, այլ չարաբաստիկ «ռուսական հետքով», այն հանգամանքով, որ նա չարաշահել է իր լիազորությունները և ռուսական պատվիրակության հետ մեկնել է Սիրիա ու հանդիպել այդ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ:

Ի դեպ, եթե Ագրամունտը որոշի ինքնակամ հրաժարական չտալ, կարող է ոչ միայն Հայաստանի պատվիրակությանը զրկել հերոսանալու դափնիններից, այլ նույնիսկ նրան խայտառակ, ստորացուցիչ վիճակի մեջ դնել` ստիպելով դեմ քվեարկել իր իմպիչմենտին:

Հայաստանի պատվիրակությունը` չնայած իր այսօրվա բարձրագոչ հայտարարություններին, այդպես էլ կվարվի, եթե Մոսկվայում որոշեն տեր կանգնել սկանդալային իտալացու թասիբին: Նման հեռանկարը վախեցնում, խրտնեցնում է Հայաստանի պատվիրակության անդամներին ու դա է պատճսռը, որ նրանք հույսները դրել են Ագրամունտի «տղամարդ գտնվելու» և հրաժարական տալու վրա:

Ագրամունտը հրաժարական կտա, թե պաշտոնանկ կարվի` դրանից հայաստանցիներին առանձնապես որևէ օգուտ չկա, որովհետև մեր պետական համակարգը վաղուց հարուստ է «Ագրամունտներով», նույնիսկ կարելի է ասել` «Ագրամունտացած» է, բայց նույն հերոսական պատվիրակությունը սեփական երկրում դառնում է հլու-հնազանդների համախումբ, որը, չգիտես ինչու, Ստրասբուրգում չի հանդուրժում կոռուպցիան, բայց Հայաստանում այն ոչ միայն հանդուրժում, այլ խրախուսում է: Չնայած պատճառը հասկանալի ու նույնիսկ ակնհայտ է: Եվրոպական կոռուպցիայի փողերից մեր կուսակցությունները, նրանց կարկառուն պարոններն ու տիկինները չեն օգտվում և Ստրասբուրգում պայքարում են ոչ թե արդարության, այլ փայից իզգոյացածների կարգավիճակով:

Հայաստանում վիճակն այլ է. Ստրասբուրգում «տաք» խոսողները «օբշակից» ունեն իրենց բաժինը: Փողը մարդկանց «պետակականամետ» է դարձնում` դրան գումարած եվրասիական մթնոլորտը: Եվրոպայում կարելի է «գավրոշություն» անել. մթնոլորտն էլ տրամադրում է, փայ տվող էլ` չկա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20