Հայաստանը վաղ թե ուշ կանդամակցի ՆԱՏՕ-ին

- in Կարծիք
72
Nato

«Հայաստանը վաղ թե ուշ կանդամակցի ՆԱՏՕ»-ին,- համոզված է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Պարոն Շահնազարյանի լավատեսությունը մի փոքր չափազանցված եմ համարում` ելնելով ոչ թե աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունից, այլ Հայաստանում հաստատված համակարգի որակից: Սակայն նույնիսկ այս համատեքստում նկատելի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են գոնե դիվերսիֆիկացնել երկրի արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը: ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չեն ձևակերպում Հայաստանի ոչ միայն իշխանություններն, այլ նաև` ընդդիմությունը: Դա վտանգավոր է համարվում Հայաստանի անվտանգության համար: Առանց մանրամասնելու, հենց այս մոտիվն են նշում Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները` վախենալով նույնիսկ բարձրաձայնել, որ սպառնալիքի աղբյուրը հենց Ռուսաստանն է, որը, ի դեպ, ինչպես ցույց տվեց Քառօրյա պատերազմը, վտանգավոր է նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:

Հայաստանի իրավիճակի նրբությունը գիտակցում են նաև ՆԱՏՕ-ում` փորձելով մեր երկրին նախապատրաստել, ըստ էության, հեռանկարային անդամակցության` առանց վտանգելու նրա այսօրվա անվտանգությունը: Բրյուսելում գիտակցում են, որ սարերի հետևում չէ կովկասյան ճեղքման պահը և իրենք են մոտենալու տարածաշրջանին, նաև` Հայաստանին, ու հենց այդ նպատակով բաց են պահում եվրասիական Հայաստանի արևմտյան պատուհանը` մեր երկրին չզրկելով զարգացման հեռանկարից:

Ընդ որում, ՆԱՏՕ-ում կարևորում են Հայաստանի արևմտյան քաղաքականության համապարփակությունը, որը ենթադրում է ինստիտուցիոնալ հարաբերություններ թե՛ ԵՄ-ի և թե՛ ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները սրտանց կողջունեն Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: «Բոլորն են ցանկանում, որպեսզի Հայաստանն ունենա Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու նույնքան հնարավորություններ, որքան ունի մյուս ուղղությամբ»,- ընդգծել է նա` հավելելով, որ սպասում են Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը:

Ապատուրայի ասուլիսը, նրանում հնչած շեշտադրումները հուշում են, որ Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության լուրջ վերանայումների փուլում են: Մյուս կողմից` չենք համարձակվի պնդումներ անել Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքականության մասով, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ Երևանը տրվել է Մոսկվայի բացահայտ կամ քողարկված ճնշումներին` ականջալուր չլինելով Արևմուտքից կամ նույնիսկ հարևան երկրներից եկող ռացիոնալ ազդակներին: