Հայաստանը վերածվել է նույնիսկ ոչ թե Ռուսաստանի, այլ «Գազպրոմի» ֆիլիալի

- in Կեղտոտ լվացք
84
Hayastan

Երեկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը 168.am-ին տված հարցազրույցում վերահաստատել է Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտում խոշոր ներդրումներ կատարելու ամերիկյան մտադրություն-առաջարկությունը:

Դեսպանն ասել է, թե այս խնդրով շարունակում է բանակցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ դիվանագիտորեն ակնարկելով, որ նախաձեռնության ընթացքը պայմանավորված է հայկական կողմի արձագանքով:

Իսկ մեր կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել Միլսի առաջարկությանը, թեև դեսպանը ութ միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի համար առաջ էր քաշել միայն տնտեսական ազատ մրցակցության նախապայման, որն, ի դեպ, ոչ թե արտաքին պարտադրանք է, այլ ՀՀ Սահմանադրության պահանջ ու նաև խոստում, որն ընկած է Սերժ Սարգսյանի, ՀՀԿ գրեթե բոլոր նախընտրական ծրագրերի, Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հիմքում: Մյուս կողմից՝ ներդրումային նման գրավիչ առաջարկ Հայաստանը չի ստացել և չի կարող ստանալ ոչ Կարեն Կարապետյանի կիսակրիմինալոտ Ներդրողների ակումբից և ոչ էլ Սերժ Սարգսյանի այցելած Կատարից, որն այսօր իր բնակչության կենսական կարիքները հոգում է Իրանից ստացվող սննդամթերքի հաշվին:

Բայց թերևս Կարեն Կարապետյանը հապաղելու և նույնիսկ ամերիկյան առաջարկը մերժելու այլ՝ ավելի խորքային պատճառներ ունի: Օրինակ՝ եթե ամերիկյան ներդրումներն իրականություն դառնան, Հայաստանը կթոթափի «Գազպրոմի» էներգետիկ կախվածությունը, ինչը Կարապետյանի հարազատ «կոնտուրային» կզրկի գերշահույթների, իսկ Ռուսաստանին՝ Հայաստանի նկատմամբ շանտաժի և պարտադրանքի քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից:

Մեկ այլ խնդիր էլ կա՝ ամերիկյան ներդրումները նոր բիզնես մշակույթ են բերելու Հայաստան, ինչը մահացու հարված է քրեաօլիգարխիայի համար: Եթե Կարեն Կարապետյանը մերժում է ամերիկյան առաջարկը, ուրեմն քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի պահպանման ջատագով է՝ չնայած մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագոչ հայտարարություններին:

Բայց եթե Կարեն Կարապետյանի պարագան հասկանալի է՝ մարդն, ի վերջո, «Գազպրոմով» է մարդամեջ դուրս եկել ու օլիգարխ դարձել, ապա անհասկանալի է քաղաքական մյուս ուժերի լռությունը: ԱԺ-ում որևէ կուսակցություն չունի քաղաքական կամք ազատվելու Ռուսաստանի էներգետիկ և, հետևաբար, քաղաքական կախվածությունից: Գուցե այս հանգամա՞նքը, չարդարացված սպասելի՞քն էր երեկ Միլսին տարել «Ելք» դաշինք:

Տխուր է խոստովանելը, բայց Հայաստանը վերածվել է նույնիսկ ոչ թե Ռուսաստանի, այլ «Գազպրոմի» ֆիլիալի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20