Հայաստանի երկընտրանքն է՝ ազատագրվել ռուսական կախվածությունից և դառնալ իրապես ինքնիշխան երկիր

- in Տնտեսական
Gaz

Թերևս պատահական չէ, որ Հայաստան «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի վերջին այցից հետո երեկ մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հերթական անգամ բարձրաձայնել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ դոլարի ներդրումների թեման:

Այս անգամ դիվանագետն ավելի հանգամանալից է խոսել և, ըստ էության, բացահայտել է ամերիկյան հնարավոր ներդրումների թիրախները: «Այդ թիվն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել այստեղ, եթե շուկաները, հատկապես էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն, ինչպես նաև չլինեն խոչընդոտներ դեպի Վրաստան, Իրան և հարավային ուղղությամբ էներգիայի արտահանման համար: Դա շա՛տ, շա՛տ կարևոր է, և պետք է ենթակառուցվածքներ ստեղծված լինեն դրա համար»,- ասել է դեսպան Միլսը:

Դժվար չէ նկատել, որ Միլսն, ըստ էության, խոսում է երկու առանցքային փոխկապակցված թեմաների՝ Հայաստանի էներգետիկ համակարգի, հետևաբար տնտեսության ազատականացման անհրաժեշտության մասին, որը բանալի է ռուսական էներգետիկ կախվածությունը թոթափելու և մեր երկրի փակվածությունը հաղթահարելու համար:

Միլսի ասածի տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանը պետք է փոխի իր էներգետիկ համակարգը՝ շեշտը դնելով վերականգնվող էներգետիկայի վրա, ինչը, բնականաբար, անհնար է առանց ռուսական ընկերությունների հետ միջպետական պայմանագրերը վերանայելու:

Արդյոք Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են նման հեղափոխական լուծումների, որոնք մի կողմից՝ ամբողջովին փոխելու են Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ այն ձերբազատելով հայկական և ռուսական օլիգարխիայի կեղեքիչ կապանքից, մյուս կողմից՝ ըստ էության, ռուսական էներգետիկ կախվածությունը հաղթահարելու միջոցով նպաստելու են Հայաստանի ազատագրմանը:

Պատասխանը գրեթե կանխատեսելի է՝ ոչ, որովհետև նման որակյալ ներդրումն անխուսափելիորեն փոխելու է նաև Հայաստանի քաղաքական համակարգի, տնտեսության կառուցվածքը՝ դրանցում մեծացնելով մրցակցության, համակարգի ճնշումներից ազատ քաղաքացիների դերակատարությունը, որն անխուսափելիորեն հանգեցնելու է անմրցունակ իշխանության հեռացմանը:

Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը չունի Ռուսաստանի գաղութային քաղաքականությանը հակադրվելու խիզախություն անգամ լոկալ՝ տարածաշրջանային հարցերում, և դժվար է ենթադրել, որ կգնա հայ-ռուսական վասալային հարաբերությունները վերանայելու համապարփակ լուծումների:

Ըստ ամենայնի, ամերիկյան առաջարկների տագնապն էր Երևան բերել «Գազպրոմի» նախագահ Միլլերին, ով Հայաստանում, ըստ ամենայնի, հավատարմության հավաստիացումներ է ստացել Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգից:

Այս ֆոնին կրկնվում է Միլսի առաջարկը՝ երկընտրանքի առաջ դնելով Հայաստանի իշխանություններին: Սա, ըստ էության, Հայաստանի երկընտրանքն է՝ ազատագրվել ռուսական կախվածությունից և դառնալ իրապես ինքնիշխան երկիր կամ վերջնականապես վերածվել ռուսական ծայրագավառի: