Հայաստանի իշխանությունն այժմ վտանգի ազդանշան է տալիս

- in Հրապարակ
serzh-sargsyan

Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ արդեն բավական հայտնի հայտարարություններին իշխանության արձագանքը, բացի ներքին շերտերից, ունի թերևս մեկ այլ խորհրդանշական շերտ: Այդ արձագանքը SOS է կամ դրա հաշվարկ:

Ինչու է իշխանությունը Սվիտալսկուն մեղադրում ներքին գործին միջամտելու համար: Ւշխանության ներկայացուցիչներն իրենք էլ անկասկած լավ պատկերացնում են, որ չկա որևէ միջամտության հարց, քանի որ հնչել է ընդամենը խորհուրդ, այնպիսի մի խորհուրդ, ինչպիսին, օրինակ, իշխանությանը տալիս են միջազգային տարբեր կառույցներ, երբ մշակվում են զանազան օրինագծեր: Չէ՞ որ Հայաստանի իշխանությունն ինքն է գնում Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակտի, լսում խորհուրդները, ընդունում դրանց մի մասը, մյուս մասը՝ թողնում, մերժում: Նույն կերպ կարող էր լինել վերաբերմունքը դեսպան Սվիտալսկու խորհրդին:

Բայց այստեղ իշխանությանը հուզողը, ինչպես առիթ ենք ունեցել նշելու, ամենևին էլ հայտարարության, այսպես ասած, ներքին գործին միջամտելու հանգամանքը չէ, այլ քաղաքական տողատակը: Եվրամիության դեսպանը հստակ մատնանշել է այն, որ Բրյուսելի համար ապրիլի 2-ի ընտրությունը ոչ միայն բավարար չէ, ոչ միայն չի փակում հարցերը անգամ հետընտրական գրեթե աննախադեպ «լեգիտիմության» պայմաններում, այլև ընդամենը սկիզբն է այն ավելի խորքային սպասումների, որ կան Հայաստանի իշխանությունից:

Հայաստանի իշխանությունը հույս ուներ ապրիլի 2-ի ընտրությունը խաղաքարտ դարձնել Եվրամիության հետ հարաբերություններում ավելի կոշտ դիրքերի համար, սակայն Եվրամիությունը փաստորեն անցնում է հակագրոհի, և ինքն է ապրիլի 2-ը իր ձեռքին վերածում խաղաքարտի՝ խոսելով արժանահավատության մասին: Ապրիլի 2-ին 10 հազար դրամ տալով և մի կողմ հրելով հասարակությանը՝ իշխանությունը ոչ թե մենակ մնաց, այլ փաստորեն մնաց Եվրամիության հետ դեմ դիմաց: Սվիտալսկու հայտարարությունը ընդամենը ազդարարեց այդ փաստը, ինչն էլ անկասկած իշխանության համար շոկ էր:

Այստեղ է «ներքին գործին միջամտելու» մասին ինքնապաշտպանական հայտարարությունների ամբողջ հիմքը, որ այդ հայտարարությունները դարձնում են «աղետի» SOS ազդանշան: Իսկ ո՞ւմ են ուղղված այդ ազդանշանները: Իհարկե, Ռուսաստանին: Ահա թե ինչու է իշխանությունը հակադարձում հենց այդ՝ ներքին գործերին միջամտելու բովանդակությամբ. Ռուսաստանի ուշադրությունը գրավելու համար:

Բանն այն է, որ Հայաստանում ներքին գործերին միջամտելու իրավասություն ունի Ռուսաստանը, իսկ Եվրամիությունը կարող է լինել միայն դոնոր, գործընկեր, այսպես ասած՝ «կողմնակի եկամուտ» Հայաստանի համար, հատկապես, երբ Ռուսաստանը ունի տնտեսական խնդիրներ և չի կարող կրել նաև Հայաստանի սոցիալական բեռը:

Մյուս կողմից՝ Ռուսաստանը ներկայումս այնքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի ներքին անցուդարձով, քանի որ այստեղ չի տեսնում էական վտանգներ, գործնականում ապրիլի 2-ին տեղի չունեցավ կարևորը՝ Հայաստանում չձևավորվեց խորհրդարանում ներկայացված արևմտյան բևեռ, որը կդիվերսիֆիկացներ Հայաստանի գերպրոռուսական քաղաքական դաշտն ու համակարգը: Այնպես որ, Ռուսաստանի մոտ ներկայումս ներքին խնդիրների հանդեպ կա ընդհանրապես անտարբերություն:

Հայաստանի իշխանությունն այժմ վտանգի ազդանշան է տալիս, վտանգի իմիտացիա է անում Ռուսաստանի ուշադրությունը գրավելու և այդպիսով Եվրամիության հարցադրումներից պաշտպանվելու համար, քանի որ Ռուսաստանի համար Հայաստանի «ներքին գործերին միջամտելու» մենաշնորհը չափազանց զգայուն խնդիր է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20