Հայաստանում արձանագրվել է իշխանության ու ընդդիմության չգոյությունը, վակուումը

- in Հասարակություն
dzerq

Եթե որևէ երկրում որևէ քաղաքական ուժ խորհրդարանի ընտրությունից հետո ստանում է միանձնյա մեծամասնություն, ապա այդ ուժին այլևս ոչինչ չի խանգարում ուղղակի ձեռնամուխ լինելու լայնածավալ բարեփոխումների և գրեթե հեղափոխական լուծումներով նախաձեռնությունների՝ երկրի աղետալի թե՛ տնտեսական, թե՛ դեմոգրաֆիական խնդիրները հաղթահարելու և այդպիսով անվտանգության մարտահրավերները արագորեն չեզոքացնելու համար: Հայաստանն այն պետությունն է, որին անհրաժեշտ են այդ հեղափոխական լուծումները:

Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը իրականում հեղափոխական լուծումների նախադրյալ է, բայց դրանք չկան: Ավելին, ոչ միայն լուծումներ չկան, այլև Հայաստանում տեղի է ունեցել արտառոց մի երևույթ՝ Հայաստանում ընտրությունից հետո իշխանություն չկա: Ոչ կեղծիքով, ոչ օրինական ընտրությամբ ընտրված, ձևավորված իշխանություն չկա: Նախկինում գոնե լինում էր ընտրակեղծիքներով ձևավորված իշխանություն: Այժմ ընտրակեղծիքներ եղել են, բայց իշխանություն չկա:

Էլ ինչպե՞ս է լինում անիշխանությունը, երբ մի ամբողջ պետություն կախվում է 2018-ի խնդրի վրա, երբ պարզ չէ, թե իրականում ով է երկրում որոշումներ կայացնում, քաղաքականություն մշակում՝ Սերժ Սարգսյա՞նը, որ մի քանի ամիս հետո այլևս նախագահ չի լինելու, Կարեն Կարապետյա՞նը, որ դե յուրե վարչապետ է, իսկ դե ֆակտո հայտնի չէ, թե ինչ, Սամվե՞լ Կարապետյանը, որի տնտեսական և քաղաքական հավակնությունները Հայաստանում նույնպես անհասկանալի են ու անորոշ, թե՞ որոշումները կայացվում են բոլորովին այլ տեղ՝ Վաշինգտոնում, Մոսկվայում կամ Բրյուսելում, կամ մեկ այլ տեղ:

Ընտրությունից հետո Հայաստանում գծագրվում է նպատակների ոչ թե առաջիկա հնգամյակի ճանապարհային քարտեզը, այլ առաջիկա 23 տարիների՝ առաջնորդվելով, թերևս, ինչպես ժողովուրդը կասի՝ մինչ այդ «յա էշը կսատկի, յա իշատերը» տրամաբանությամբ կամ ակնկալիքով:

Սրան զուգահեռ՝ Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրության արդյունքում չի ձևավորվել նաև ընդդիմություն: Հինն անցել է, նորը դեռևս չկա, համենայնդեպս՝ բովանդակային և ուղենշային իմաստով: Խնդրի առկայությունը դրսևորվում է այսօր, երբ մենք դիտարկում ենք, թե հրապարակի վրա ինչով են զբաղված կամ ինչով են փորձում հանրային տպավորություն գործել երկու ամենաակտիվ ուժերը՝ ԵԾ-ին ու «Ելք»-ը: Երկուսի դեպքում էլ գործնականում առայժմ էպոտաժային տրամաբանություն է, ԵԾ-ի դեպքում՝ կոշտ, ագրեսիվ էպոտաժ, «Ելք»-ի դեպքում՝ փափուկ էպոտաժ, ասենք՝ Սերժ Սարգսյանի ելույթը բոյկոտելով կամ ոտքի չկանգնելով:

Այդպիսով, խորհրդարանի ընտրության արդյունքում Հայաստանում արձանագրվել է իշխանության ու ընդդիմության չգոյությունը, վակուումը: Հայաստանում ապրիլի 2-ից հետո անիշխանություն է և անընդդիմություն: Դրանցից ո՞րը ավելի շուտ կձևավորվի Հայաստանում, եթե, իհարկե, ձևավորվի ընդհանրապես՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Թեև, ավելի ճիշտ կլինի թերևս ասել, որ իշխանություն կլինի այն, որը կձևավորվի առաջինը, և հետևաբար մյուսի ձևավորման դեպքում դա կլինի ընդդիմություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20