«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստն այսօր դեռ չսկսված՝ ամբաստանյալների, ոստիկանների և կարգադրիչների միջև ընդհարում է տեղի ունեցել: Ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին, Մխիթար Ավետիսյանին բռնություն կիրառելով՝ հեռացրել են դատական նիստերի դահլիճից: Փաստաբանների պնդմամբ` իրենց պաշտպանյալներին անգամ խոշտանգել են:

Լարվածությունը վերագրել միայն նրան, որ ընթանում է աղմկահարույց դատավարություն՝ պարզունակ և մակերեսային բացատրություն կլինի: Ի վերջո, Հայաստանն աղմկահարույց դատավարությունների հարուստ փորձ ունի, և հանրային ու քաղաքական կրքերը շատ ավելի թեժ են եղել «Դրո»-ի, «31»-ի, «Հոկտեմբերի 27»-ի, «7»-ի գործերով դատավարությունների ժամանակ, սակայն, բոլոր դեպքերում, իշխանություններին հաջողվել է վերահսկելի վիճակ ապահովել դատական նիստերի դահլիճում և անցկացնել բնականոն դատավարություններ` գոնե ֆորմալ առումով:

Նույնն, անկասկած, հնարավոր է անել «Սասնա ծռերի» պարագայում, սակայն նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ իշխանությունները գնում են անհարկի սրման և էսկալացիան նրանց պետք է ոչ թե այդ գործի հետ կապված, այլ միանգամայն այլ հարթությունում:

Բանն այն է, որ Հայաստանում գործող համակարգը չի ենթարկվում բանական որևէ օրինաչափության և գոյություն չունեն ռացիոնալ մոտիվներ, օրակարգ, որոնցով հնարավոր լինի կոնսոլիդացված պահել համակարգը: Խորհրդարանական ընտրություններից հետո համակարգի ներսում անխուսափելի էին ճաքերի առաջացումը, մանավանդ, երբ դրան նպաստում էր նաև ռեյտինգային ընտրակարգը, որն իրար դեմ էր հանել իշխանության տարբեր խմբավորումների:

Սրան հավելենք այն հանգամանքը, որ համակարգը չի դիմանում անորոշության ցեցին, որովհետև օդում է մնում 2018-ի իշխանության հարցն, ինչի հետ կապված ներհամակարգային վերադասավորումները քաոտիկ բնույթ են ստացել: Մյուս կողմից` բացակայում է այնպիսի ընդդիմությունը, որն իրական մարտահրավեր կլիներ իշխանությանը, նրա գոյությանը, խմբակային կամ տնտեսական շահերին:

Այս համատեքստում իշխանությունն էսկալացիա է առաջացնում «Սասնա ծռերի» գործի շուրջ` արտահամակարգային մարտահրավերի հիմքով համակարգը կոնսոլիդացնելու նպատակով: Պատահական չէ, որ ընտրված է հենց այս դատավարությունը, որովհետև «Սասնա ծռերի» սպառնալիքը դեռևս թարմ է իշխանության իրար հոշոտող խմբավորումների համար, և նրանք կարող են ժամանակավոր «զինադադար» կնքել նկատվող էսկալացիայի ֆոնին:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.