Հայաստանում սկսվում է քաղաքականության ճահճացման փուլը

- in Հրապարակ
139
pastar

Եվս մեկ-երկու խորհրդարանական արտահերթ նիստեր, որոնց ընթացքում կհաստատվի կառավարության ծրագիրը, ու քաղաքական դաշտը կանցնի արձակուրդային ռեժիմի:

Լարված ընրական ցիկլը, խորհրդարանի ու Երևանի ավագանու ընտրությունները թույլ հույսեր էին ծնում, որ կունեանք գոնե փոքր-ինչ փոխված քաղաքական իրավիճակ, կլսենք նոր գաղափարներ, մտքեր, հասարակությանը կտրվեն նոր մեսիջներ: Նման բան տեղի չունեցավ: Այս ընտրություններն ամրագրեցին իշխանական ստատսուս-քվոն` բաց թողելով բուն իշխանության ձևավորմսն հարցը և ձևակերպելով հասարակության ամբողջական մեկուսացումն այդ գործընթացից:

Հայաստանում սկսվում է քաղաքականության ճահճացման, ստագնացիայի փուլը և արդար չէ դա միայն կապելը ամռան ամիսների, հանգստի շրջանի հետ, որովհետև, դրանցից անկախ, բացակայում է քաղաքական օրակարգը: Չգիտենք` ինչպես է կապիտալացվելու ՀՀԿ-ի, այսպես կոչված, հաղթանակը: Ինչ կապ ունի ընդհանրապես այդ հաղթանակը պետության և ժողովրդի հետ, եթե դրան չհաջորդեց որևէ ռացիոնալ գաղափար, իդեա, որոնք առաջիկա չորս-հինգ տարում պետք է միավորեն հասարակությանը: Չի երևում որևէ նախադրյալ, որ թվացյալ այդ հաղթանակը ծառայեցվելու է պետության նոր որակի ստեղծմանը, որովհետև համակարգի ներսում իշխանության համար ծավալվսծ և նոր թափ հավաքող հակադրությունը չունի որևէ քաղաքական բաղադրիչ, չի շոշափում երկրի զարգացման հեռանկարի հետ կապված որևէ խնդիր: Գործ ունենք պալատական գզվռտոցի հետ, որի տարբեր փուլերում կլինեն պաշտոնանկություններ և սեփականության բաժանումներ, ընտրողաբար արվող կոռուպցիոն բացահայտումներ և բեմականացված սկանդալներ, այսինքն` այն ամենը, ինչը կապված է ներիշխանական խարդավանքների հետ, աղմուկ, որը որևէ կերպ չի սասանի կոռուպցիայի և մենաշնորհների հիմքերը և գործընթաց, որն աղերս չունի պետության զարգացման հետ:

Ըստ էության, քաղաքական պարապուրդի մեջ է լինելու նաև խորհրդարանական ընդդիմությունը, որը համարում է, թե պատասխանատվություն չի կրում «ծախված» հասարակության առաջ: Վտանգավոր մի մտայնություն, որը միտված է զրոյացնելու ընդդիմության պատասխանատվությունը, մեղքը, որովհետև եթե ընտրական գործընթացի ժամանակ, դրանից առաջ և հետո, հասարակությանը չի առաջարկվում որևէ գաղափար, ծրագրային «ապրանք», որն ավելի արժե տաս հազար դրամից կամ գոնե կարևորեր հրաժարումն այդ տաս հազար դրամից, ապա հասարակության «ծախվածության» համար պատասխանատու է ոչ միայն նրան «գնած» իշխանությունն, այլ նաև այն ընդդիմությունը, որ «էժանով» օտարել է նույն այդ հասարակությանը` հանուն թվացյալ հաղթանակի ու մի քանի մանդատների:

Որևէ բովանդակային ազդակ չկա նաև անբանակ մնացած գեներալից կամ հասարակությանը խաղաղության կարգախոսով «կապիտուլացնող» առաջին նախագահի թիմից: Հունիսի 8–ին մեկնարկում է «Սասնա ծռերի» տասնչորս անդամների դատավարությունը, այդ օրը լինելու է նաև «ծռության» երթ:

Ահա, թե ամռան ամիսներին ինչով է լցվելու քաղաքական վակուումը: Դարձյալ «Ծռության» հարցը բերվելու է օրակարգ` որպես հետևանք գործող համակարգի անորակության և անտաղանդության, նաև` որպես ահազանգ, որ «Ծռությունը» մնում կենսունակ, քանի կան դրա ծնողները` ցինիկ և զոռբա իշխանությունը ու նվնվան և «էգ» ընդդիմությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20