Հետապրիլյան փոփոխությունների դանդաղ տեմպը ժամացույցը կմիացնի հաստատ

- in Կարծիք
78
paterazm

Միջազգային ճգնաժամային խմբի վերջերս հրապարակած զեկույցը աշխուժացրել է քննարկումները հայ-ադրբեջանական նոր պատերազմի շուրջ: Խումբը հրապարակել է 40-էջանոց մի զեկույց, որտեղ, ըստ էության, նոր ոչինչ չկա, կա պարզապես անցած իրադարձությունների համադրում, այսպես ասած՝ քրոնիկոն, և եզրակացություն, որ Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում:

Մեծ հաշվով՝ անցնող իրադարձությունների, երկու կողմերի, նաև տարբեր այլ աղբյուրների հայտարարությունների համադրումից «պատերազմական եզրակացություն» ստանալն այնքան էլ բարդ բան չէ և, ըստ էության, չի պահանջում Արցախյան խնդրում հատուկ մասնագիտացում: Հետևաբար, եթե խոսքն այսպես ասած՝ հատուկ մասնագիտացվածության հավակնությամբ ներկայացող կառույցի մասին է, ապա այդ կարգավիճակը պահանջում է այդօրինակ եզրակացությունների համար շատ ավելի համոզիչ փաստական հիմքեր և փաստարկներ, քան ընդամենը քրոնիկոնի վրա արվող եզրակացությունը: Այլ կերպ ասած՝ խոսքը դե ֆակտո ոչ թե զեկույցի, այլ քրոնիկոնի մասին է: Այսինքն՝ գործ ունենք կամ «մի բաժակ ջրում փոթորկի», կամ «սուրճի բաժակի գուշակության» հետ, երբ, ասենք, նայվում է բաժակն ու ասվում, որ մեջը Պ տառ կա՝ պատերազմ կլինի: Դա չի նշանակում, որ պատերազմ չի լինի, բայց եթե խոսքը հավանականության մասին է, ապա այն դույզն իսկ փոքր չէր, քան մինչև Միջազգային ճգնաժամային խմբի քրոնիկոնը, որը, չգիտես ինչու, ներկայացվում է իբրև զեկույց: Ավելին, երբ խոսում ենք պատերազմի մասին, այստեղ թերևս անհրաժեշտ է կատարել մի շտկում՝ պատերազմ արդեն կա, ընդ որում՝ երկու տասնամյակ: Խոսքն այն մասին է, թե արդյոք այն խրամատային վիճակից կանցնի՞ լայնածավալ ռազմական գործողությունների, գրոհների, հրիթռակոծումների մասշտաբի:

Ընդ որում, երբ խոսք է գնում այդ մասին, հարկ է տարբերակել տեսական և գործնական ասպեկտները: Տեսականում պատերազմ կարող է լինել նույնիսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Երկու պետությունները խրամատավորված չեն, բայց նրանց միջև լարվածությունը տեսականում ստեղծում է իրադարձությունների զարգացման նաև այդ տարբերակի դիտարկման նախադրյալ՝ ուղիղ, թե միջնորդավորված: Տվյալ պարագայում օրինակը մի փոքր ծայրահեղացված կերպով ներկայացնելու իմաստն այն է, որ ընդգծվի՝ Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում առավել ևս մեծ խելք պետք չէ պատերազմի հավանականություն տեսնելու համար՝ երկու երկրները գործնականում պատերազմի մեջ են: Այլ հարց է, թե ինչքանով է մեծ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը:

Այստեղ արդեն իրավիճակն անհրաժեշտ է դիտարկել մի շարք՝ տասնյակից ավելի ասպեկտների և չափանիշների պրիզմայով՝քիչ թե շատ կոմպետենտ եզրակացություն անելու համար, ինչը իսպառ բացակայում է մեծ աղմուկ հանած «զեկույցում»: Խոսքը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի երկրների տրամադրությունների, շահերի, Ադրբեջանի հետ հարաբերության, Կովկասի ռազմավարության, անգամ Վրաստանի հետ կապված հեռանկարների մասին է, թե՛ հայ-ռուսական հարաբերության, թե՛ Իրանի խնդիրների, թե՛ անգամ Թուրքիայի ներքին ու արտաքին իրավիճակի: Խնդիրների ահռելի մի բազմություն, որոնք մեկ առ մեկ դիտարկելու դեպքում է հնարավոր ասել, թե ինչքանով է հավանական մոտալուտ մասշտաբային էսկալացիան:

Ամենաառանցքայինն իհարկե այն է, թե Հայաստանն ինչքանով է պատրաստ պատերազմի: Որքան Հայաստանը պատրաստ է, այդքան Ադրբեջանը մնալու է զսպված: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Որքան Հայաստանը պատրաստ է, այդքան աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն են զսպելու Ադրբեջանին: Սա էլ այդ ճշմարտության մյուս մասն է: Անկասկած է, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն անհամեմատ ավելի պատրաստ է Ադրբեջանի որևէ սադրանք դիմագրավելուն և հետ մղելուն, քան ապրիլից առաջ: Հայաստանը անհամեմատ ավելի պատրաստ է, չնայած ապրիլից հետո կարելի էր, հնարավոր էր և պետք էր անել անհամեմատ ավելի շատ և խորքային քայլեր Հայաստանը որակապես փոխելու համար: Իշխանությունը չարեց այդ քայլերը և ավելի շատ իրավիճակն օգտագործեց 2017-18-ի վերարտադրության ցիկլը առավել սահուն անցնելու համար: Մեծ հաշվով, դրանից հետո Հայաստանն այդ առումով գտնվում է որոշակի լճացած կամ նույնիսկ ստագնացիոն վիճակում, և իշխանությունն ակնհայտորեն ամբողջությամբ տրվել է արդեն ներիշխանական պայքարի ինտրիգներին ու խարդավանքներին: Իսկ դա արդեն մտահոգիչ է, որովհետև խոսքն արդեն ոչ միայն հետապրիլյան փոփոխությունների դանդաղ տեմպի ռիսկի մասին է, այլ ավելին՝ հետ գնալու ռիսկի մասին: Իսկ դա պատերազմի ժամացույցը կմիացնի հաստատ: