Հնարավոր առաջացնել արձագանք, գործի գցել իշխանության «նյարդերը»

- in Հրապարակ
97
AJ

Հայաստանի խորհրդարանի առաջին նիստերը հստակ ցույց տվեցին, որ պատրանք է այն մտայնությունը, թե ՀՀԿ-ն միանձնյա մեծամասնության, ՀՅԴ հետ կոալիցիայի և առավել ևս Ծառուկյան դաշինքի երկրորդ ուժ լինելու պայմաններում խորհրդարանում որևէ լուրջ անելիք կարող է ունենալ որևէ այլ ուժ, լինի այն միակ ընդդիմություն, թարմ ընդդիմություն, թե որևէ այլ տեսակի ընդդիմություն:

Ընդ որում, այստեղ արդեն կարևոր չէ, թե ինչ է տվյալ ընդդիմության անունը: Հայաստանի խորհրդարանի աշխատանքի առաջին դրսևորումները վկայեցին, որ իրականում Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե քաղաքական մշակույթի, համակարգի, տրամաբանության փոփոխություն, այլ ներհամակարգային խաղի կանոնների, որոնց միջոցով համակարգը փորձում է դառնալ նոր իրողություններին առավել ադապտացված, առավել ճկուն, միաժամանակ հանրային պահանջներից առավել պաշտպանված:

Դրան զուռագեռ, նաև հասարակական պահանջարկ ձևավորող: Այլ կերպ ասա, եթե իշխող համակարգը երկու տասնամյակ շարունակ փորձում էր լուծել ընդամենը վերարտադրության և դրա փուլից փուլ հնարավորինս անվտանգ գոյության խնդիրներ, ապա այժմ արդեն դրված առաջնահերթությունները ավելի լայն են ու խորը և համակարգը գործնականում այդ խնդիրներն այլևս դարձրել է գերազանցապես տեխնիկական և հիմա փորձում է ձևավորել  ներքին մրցակցության մեխանիզմը:

Այսինքն, ինստիտուցիոնալացնելով դրսից անխոցելիությունը, իշխող համակարգն այժմ փորձում է ինստիտուցիոնալացնել անխոցելիությունը նաև ներսից: Այդ գլխավոր խնդիրն իհարկե ուղեկցվում է շարունակվող շահերի բախումով, իշխանության լծակների և կապիտալի համար մղվող պայքարով, որն արդեն ավելի մանրամասն մակարդակում անձնավորվում է, բաղդատվում անձնական շահերի և ծրագրերի միջև: Սակայն, քանի որ դրսից անխոցելիության հարցում իշխանությունը եկել է կոնսենսուսի և լուծել խնդիրը, ներքին հարցերն այլևս լուրջ սպառնալիք չեն՝ կարճաժամկետ հատվածում:

Ներքին հարցերը կարող են լուրջ սպառնալիքի վերածվել և արտաքին պաշտպանական շերտը կսկսեն քայքայել այն դեպքում, երբ տևական ժամանակ չհաջողվի ինստիտուցիոնալացնել պաշտպանական մեխանիզմները ներսում, գտնել փոխադարձաբար անվտանգ և տանուլ տալու դեպքում ոչ ճակատագրական մրցակցության բանաձևերը, պայմանավորվածության անկյունաքարերը: Համակարգը գործնականում դադարել է հաշվի առնել դուրսը, կամ դիտարկել ընդամենը որպես հանդիսատես, այն էլ ընտրության հնարավորություն չունեցող հանդիսատես:

Այդ իրավիճակը փոփոխության հեռանկար ունենալ կարող է ոչ թե խորհրդարանում, կամ Երևանի Ավագանում՝ առավել ևս որևէ մեկի կյանքը «դժողքի վերածելու» միջոցով, այլ Հայաստանի ամբողջ տարածքում՝ ամենօրյա աշխատանքով, մարդու, մարդկանց, խմբերի, շերտերի հետ: Ընդ որում, նրանց ոչ թե հեղափոխության կամ իշխանափոխության, այլ ինքնափոխության տրամադրելով: Ավելին, մարդկանց անհրաժեշտ է դուրս բերել իշխանափոխության այլևս իռացիոնալ և իներցիոն սպասման թմբիրից և ձևավորել հանրային կյանքի նոր, մասշտաբով կամ հնչեղությամբ գուցե ավելի փոքր, սակայն օգտակար գործողության գործակցի տոկոսային հարաբերակցությամբ ավելի մեծ և կարևոր նշանակություն ունեցող մոտիվացիաներ: Խորհդարանը կամ Ավագանին կարող են լինել այդ գլխավոր խնդրի օժանդակ գործոն: Այդ դեպքում դրանցում ներկայությունը կարող է իմաստավորվել, ինքնախաբեությունից կամ քաղաքական-կուսակցական շահի նկատառումներով պայմանավորված հանրային գիտակցության մանիպուլյացիայից վերածվելով կոնկրետ գործունեության դաշտի:

Ամբողջ հարցն այն է, որ այդ դեպքում տվյալ տիրույթներում գործունեությունը նախ կունենա ձևակերպված խնդիր, հետո՝ կլինի այդ խնդրին համարժեք: Այդ դեպքում կա հնարավորություն ձևավորել հանրային-քաղաքական զուգահեռ համակարգ, քայլ առ քայլ, ձնագնդիի էֆեկտով, որի գոյության հետ հաշվի չնստել իշխանությունը իր համակարգով չի կարող: Այդ դեպքում ամենևին չի լինի կարիք նաև ԱԺ ամբիոններ կամ այլ հարթակներ զբաղեցնել իշխանությանը հազարերորդ անգամ քաղաքական մշակույթի դասախոսություն կարդալու համար, ընդդիմությանը մեկ հանձնաժողով տալու, ընդդիմությանը հաշվի առնելու, լսելու, ելույթի համար մի քանի րոպե ավելի տալու հորդորներ կամ կոչեր անելու համար: Այդ ամենը վաղուց այլևս քաղաքականություն չէ, առավել ևս Հայաստանում: Այդ ամենը քաղաքականության նենգափոխում է, կամա, թե ակամա:

Իշխանությունը համակարգ է, որը գործում է շատ հստակ ձևավորված շահերով, ոչ թե խղճի մտոք, ոչ թե քմահաճույքով, բարեգործությամբ կամ մարդասիրությամբ: Այդ ամենի տեղը Ավրորա մրցանակաբաշխությունն է, ոչ թե քաղաքականությունը: Թեև Ավրորայում այդ ամենն արվում է առավել պրոֆեսիոնալ, առավել հասկանալի, առավել համարժեք և ներդաշնակ այն խնդիրների համեմատությամբ, որ իրենց առաջ դրել են մրցանակաբաշխության նախաձեռնողներն ու կազմակերպիչները, հստակ սահմանելով նպատակն ու կատարելով դրան տանող քայլերը: Իշխանությունը համակարգ է, որի կենսունակությունը պայմանավորված է շահերով, հաճախ այո՝ կոշտ ու նույնիսկ դաժան շահերով: Բայց, այդ իշխանությանը որևէ բանի բերելու համար պետք է ձևավորել իրավիճակ, որը շոշափում է այդ շահերը: Միայն այդ դեպքում է հնարավոր առաջացնել արձագանք, գործի գցել իշխանության «նյարդերը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20