Մակրոնի շարժումը կվերահսկի Ազգային ժողովում ձայների բացարձակ մեծամասնությունը

- in Ընտրություններ
Makron France

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» շարժման թեկնածուներն Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների արդյունքում ստացել են խորհրդարանի ստորին պալատում 577 տեղերից 308-ը, ևս 42 մանդատ ստացել են դաշնակից MoDem («Դեմոկրատական շարժում») կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին են վկայում երկրի ՆԳՆ վերջնական տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Այսպիսով՝ Մակրոնի շարժումը կվերահսկի Ազգային ժողովում ձայների բացարձակ մեծամասնությունը։

Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունը ստացել է 113 պատգամավորական մանդատ, Սոցիալիստական կուսակցությունը՝ 29, աջ կենտրոնամետ «Դեմոկրատների և անկախների միությունը»՝ 18, Ժան-Լյուկ Մելանշոնի «Աննվաճ Ֆրանսիան»՝ 17, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը՝ 10, Մարին Լե Պենի «Ազգային ճակատը»՝ 8 մանդատ։

Ընդամենը մեկ տարի առաջ Էմանուել Մակրոնը ձևավորեց «Առաջ Ֆրանսիա» կուսակցությունը, որը համոզիչ հաղթանակ տարավ Ֆրանսիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում:

Արդեն ամփոփվել են երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները. Մակրոնի կուսակցությունը դաշնակից «Դեմոկրատական շարժման» (MoDem-ի) հետ միասին ստացել է Ազգային ժողովի 577 մանդատներից 350-ը:

Ֆրանսիայի հանրապետականները լինելու են նոր խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ 113 անդամով:
Կատարյալ ֆիասկո է ապրել վերջին հինգ տարիների Ֆրանսիայի կառավարող Սոցիալիստական կուսակցությունը, որը նոր խորհրդարանում կունենա ընդամենը 29 տեղ:

Առաջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել ազգայնական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ Մակրոնի հիմնական հակառակորդը նախագահական վերջին ընտրություններում: Նրա ևս ութ կուսակիցներ ստացել են մանդատներ:

Ուշագրավ է, որ Մակրոնի կուսակցության նորընտիր պատգամավորների կեսը լրիվ նոր մարդիկ են քաղաքականության մեջ, ովքեր ընտրվել են օնլայն տարբերակով: Նրանց մեծ մասին Ֆրանսիայի նորընտիր նախագահը նույնիսկ անձամբ չի ճանաչում:

Մակրոնը վստահության ամուր մանդատ ստացավ՝ իր նախընտրական հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ոգևորիչն այն է, որ դրանք ուղղված են միասնական Եվրոպայի ամրապնդմանն ու բարեփոխումներին:

Փոխվեց Հինգերորդ հանրապետության դեմքը, շատերը նույնիսկ խոսում են նոր Հանրապետության ծննդյան մասին: 1958թ.-ից Ֆրանսիայի քաղաքական համակարգի երկու առանցքային կուսակցությունները՝ հանրապետականներն ու սոցիալիստները, ոչ միայն զրկվեցին իշխանությունից, այլև, ըստ էության, դեկորատիվ դեր ունեն նոր խորհրդարանում:

Փորձագետների մի մասը կարծիք է հայտնում, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն ունեն Ֆրանսիայի քաղաքական և ընտրական համակարգերը, որոնք նախատեսված էին երկկուսակցական մոդելի համար: Լսվում են նաև մտահոգության ձայներ. Ֆրանսիայի պահպանողականները Մակրոնին համեմատում են Նապոլեոնի հետ՝ խոսելով երկրի իշխանության մոնոպոլացման մասին, ու կանխատեսում են դեմոկրատիայից նահանջ: Չնայած Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության պատմության մեջ եղել է երեք դեպք, երբ նորընտիր նախագահների կուսակցությունները նույնիսկ սահմանադրական մեծամասնություն են ստացել նոր խորհրդարանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20