Մեկ քայլով իշխանության որակը չի փոխվելու

- in Կարծիք
70
Serzh Aliyev

Վերջին երկու օրերի սահմանային լարվածությանը պրոֆիլային գերատեսչությունների արձագանքը, մեծ հաշվով, կանխատեսելի էր և, բնականաբար չէր շեղվում ստանդարտից:

Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ները հանդես եկան դատապարտող հայտարարություններով, բանակը խոստացավ համարժեք պատախան: Նման դեպքերում` հասարակությունն ավելին չի էլ կարող պահանջել, որովհետև բանակի գործողությունների մանրամասները չեն հրապարակվում նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում:

Նախագահների օրակարգերը, եթե չեն լինում ֆորս-մաժորներ, պլանավորվում են` եթե ոչ ամիսներ, ապա գոնե` շաբաթներ առաջ: Սերժ Սարգսյանի երեկվա այցերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող «Սոֆտկոնստրակտ» և «Պիկսարտ» ընկերություններ պլանավորված էին, սակայն ակամայից դիպուկ պատասխան ստացվեց Ալիևին: Սա քաղաքակրթական այն տարբերությունն է, նոր որակի պետության տեսլականն, ինչի մասին խոսել ենք երեկ: Մարդկանց սպանելու հրաման տվող Ալիևի ֆոնին դրական է դիտվում ՏՏ ոլորտի զարգացումը գերակա համարող Սարգսյանը: Այլ խնդիր է, որ այս պարագայում մենք գործ ունենք մեխանիկական համընկման, ակամայից ստեղծված քաղաքակրթական բարենպաստ ֆոնի հետ: Բայց շատ կարևոր է, որ թեկուզ ակամա արված դրական քայլը կրեատիվ քաղաքականության նախադեպ դառնա:

Հայաստանին ու Ադրբեջանին սպասվում է երկարատև դիմակայություն, որը ծավալվելու է ոչ այնքան ռազմադաշտում, որքան` երկու երկրների զարգացման մոդելների, քաղաքակրթական վեկտորների միջև: Այն, որ Ադրբեջանը հետամնաց մոդելի կրող է` Հայաստանին տալիս է նոմինալ առավելություն, սակայն չի երաշխավորում մեր հաղթանակը, որի դրսևորումն արժանապատիվ խաղաղության հաստատումն է:

Հաղթանակի համար Հայաստանին պետք են մեծ ճեղքում, նոր որակ, նոր մտածողությամբ քաղաքացի ու պետություն և ահա այստեղ է, որ չափազանց կարևոր է ՏՏ ոլորտը, որն իր հետ բերում է նոր քաղաքակրթություն, տնտեսական նոր մշակույթ, կապանքներից ազատված ու ազատ մտածող քաղաքացի: Նման Հայաստանը չի կարող չլինել միջազգային հանրության դաշնակիցը, այդ պետության պահանջները, այդ թվում` ԼՂ հարցում, չեն կարող չունենալ միջազգային լեգիտիմություն:

Սերժ Սարգսյանի որևէ խոսք երեկ չէր կարող ավելի ազդեցիկ լինել, քան` նրա աշխատանքային գրաֆիկը: Իհարկե, մեկ քայլով իշխանության որակը չի փոխվելու, ոչ էլ` վերանայվելու են հանրային բացասական տրամադրութուներն իշխանությունների հանդեպ: Սերժ Սարգսյանը կանգնած է մեծ դիլեմայի առջև` համակարգային տրանսֆորմացիայի հիմքում դնել որակը, փոփոխության, մոդեռնիզացիայի գաղափարը և երկարաժամկետ հեռանկարում երաշխավորել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, կամ էլ` նույն այդ անվտանգությունը մսխել հանուն քրեաօլիգարխիայի հակապետական շահերի: Ստեղծել պատմություն կամ մնալ պատմության լուսանցքում Ահա Սերժ Սարգսյանի երկընտրանքը: