Մոսկվան շատ ավելի լուրջ խնդիրներ ունի Հայաստանի վարչապետի հարցով զբաղվելու համար

- in Հրապարակ
99
Russia

Անկասկած իրավացի է ռուսաստանցի փորձագետ Մոդեստ Կոլերովը, ով «Առաջին լրատվական»‑ի հետ զրույցում հերյուրանք է համարում պնդումը, թե Մոսկվան է նշանակելու Հայաստանի 2018 թվականի վարչապետին:

Մոսկվան հիմա իսկապես շատ ավելի լուրջ եւ ժամանակատար խնդիրներ ունի Հայաստանի վարչապետի հարցով զբաղվելու համար: Բացի այդ, Հայաստանի հանրային գիտակցությունից, իհարկե, պետք է դուրս մղվի մտայնությունը, թե Հայաստանի Առաջին դեմքը նշանակվում է որեւէ կենտրոնում, մասնավորապես Մոսկվայում:

Եթե նույնիսկ դա այդպես է, ապա Հայաստանի հասարակության, քաղաքացիների մոտ պետք է ոչ թե արմատավորվի այդ դատապարտվածության եւ կանխորոշվածության գիտակցումը, այլ գործնականում ձեւավորվի դրա հանդեպ այսպես ասած անհանդուրժողության լուրջ աստիճան: Խոսքն, իհարկե, քաղաքակիրթ, այսպես ասած՝ գիտակցական, արժեհամակարգային անհանդուրժողության մասին է: Հայաստանի քաղաքացու հետ «գենետիկորեն» պետք է «անհամատեղելի» լինի այլ որեւէ մայրաքաղաքում Հայաստանի իշխանության որոշման գիտակցությունը: Այդ ամենով հանդերձ, սակայն պետք չէ նաեւ զբաղվել ինքնախաբեությամբ եւ պետք է հասկանալ, որ արտաքին աշխարհը, այդ թվում՝ մասնավորապես Ռուսաստանը Հայաստանի վրա ունի ահռելի ազդեցություն, իսկ դա նշանակում է նաեւ ազդեցություն Հայաստանի իշխանության ձեւավորման հարցում:

Եթե այդ հարցում չկա Ռուսաստանի կամ անձամբ Պուտինի կնիքը, ապա դա ամենեւին չի նշանակում, որ պատմությունից ջնջված է, օրինակ, 2008 թվականի Մարտի 1-ից կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, եւ Հայաստանի նախագահական ընտրություններում իրեն ցուցաբերված աջակցության համար Պուտինին հայտնած հրապարակային շնորհակալությունը: Ի վերջո, այդ իրականությունը հաշվի առնելով է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիների մոտ պետք է ձեւավորվի խորքային, արժեհամակարգային «անհանդուրժողությունը» այլ մայրաքաղաքում իշխանության նշանակման վերաբերյալ: Սակայն դա երկարատեւ գործընթաց է, մինչդեռ կա իրական քաղաքականության գործընթաց եւ այստեղ, անշուշտ, աներկբա է, որ Հայաստանի նոր իշխանության կամ իշխանության նոր ստատուս-քվոյի հարցում կարեւոր նշանակություն է ունենալու արտաքին ուժային կենտրոնների, մասնավորապես Մոսկվայի վերաբերմունքը: Այստեղ որոշման հարց չէ, այլ որոշիչ գործոններից մեկը լինելու: Իսկ այդ առումով, այն, որ Ռուսաստանում էլ անորոշ է իշխանության խնդիրը 2018 թվականի նախագահի ընտրության թեկնածուի տեսանկյունից, եւ Պուտինը նախօրեին հերթական անգամ վաղ է համարել դրա մասին խոսելը, անուղղակի, բայց իր էական ազդեցությունն է թողել եւ թողնելու Հայաստանում իշխանության նոր ստատուս-քվոյի ձեւավորման գործընթացում եւ հնարավոր արդյունքի վրա:

Այստեղ լոկ Պուտինի լինել-չլինելու, առաջադրվել-չառաջադրվելու հարց չէ, այլ Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացի տրամաբանության, վեկտորի հարց: Մեծ հաշվով, օբյեկտիվորեն պետք է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է շարժվելու Ռուսաստանը 2018-ին՝ առնվազն հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ է պետք զարգացնել ներքին գործընթացը Հայաստանում՝ առնվազն հնարավոր ռիսկերի հանդեպ առավել դիմադրունակ թե՛ իշխանություն, թե՛ քաղաքական, թեկուզ դեկորատիվ համակարգ, թե՛ նաեւ հասարակական միջավայր եւ մթնոլորտ ունենալու տեսանկյունից: Որովհետեւ նվազագույնը առաջանում է պարզ մի հարց՝ 2018-ին Ռուսաստանում իշխանության թեկնածուի եւ նախագահական ընտրության հանգուցալուծումը կբերի վիճակի, երբ Մոսկվան ավելի կոշտ դիմակայությա՞ն կգնա Արեւմուտքի հետ, թե՞ հակառակը: Որովհետեւ առաջին տարբերակի դեպքում նշանակում է հնարավոր կոշտ պահանջներ Հայաստանին՝ ռուսական շահի պարտադրանքով, ինչը նշանակում է ռիսկեր հայկական շահի եւ անվտանգության համար, հետեւաբար պահանջում է այնպիսի զարգացումներ, որոնք կունենան այդ ռիսկը կանխարգելող գոնե նվազագույն ներուժ, քանի որ առավելագույնի մասին Հայաստանի իշխանության ներկայիս որակը մեղմ ասած թույլ չի տալիս մտածել կամ հուսալ: