Putin Aliev

Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան: Բաքվի նավահանգիստ հասած ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս ուղղվելու է մերձճակատային գոտի՝ հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Համաձայն միջկառավարական համաձայնագրի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է ռազմատեխնիկայի պլանային մատակարարում:

Այս տեղեկատվությունը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի՝ առնվազն Հայաստանի հետ երկարատև և հոգեմաշ դիմակայության:

Եթե ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտության ջանքերը որոշակի հաջողություններ ունեցան արևմտյան մայրաքաղաքներում, որոնցից հնչող հայտարարություններն ավելի հասցեական են դարձել, ապա մեր երկրի ռազմավարական դաշնակիցը, անտեսելով միջնորդական իր առաքելությունը և երկկողմ ու կոլեկտիվ պայմանագրերով Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները, շարունակում է զինել Ադրբեջանին:

Ռուսական պաշտոնական և քաղաքագիտական շրջանակների այն թեզը, թե Ռուսաստանը զենք մատակարարելով Բաքու և Երևան՝ վերահսկում է սպառազինության մրցավազքը ու հետևաբար՝ կառավարելի է պահում հակամարտությունը, որևէ աղերս չունի իրականության հետ: Պրոպագանդիստական այս փուչիկը պայթեց անցյալ տարի ապրիլին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախում:

Եթե հետևենք Մոսկվայի քարոզչական խայծերին, կարող ենք գալ երկու եզրակացության՝ կա՛մ Մոսկվան տեղյակ է եղել քառօրյա պատերազմի մասին ու քաջալերել է Ադրբեջանին, կա՛մ Մոսկվայի հավաստիացումները ինքնարդարացնող բլեֆ են, և նա բնավ էլ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտությանը:

Նույն բլեֆը տեղի է ունենում այսօր, երբ ՌԴ-ն իր ԱԳՆ-ի մակարդակով խոսում է հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին, իսկ ռազմարդյունաբերական համալիրի խողովակներով սպառազինում է Ադրբեջանին:

Ռուսաստանի քաղաքականությունը դարձել է Հարավային Կովկասն ապակայունացնող գործոններից մեկը, ու Մոսկվայի խաղաղասիրական հայտարարություններն ամբողջովին կորցնում են իրենց նշանակությունը Ադրբեջան պարբերաբար մատակարարվող սպառազինության ֆոնին:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.