ՆԱՏՕ-ն հաստատվում է, քայլ առ քայլ՝ այսպես ասած, կառուցելով Կովկասի միջնաբերդը

- in Հրապարակ
158
Nato

Հայաստանի նախագահական նստավայրում հյուրընկալելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային՝ Սերժ Սարգսյանը նրա հետ քննարկել է ոչ միայն Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությանն առնչվող հարցեր, այլ նաև Հայաստան-Իրան հարաբերության հարցը: Այս հանգամանքը բավականին արտառոց է, և պատահական չէ, անշուշտ, որ այն արձանագրել են մի շարք փորձագետներ:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերության հարցեր: Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ին հետաքրքրել այս հարցը, թե՞ Հայաստանն է այդ առումով ունեցել որևէ առաջարկություն, նախաձեռնություն կամ գուցե ինչ որ մտահոգություն, որով հարկ է եղել կիսվել Ապատուրայի հետ և միաժամանակ բարձրաձայնել այդ մասին, որպեսզի Իրանը չունենա որևէ մտավախություն:

Միևնույն ժամանակ այստեղ հետաքրքրական է Ռուսաստանի հավանական արձագանքը: Մի բան հստակ է, որ իրավիճակը ամենևին արարողակարգային կամ շարքային չէ: Մյուս կողմից՝ շարքային չէ ներկայումս իրավիճակը ամբողջ աշխարհում, և տեղի են ունենում թե՛ լայնամասշտաբ, թե՛ լոկալ բնույթի տրանսֆորմացիաներ: Մի տեղ դրանք թեժ են՝ ինչպես Մերձավոր Արևելքում, մեկ այլ տեղ դրանք սահուն և հանդարտ ընթացք ունեն՝ ինչպես Կովկասում: Երկու տեղում էլ իր դերակատարումն ունի Իրանը:

Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ն դե ֆակտո ներգրավված չէ: ՆԱՏՕ-ն ներգրավված է Աֆղանստանում: Իրանն անկասկած այդ ուղղությամբ էլ ակտիվ խաղացող է: Հետաքրքրական է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված է նաև Հայաստանը: Հետևաբար այս առումով կարող է ստացվել հետաքրքիր շղթա: Սակայն գուցե հեռուն գնալ պետք չէ:

ՆԱՏՕ-ն աշխուժորեն ներգրավվում է Կովկասում: Ներգրավվում է Վրաստանի միջոցով: Այլ ճանապարհ չկա, թեև եթե անդրադառնանք, այսպես ասած, բնական ճանապարհին, ապա այստեղ ՆԱՏՕ բնական դաշնակիցը Հայաստանն է՝ մի շարք պատճառներով. առաջին հերթին, իհարկե, այն, որ Հայաստանը տարածաշրջանում շարունակում է լինել ամենամարտունակ բանակ ունեցողը՝ անգամ զուտ սպառազինության առումով էապես զիջելով Ադրբեջանին թե՛ քանակական, թե՛ նույնիսկ որակական առումով: Իսկ ՆԱՏՕ-ն առաջին հերթին ռազմաքաղաքական միավոր է, այսինքն՝ ելակետը ռազմական բաղադրիչն է, և հետևաբար գործընկերությունը կարող է կառուցվել դրա վրա:

Հայաստանի պարագայում բացակայում է քաղաքական և քաղաքակրթական բաղադրիչը, քանի որ Հայաստանը Եվրասիական ճամբարում է: Սակայն անգամ այդ իրավիճակում Հայաստանն է շարունակում հյուսիսատլանտյան դաշինքի համար դիտվել պրակտիկ գործընկեր: Վրաստանն ավելի շուտ հարթակ է, որտեղ ՆԱՏՕ-ն հաստատվում է, քայլ առ քայլ՝ այսպես ասած, կառուցելով Կովկասի միջնաբերդը:

ՆԱՏՕ-ի ներկայությունն ունի կարևոր նշանակություն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար: Ի վերջո, ինչի՞ հետևանք էր ապրիլյան պատերազմը՝ հավասարակշռության խախտման: Իսկ դա հետևանքն էր այն բանի, որ տարածաշրջանում այդ առումով կա խոշոր մեկ խաղացող՝ Ռուսաստանը: Երկրորդը Թուրքիան է, որի հետ Ռուսաստանը պայմանավորվում է հանգիստ: Եթե երկրորդ խաղացողը դառնա ՆԱՏՕ-ն, իսկ ՆԱՏՕ-ն ակնհայտորեն չի վստահում Թուրքիային՝ այլապես չէր ձգտի հանգրվանել Վրաստանում, ապա Ռուսաստանի համար այլևս հնարավոր չի լինի պայմանավորվել՝ ինչպես Թուրքիայի հետ: Իսկ դա նշանակում է, որ ռուսական մենաշնորհը կվերանա, և տարածաշրջանի հավասարակշռության հարցը կստանա ավելի ընդգրկուն ու խորքային լուծում:

Ինչ կապ ունի այստեղ Իրանը: Իրանը տարածաշրջանային հավասարակշռության կարևոր ներուժ ունեցող խաղացող է: Իրանի ներգրավման պարագայում հավասարակշռության խնդրի, հավասարակշռության երաշխիքների ձևավորման հարցի լուծումը կամ էական առաջմղումը կդառնա առավել իրատեսական և առավել դինամիկ, արդյունավետ: Իրանը երբեք չի խաղա Ռուսաստանի և Թուրքիայի հետ, խոշոր հաշվով, սակայն դա դեռ բավարար չէ, քանի որ Իրանն ունի իր ռազմավարությունն ու խաղը, և դա կարող է լինել ՆԱՏՕ-ի համար երկրորդ «ճակատ»՝ Կովկասում հաստատվելու տեսանկյունից: Դա անկասկած կդանդաղեցնի ընթացքը, ինչը հնարավորություն է Ռուսաստանի և Թուրքիայի համար՝ ներառյալ Ադրբեջանը, որոնք բավական ակտիվ աշխատում են Վրաստանի ուղղությամբ: Վրաստանը Ռուսաստանին հակազդելու համար գնում է թուրք-ադրբեջանական աշխատանքին ընդառաջ:

Զուտ Հայաստանի հետ աշխատելը կամ գործակցելը թե՛ ինքնին բավարար չէ, թե՛ կարող է չլինել արդյունավետ, քանի որ կա Ռուսաստանի գործոնը: Եթե ձևավորվի ոչ միայն Վրաստան-Հայաստան, այլև Վրաստան-Հայաստան-Իրան առանցք, ապա այստեղ արդեն այդ առանցքը կարող է լրջորեն կենսունակ լինել թուրք-ռուս-ադրբեջանական առանցքի դեմ:

Այս հեռանկարը անկասկած թվում է խիստ հիպոթետիկ, սակայն մի բան հստակ է, որ արդեն իսկ բավական շոշափելի օրակարգային հարց է Վրաստան-Հայաստան-Իրան տնտեսական, տրանսպորտային առանցքի հարցը: Իսկ ժամանակակից աշխարհում տնտեսությունն ու անվտանգությունը, տնտեսությունն ու ռազմաքաղաքականությունը քայլում են կողք կողքի և առանց իրար գործնականում չեն կարող հեռու գնալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20