Ներիշխանական խարդավանքների կուլիսներում կորչելու են երկիրն ու նրա պրոբլեմները

- in Կեղտոտ լվացք
116
eshelon ishxanutyun

Երևան-Արմավիր մայրուղին այսօր առավոտյան փակվել է երկկողմանի: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջել են, որպեսզի մարզպետը լուծում տա ոռոգման ջրի խնդրին:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չի հանդիպել գյուղացիներին, փոխարենը` Ջրային տնտեսության ղեկավարությունն է խոստացել, որ մինչ օրվա վերջ խնդրին լուծում կտրվի: Մարդիկ ոստիկանության հորդորով ճանապարհը բացել են, բայց զգուշացումով, որ վաղվանից դարձյալ կդիմեն ծայրահեղ քայլի, եթե իրենց խաբեն:

Մրգաշատը անարդյունավետ կառավարման միակ զոհը չէ, ոչ էլ` սոցիալական լարվածության եզակի օջախը: Ամբողջ երկիրն է գտնվում սոցիալական լարվածության ռեժիմում, և մարդկանց հուսահատությունը հասել է կրիտիական մի կետի, երբ անգամ հանգստյան օրվա հանգամանքը չի զսպում նրանց ընդվզումը: Պետական մարմինները Հայաստանում մատնված են պարապուրդի, նրանց անգործության հետևանքներն առայժմ ծածկում է ոստիկանության օպերատիվ արձագանքը: Բայց եթե վերացվում է լոկալ մի ընդվզման կոնկրետ հետևանք, դա չի նշանակում, որ վերացված են պատճառները, որոնք, ի դեպ, անորակ կառավարման հետևանք են ու կարող են վերանալ միայն հմուտ վարչարարության շնորհիվ:

Միանշանակ է, որ միշտ չէ, որ ոստիկանության արձագանքը կարող է համարժեք կամ արդարացված լինել: Սակայն հանրապետությունով մեկ կուտակված խնդիրները, դրանք լուծելու անկարողությունը կամ չկամությունն ավելի խորքային պատճառներ ունեն: Երբ կառավարությունը հայտարարում է, որ ինքը մենեջերների, տեխնոկրատների թիմ է, ապա, ըստ էության, իրենից օտարում է պատասխանատվությունը երկրի հեռանկարային զարգացման հարցում, որովհետև հայաստանյան խնդիրները համակարգային, քաղաքական լուծում են պահանջում, իսկ մենեջերներն ոչ թե ռազմավարություն մշակող են, այլ կոնկրետ խնդիրների համար վարձված մարդիկ:

Մյուս կողմից` Կարեն Կարապետյանի կաբինետը չի կարողանում իրականացնել օպերատիվ կառավարում, որովհետև իբրև թե զբաղված է իրավիճակային ախտորոշմամբ, իսկ իրականության մեջ` կաղում է պրոֆեսիոնալ տեսանկյունից կամ նույնիսկ փոքր խնդիրներում չի ձևակերպում նշաձող, որը մարող է հարվածել օլիգարխների կամ տեղական ֆեոդալների շահերին: Օրինակ, նույն Արմավիրում ոռոգման ջրի խնդիրը հետևսնք է որոշ ֆեոդալների ագահության, անհագ ընչաքաղցության:

Մինչև առնվազն 2018 թ.-ն այս վիճակը շարունակվելու է, երբ ներիշխանական խարդավանքների կուլիսներում կորչելու են երկիրն ու նրա պրոբլեմներն, մարդն ու նրա հոգսերը: Չկա որևէ երաշխիք, որ, ըստ էության, ոչ պետական այս վիճակը վերանալու է 2018-ի ապրիլից հետո, երբ հստակեցվի իշխանության հարցը: Հստակությունն որակի պարտադիր պայման չէ, մանավանդ, եթե դա ծնվում է ոչ թե հանրային և քաղաքական դիսկուրսի արդյունքում, այլ պալատական խարդավանքների հետևանքով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20