Ներքին խուճապի մասով, ՀՀԿ-ն իսկապես միասնական և կուռ է

- in Հրապարակ
87
HHK

Հանրապետական կուսակցության տարբեր անդամներ մի քանի օր շարունակ հայտարարում են, որ ՀՀԿ-ն կուռ թիմ է, և տարաձայնություններ գտնելը պարզապես բանսարկություն է, բամբասանք ու այլ՝ չգիտես ինչ հետին մտադրության արգասիք, բայց նաև անիմաստ ջանք:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ վարչապետի հրաժարականի մասին խոսակցությունների վերաբերյալ հարցերի առիթով արվող այդ «կռության» մասին հավաստիացումները սկսվեցին այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարականի պատճառ Կարեն Կարապետյանը չունի, և չկան նաև իրենց միջև հակասություններ:

Մինչ այդ հայտարարությունը ՀՀԿ-ում որևէ մեկը չէր էլ փորձում բարձրաձայնել, թե իրենց թիմը կուռ է, միասնական, անխախտ, և անիմաստ է փնտրել տարաձայնություններ կամ ճաքեր: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն չուներ հրաման՝ լուռ էր, հրամանը կամ ազդակը ստացավ, դարձավ կուռ: Բայց «կռության» մասին այդ հայտարարությունները որքան բարձր են հնչում, այնքան դրանք հիշեցնում են անտառում վախեցած քայլողին, որը վախը հաղթահարելու համար փորձում է հնարավորինս բարձր բղավել, և որքան բարձր է բղավում, այնքան շատ է վախենում:

ՀՀԿ ներկայացուցիչների հավաստիացումները այնքան «միահամուռ» ու բարձր են, որ թվում է, թե նրանք պարզապես իրենք իրենց են փորձում անիմաստ հավաստիացնել, որ ՀՀԿ ներսում որևէ բաժանում չկա, որևէ հակադրություն չկա, և մոնոլիտը անխախտ է: Իրենք իրենց են փորձում հավաստիացնել, որովհետև հենց իրենք ներսից լավագույնս գիտեն, որ չկա ոչ մի «կռություն» և մոնոլիտ, ու եղած ճաքերը օրեցօր դառնում են ավելի լայն և առավել շատ:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը խառնել է ՀՀԿ խաղաքարտերը: Տևական ժամանակ բոլորը գտնվում էին կողմնորոշման փուլում, ձևավորել էին որոշակի տրամաբանություն և դրա շուրջ կառուցել իրենց հետագա պլանները: Թեև Սերժ Սարգսյանն իր պլանը չէր բարձրաձայնում, այդուհանդերձ՝ ՀՀԿ ներսում բնականաբար փորձում էին հնարավորինս կանխատեսել կամ գուշակել միտումները, ծանրութեթև անել ուժերի հարաբերակցությունը, Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի շանսերը, ռեսուրսները՝ իրադարձությունների զարգացումից հետ չմնալու և ճիշտ պահին կողմնորոշվելու, որոշում կայացնելու համար:

Ընդ որում, մինչ Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրադարձությունները ընթանում էին բավականին հստակ տրամաբանությամբ, և այդ առումով նաև միանգամայն ռացիոնալ է, որ իշխանության մեջ գտնվող անձինք և խմբերը ըստ այդմ կազմում էին առնվազն պլանային ուրվագծեր, կատարում նախնական պլանավորում և ձգտում միշտ պահել ձեռքը զարկերակին: Բայց Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ինչպես ասում են՝ զարկերակը փախավ, ամեն ինչ խառնվեց:

Այժմ հնչող հավաստիացումներն ու պնդումները, որ երբեք էլ ճաքեր չեն եղել, ու թիմը միշտ եղել է կուռ ու միասնական, մեծ հաշվով ՀՀԿ ներկայացուցիչների ինքնապահովագրությունն են, այսպես ասած՝ ներսում ճամբարականության կասկածից դուրս գալու փութաջանությունը, մինչև կգտնեն հին կամ նոր զարկերակը:

Այդ տեսանկյունից՝ ներքին խուճապի մասով, ՀՀԿ-ն իսկապես միասնական և կուռ է: