Նրանցից որն է զենքը Սարգսյանի համար և որն է՝ զրահը

- in Կեղտոտ լվացք
101
serzh-sargsyan

Երևանի քաղաքապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ երդման արարողությանը ներկա Սերժ Սարգսյանը իր ելույթում բավականին բազմիմաստ ակնարկներ է արել Տարոն Մարգարյանին՝ դրանք խորհրդանշականորեն կառուցելով 2018 թվականի վրա:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2018 թվականը խորհրդանշական ու կարևոր տարի է, քանի որ լրանում է Առաջին հանրապետության 100 ու Երևանի 2800-ամյակը:

Հասկանալի է, որ լրանում է, բայց ի՞նչ կապ ունի դա Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի հետ, առավել ևս, որ այդ պաշտոնամուտը, Երևանի խնդիրները, անելիքները և այլն 2018-ի հետ կապ ունեն այնքան, որքան հենց 2017-ի, 2019-ի, 2020-ի և 2021-ի: Բայց Սերժ Սարգսյանը գիտի, թե ինչ է ասում, երբ հայտարարում է նաև, թե՝ Տարո՛ն, դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես:

Սերժ Սարգսյանի համար 2018-ն է առանցքայինը, և առնվազն այժմ Երևանի քաղաքապետի պաշտոնը նրան հետաքրքիր է հենց 2018-ի համատեքստում ու ոչ թե Առաջին հանրապետության կամ Երևանի կլոր հոբելյանների, այլ նախագահի պաշտոնը թողնելու պատճառով: Երևանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այստեղ ունեն կարևոր նշանակություն՝ ներիշխանական վերադասավորումների և նոր իշխանության ձևավորման հարցում:

Տարոն Մարգարյանն իր մեծ ունեցվածքով Սերժ Սարգսյանի համար ներիշխանական կարևոր ռեսուրս է, և կրկնակի կարևոր է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնով, այսինքն՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը ներառող քաղաքի ղեկավարի պաշտոնով, համապատասխան լծակներով, ռեսուրսներով: Եվ երրորդը՝ խարիզմայով, իհարկե՝ ոչ թե անձնական, այլ հորական, այսինքն՝ Անդրանիկ Մարգարյանի խարիզմայի ժառանգորդը լինելով: Իսկ այդ խարիզման բավական ուժեղ է թե՛ հանրային ընկալման, թե՛ իշխանության ներսում՝ համակարգային ընկալման իմաստով: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը, խոսելով նրա՝ հիասթափեցնելու իրավունք չունենալու մասին, նշում է՝ որովհետև Անդրանիկ Մարգարյանի որդին ես:

Բանն այն է, որ իշխանության համակարգում Սերժ Սարգսյանը մի ստվար հատվածի համար խորքային իմաստով լեգիտիմություն այդպես էլ չունեցավ՝ հատկապես Անդրանիկ Մարգարյանի տեղը զբաղեցնելով, և Տարոն Մարգարյանը այս իմաստով, իհարկե, կատարեց նրա համար շանթարգելի դեր: Սարգսյանը այժմ էլ փորձում է օգտագործել այդ դերը՝ փորձելով համակարգին դնել պատասխանատվության առաջ՝ հոգեբանական ազդեցության միջոցով: Այսինքն՝ ինձ չեք ընդունում, ընդունեք Անդրանիկ Մարգարյանին, ձեր առաջնորդին՝ ի դեմս նրա որդու:

Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանի հույսերից է, և դա այլևս բավական անթաքույց է: Միգուցե պատահական չէ նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բավական կոշտ էր արտահայտվել Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ փորձելով ոչ թե արդարացնել նրան, այլ հարցը հասցեագրել իրավապահներին՝ դիմեք իրավապահներին, ես ի՞նչ անեմ՝ մոտավորապես պատասխանել էր վարչապետը՝ մի ձեռքով հարվածելով Մարգարյանին, մյուս ձեռքով, իհարկե, իրավապահներին, և երկու ձեռքով՝ փաստորեն Սերժ Սարգսյանին:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը Կարապետյանի հրաժարականի պատճառ չունենալու մասին հայտարարությամբ որոշակիորեն հետ քաշվեց, խուսափեց բաց մարտից և ծածկվում է վահաններով կամ զրահներով, գուցե զենք ու զրահներով՝ իրավապահներ, Տարոն Մարգարյան: Իհարկե, դեռ պարզ չէ, թե նրանցից որն է զենքը Սարգսյանի համար և որն է՝ զրահը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20