Ո՞ւմ պարտքն է մարում կոլեկտիվը, ինչո՞ւ, ո՞ւմ փոխարեն

- in Առողջություն
201
hivandanoc

Արմավիրի մարզի Մեծամորի բժշկական կենտրոնը Հայաստանի էլցանցերին ունի 23 միլիոն դրամի պարտք: Դե, հիմա պարտք ով չունի: Էլցանցերին, այս կամ այն հիմնարկին պարտք, պետական կառույցները եզակի չեն:

Սակայն Մեծամորի դեպքը եթե եզակի չէ, ապա առնվազն բացառիկ: Բացառիկ, որովհետև Մեծամորի բուժկենտրոնում որոշել են, որ աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են անելու պարտքը մարելու համար՝ քույրերը քիչ, բժիշկները՝ շատ: Աշխատակիցները նվիրատվություն են անելու պարտքը մարելու համար: Լավ է, որ այցելուներից չի պահանջվում որևէ գումար այդ պարտքը մարելու համար: Կատակը կատակ, սակայն տնօրենը մամուլում հայտնում է, որ նախորդ անգամ էլ այդպես են արել: Այսինքն՝ դա պրակտիկա է:

Իրականում այստեղ գործ ունենք ոչ թե պրակտիկայի, այլ կոռուպցիայի հետ: Առնվազն մտածողության տեսքով կոռուպցիայի հետ: Եթե բուժհիմնարկը լավ չի կառավարվում, ուրեմն պետք է փոխել կառավարչին, ոչ թե աշխատողների միջոցներով փակել վատ կառավարման հետևանքով կուտակված պարտքերը: Եթե խնդիրը կառավարումը չէ, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ պարտքն է մարում կոլեկտիվը, ինչո՞ւ, ո՞ւմ փոխարեն: Այստեղ է կոռուպցիան, այսինքն՝ երևույթն է ինքնին կոռուպցիա: Մի բան պարզ է չէ, որ չի կարող հիմնարկի պարտքը մարել աշխատակիցը: Այդպիսի բան որևէ տեղ գրված չէ, դա ուղղակի հակասում է աշխատանքային օրենսդրությանը, եթե նույնիսկ պարտքի համար նվիրատվություն է արվում կամավոր: Ի վերջո ինչպե՞ս ստուգել՝ իրապե՞ս կամավոր, թե՞ ոչ: Բայց առնվազն պետք է ստուգել: Դրանից զատ, ապշեցնող է այն, որ առկա է այդպիսի երևույթ և դրա մասին ասվում է բարձրաձայն, հանգիստ, որպես օրինաչափություն: Սա մտածողություն է, կոռուպցիոն մտածողություն:

Բանն այն է, որ օրենքի, պարտականության և իրավունքի շրջանակից դուրս լուծումներն այլ բան չեն, քան կոռուպցիա՝ կամա թե ակամա: Ավելին, եթե հանցակազմ անգամ չկա, դա էլի կոռուպցիա է, որովհետև այդ մտածողությունն է, որ գումարվելով իրար տարբեր դրվագներով, առաջացնում է կոռուպցիայի համահասարակական լեգիտիմություն, և այդպիսով, ըստ էության կոտրում հասարակության դիմադրունակությունը արդեն հանցակազմով կոռուպցիոն երևույթների հանդեպ: Եվ մտածողության այդ օջախը գտնվում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանից ոչ հեռու, հենց այսպես կոչված ատոմային քաղաքում, որը ձևավորվել է հենց ատոմակայանի աշխատակիցների բնակության համար: Նրանք բոլորն անկասկած անբասիր և պարկեշտ մարդիկ են, որոնք միանգամայն պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին:

Բայց կա մտածողությունը, այդ խնդրահարույց մտածողությունն ու երևույթը ատոմակայանից ոչ շատ հեռու՝ կարևորագույն ռազմավարական օբյեկտից, որից կախված է ամբողջ Հայաստանի կյանքը: Իսկ ինչպե՞ս են մտածում և խնդիրները լուծում այնտեղ: Այս հարցն առնվազն առաջանում է, երբ տեսնում ենք, թե ինչ լուծումներ են լինում Մեծամորի բուժկենտրոնում, օրինակ, եթե նույնիսկ ամենաազնիվ ու լավագույն մղումներով: Այս օրինակը ցավալիորեն ցույց է տալիս բուն խնդիրը, որ առկա է Հայաստանի կոռուպցիայի նախադրյալներում: Ստեղծենք տասնյակ հակակոռուպցիոն մեկը մեկից անկախ մարմիններ, որևէ մեկը որևէ օգուտ չի տալու, քանի դեռ մենք որպես հասարակություն չենք անկախացել կոռուպցիայից: Իսկ կոռուպցիայից անկախանալու համար պետք է անկախության էլիտա: Մենք դեռևս սովետական նոմենկլատուրայի պետությունն ենք՝ բուրժուադեմոկրատական կամուֆլյաժներով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20