Ոչ թե ինքն է կախված ՀՅԴ-ից, այլ ՀՅԴ-ն է կախված Սերժ Սարգսյանից

- in Հրապարակ
HYD Serzh

Վերահսկիչ պալատը նախօրեին հրապարակել է 2016 թվականի գործունեության մասին տվյալներ, որոնցից մասնավորապես հետաքրքիր է կրթության և գիտության նախարարության մասով հայտնաբերված չարաշահումները, մոտ 21 միլիոն դրամի չհիմնավորված ծախսերը:

Այստեղ իհարկե արտառոց ոչինչ չկա, դժբախտաբար, քանի որ Հայաստանում պետական միջոցների այդօրինակ տնօրինումը համատարած է բոլոր պետական գերատեսչությունների և նախարարությունների համար: Հետաքրքիր է խնդրի քաղաքական ասպեկտը: Բանն այն է, որ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի փետրվարից կոալիցիոն դաշնակցական քվոտան է, որը պահպանվում է նաև նոր կոալիցիոն հուշագրից հետո: Այդպիսով, փաստորեն, Վերահսկիչ պալատի հրապարակումը այլ բան չէ, քան Սերժ Սարգսյանի նկատողությունը Դաշնակցությանը:

Բանն այստեղ իհարկե ֆինանսական ռեսուրսների մսխումը չէ, անարդյունավետ տնօրինումը կամ չհիմնավորված ծախսերը չեն: Ավելին, այդ առումով գուցե կրթության և գիտության նախարարության մասով Վերահսկիչ պալատի բացահայտումներն անհամեմատ համեստ են այլ ոլորտներում թույլ տրվող անարդյունավետությունից կամ չհիմնավորված ծախսերից: Տվյալ պարագայում էականն այն է, որ Սերժ Սարգսյանը Դաշնակցությանը հիշեցնում է այսպես ասած նշանառության տակ լինելու հանգամանքը, կոալիցիոն գործընկերոջը հասկացնելով կամ հիշեցնելով, որ ոչ թե ինքն է կախված ՀՅԴ-ից, այլ ՀՅԴ-ն է կախված Սերժ Սարգսյանից:

Դաշնակցությունը ներկայումս Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերում ունի կարևոր դերակատարում և փաստորեն ապահովում է դե ֆակտո հուսալի մեծամասնությունը, այսպես ասած երաշխավորված մեծամասնությունը: Միաժամանակ, Դաշնակցությունն ապահովում է նաև Սերժ Սարգսյանի որոշակի հենարանը Սփյուռքում, հատկապես նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի ազդեցիկ կամ «մեծահարուստ Սփյուռքն ավելի հակված է դեպի Կարեն Կարապետյան: Այդ իմաստով, ՀՅԴ-ն բալանսավորում է այդ հանգամանքը Սերժ Սարգսյանի համար: Ի դեպ, ըստ ամենայնի նաև հենց ռուսաստանյան «մեծահարուստ» հայերին էր ուղղված երիտասարդ ՀՀԿ-ական, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտնի և բավական աղմուկ հանած հայտարարությունը այն մասին, որ մեծահարուստները պետք է բացեն իրենց քսակը Հայաստանի համար:

Այսինքն՝ Շարմազանովը ըստ էության ակնարկում էր, որ ռուսաստանահայ մեծահարուստները պետք է քսակը բացեն, բայց դրա դիմաց չպահանջեն քաղաքական իշխանություն: Դաշնակցությունը միևնույն ժամանակ նաև այն միջոցն է, որով Սերժ Սարգսյանը պետք է իշխանության համար պայքարում ձեռք բերի այսպես ասած գաղափարական առավելություն, քանի որ այս տեսանկյունից իհարկե նժդեհյան գաղափարախոսությամբ հանդես եկող Հանրապետականն իրականում որևէ մեկի մոտ չի կարող ընկալվել իբրև գաղափարական լուրջ ուժ, ի տարբերություն ՀՅԴ-ի: Այդ ամենով հանդերձ, իհարկե մեծ է հավանականությունը, որ Դաշնակցությունը կարող է պարզապես իրեն զգալ դրության տերը, ինչը հետագայում խնդիրներ առաջացնի Սերժ Սարգսյանի համար:

Առավել ևս, որ Դաշնակցության տարբեր լիդերներ տարբեր առիթներով չեն էլ թաքցրել, որ այս կամ այն զարգացումը գնահատում են որպես ՀՅԴ-ի հաղթանակ, լինի դա Սահմանադրության փոփոխությունը, թե այլ փոփոխություններ քաղաքական նոր համակարգի ձևավորման հարցում: Այսինքն՝ Դաշնակցությունն այդ հայտարարություններով, ըստ էության, անուղղակիորեն ակնարկել է, որ Սերժ Սարգսյանին դիտարկում է իբրև սեփական ծրագրերի կատարածու: Քանի դեռ կար խորհրդարանի ընտրության և ՀՀԿ միանձնյա մեծամասնության ձևավորման հարցը, նաև ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագրի ստորագրության խնդիրը, Սերժ Սարգսյանը ձեռնպահ էր մնում ՀՅԴ այդ հայտարարությունների համատեքստը նկատելուց և դրան արձագանքելուց: Սակայն այժմ փաստորեն Վերահսկիչ պալատի միջոցով հնչում է առաջին նկատողությունը և հիշեցումը ՀՅԴ-ին, թե իրականում որ կողմում է կատարածուն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20