Ռազմաբազան դարձել է Գյումրիի քրեածին աղբյուրներից մեկը

- in Կեղտոտ լվացք
Rus zinvor

Ռուսական ռազմաբազան ոչ միայն խորհրդանշում է Հայաստանի ռուսական գաղութացումը, այլև բոլոր առումներով լարվածության օջախ է դարձել Գյումրիի, Շիրակի մարզի համար:

Ռազմաբազան դարձել է Գյումրիի քրեածին աղբյուրներից մեկը՝ կոռումպացված և փնթի կառավարման հետևանքով: Խոսքը չի վերաբերում միայն Պերմյակովի ոճիրին, չկա ամիս, որ ռազմաբազայի ծառայողը չհայտնվի քրեական պատմությունների կիզակետում:

Շիրակի մարզի գյուղերը դարձել են ռուսական սանձարձակության, կայսերական քմահաճույքների զոհը: Մարմաշեն գյուղի բնակիչները մամուլին ահազանգել են, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը: Տանկերը գյուղում վնասներ են հասցրել մոտ 12 հեկտար ցանքատարածությունում: Միայն Մարմաշենը չէ, այդ վիճակում են հարակից մի քանի գյուղեր: Պոլիգոններ գնալու ժամանակ ռուսները խախտում են իրենց ճանապարհային քարտեզը և մտնում են գյուղացիների մասնավոր դաշտեր:

 

Ի դեպ, ուշագրավ է, որ Մարմաշենի գյուղապետը երեկ եղել է բողոքավորների, ահազանգողների շարքում, սակայն այսօր արդեն լղոզել է իր խոսքը՝ չնայած ռազմաբազան գյուղացիներին որևէ լումա չի հատուցել, և համոզված ենք՝ չի հատուցելու: Գյուղապետի մոտ երեկ, ըստ ամենայնի, խոսել է քաղաքացու արժանապատվությունը, այսօր արդեն՝ ռուսահպատակ իշխանությանը նրա պատկանելության հանգամանքը:

Երբ երկիրը չի ունենում իր ինքնիշխանությունը հարգող իշխանություն, էլ ինչ սպասես խեղճ գյուղացուց, ով թալանվում է մի դեպքում՝ սեփական կոչվող իշխանության կողմից, այլ դեպքում՝ նվաստացվում է իբրև թե բարեկամ երկրի զինվորականների կողմից, ովքեր Հայաստանում իրենց պահում են օկուպանտի պես:

Պրակտիկ քաղաքականության տեսանկյունից գուցե այս պահին իրատեսական չէ բարձրացնել ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում փակելու հարցը, բայց միանգամայն տրամաբանական ու հիմնավորված է ռուսներից առնվազն պահանջել, որպեսզի նրանք իրենց պահեն ոչ թե օկուպանտի, այլ հյուրի կարգավիճակով՝ հարգելով մեր օրենքներն ու արժանապատվությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20