«Սասնա ծռերը» վերջնականապես ամայացրեց այդ օրերի ընդդիմադիր դաշտը

- in Կարծիք
150
Sasna Crer

Այսօր մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով դատավարությունը: Զուտ իրավական առումով այս գործը քչերին է հետաքրքրում, որովհետև մենք օրենքի երկրում չենք ապրում, բացի այդ՝ գործընթացն ինքնին քաղաքականության հետևանք է, իսկ իրավական բաղկացուցիչն այդ պարագայում երկրորդական-երրորդական դեր ունի: Կողմերից յուրաքանչյուրն այս դատական գործընթացին գալիս է նախապես ունեցած «ճիշտ դատավճռով», որը բեկանման ենթակա չէ որևէ դատարանի կողմից:

«Սասնա ծռերը», անցած տարվա նրանց գործողությունները քաղաքականության, նաև՝ Սերժ Սարգսյանի քաղաքականության հետևանք են: Գուցե պարադոքսալ հնչի, բայց «Սասնա ծռերի» գործողություններից միակ շահողը դարձյալ Սերժ Սարգսյանն է, ով հմտորեն կարողացավ օգտագործել անցած օգոստոսին ստեղծված նոր իրավիճակը:

Հասարակությունը ՊՊԾ գնդի գրավման օպերացիայից օգտվել չէր կարող սկզբունքորեն, որովհետև ժամանակակից աշխարհում քաղաքականությունը վերջանում է այնտեղ, որտեղ հնչում են կրակոցներ, մրցակցությունն ու ընտրությունը խլացվում են ահաբեկչության պարտադրանքով: Եթե չկա քաղաքականություն, ապա չեն կարող լինել նաև հանրային օրակարգ, սպասումներ և պահանջ:

«Սասնա ծռերը» եկավ հիմնավորելու, որ, մեղմ ասած, պրիմիտիվ և ոչ ռացիոնալ էին հասարակության մի մասի սպասումները, թե իշխանության դեմ պայքարի միակ տարբերակը զինված ապստամբությունն է: Հակառակը՝ ուժի ցուցադրությունն ավելի ռեպրեսիվ ու անվերահսկելի դարձրին իշխանություններին, և պատահական չէ, որ ՊՊԾ գնդի իրադարձություններից հետո ուժեղացան ճնշումները լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների դեմ:

«Սասնա ծռերը» վերջնականապես ամայացրեց այդ օրերի ընդդիմադիր դաշտը՝ ձախողված օպերացիայի փլատակների տակ թողնելով խորհրդարանական ընդդիմությանը՝ ՀԱԿ-ին և «Ժառանգություն» կուսակցությանը, որոնք ոչ միայն չկարողացան ադեկվատ արձագանքել տեղի ունեցածին, այլ նաև չդիմացան «Ծռության» սահմանած բարձր նշաձողին՝ արմատականության և հռետորաբանության առումով:

Ակնհայտ էր, որ այդ բարձր նշաձողը հնարավոր չի դարձնելու նաև նոր ընդդիմության ձևավորումը մինչև խորհրդարանական ընտրությունները, և պատահական չէ, որ դրանց ընթացքում որևէ ուժ այդպես էլ հանդես չեկավ գործող իշխանության հեռացման պահանջով: Իրենց սահմանած նշաձողը պահել չկարողացան նաև «Ծռերը», որովհետև քաղաքականությունը կրակոցներից տարբերվում է նոր որակ բերելու, նոր ասելիք ունենալու կարողությամբ, որից զուրկ էին այն գործիչները, ովքեր տոգորված էին «Ծռությամբ»:

Պատահական չէ այդ պլատֆորմի տապալումն Ազատության հրապարակում, ընտրություններում՝ ՕՐՕ-ի դեմքով:
Եթե չլիներ «Սասնա ծռերի» առաջացրած քաղաքական վակուումը, գուցե անցած ընտրություններում արդյունավետություն չունենար Ծառուկյանի ֆենոմենը, էլ չեմ խոսում այն մասին, որ գուցե օրակարգում չհայտնվեր օլիգարխին քաղաքականություն վերադարձնելու հարցը:

«Ծռությունը» առաջացրեց քաղաքական վակուում և ապատիա, ինչը հարթ ճանապարհ բացեց Սերժ Սարգսյանի համար՝ ավարտին հասցնելու համար իշխանության վերակազմավորման իր ծրագրերը: ՊՊԾ գնդի իրադարձությունները հրաշալի առիթ էին, որպեսզի Սերժ Սարգսյանը վերջնականապես ձերբազատվի իր համակարգային մրցակից Հովիկ Աբրահամյանից և պրակտիկայում փորձարկի «անցնցում ընտրության» մոդելը:

«Ծռությունը» անգնահատելի նվեր մատուցեց Սերժ Սարգսյանին, սակայն «ծռերը» վստահաբար որևէ ակնկալիք չպետք է ունենան Սերժ Սարգսյանի դատարանից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20