Սարգսյանը կարող է սահմանել նշաձողերն ու չափորոշիչները, որոնց դեպքում Կարապետյանը կմնա, եթե կարողանա ապահովել

- in Հրապարակ, Տնտեսական
111
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական ներկայացնելու որևէ պատճառ չունի, և նրա հետ իր հակադրության, հակասությունների մասին տեղեկություններն ու խոսակցություններն էլ ասեկոսեներ են:

Սարգսյանի այս հայտարարությունը հաջորդել է մամուլի մի շարք հրապարակումների, որոնց համաձայն՝ Կարեն Կարապետյանն անցնող ամիսներին առնվազն երեք անգամ փորձել է հրաժարական տալ իր պաշտոնից:

Բանն այն է, որ այդ տեղեկությունները շատերը կապում էին նաև Սերժ Սարգսյանի հետ, որը խորհրդարանական ընտրությունից հետո կարծես թե սկսել էր ընդգծել իր մնալու մտադրությունը և այդ տրամաբանությամբ էլ տարաբնույթ հարվածներ հասցնել Կարապետյանին: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանի հայտարարությունը հնչում է կա՛մ որպես մեղայական, կա՛մ որպես հրադադարի հայտարարություն՝ միգուցե Կարեն Կարապետյանի որևէ «մեղայականից» հետո: Այլ կերպ ասած՝ Սարգսյանի հայտարարությունը զինադադար է, սակայն պարզ չէ, թե ում ձեռնտու պայմաններով կամ ում թելադրած կանոններով:

Ընդ որում, հետաքրքրական է, որ հայտարարությունը հնչում է նաև նախօրեին տեղի ունեցած մի իրադարձությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը պոլիտեխնիկական համալսարանում մասնակցեց գերազանցության կենտրոնի բացմանը, որը «Տաշիր գրուպի» նախաձեռնությունն էր՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Իսկ Սամվել Կարապետյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ հարթ չէ, ինչի վկայությունն էր մայիսի 18-ին խորհրդարանի առաջին նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթի հանդեպ Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀ պատգամավոր Կարեն Կարապետյանի բոյկոտը: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվող կենտրոնի բացմանը ստացել էր բավականին ուշագրավ երանգ: Նրանք եկել էին որոշակի համաձայնությա՞ն՝ բոյկոտից հետո, թե՞ պարզապես քողարկում էին անհամաձայնությունը:

Իրավիճակը ինտրիգային է այն առումով, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցության մտադրության մասին՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարել նրա ծրագրերը իրականացնելու համար: Այդ տրամաբանությամբ նրան պետք է որ դուր չգար այն, որ Սերժ Սարգսյանը կարող է հարվածել կամ առնվազն չաջակցել Կարեն Կարապետյանին: Այսինքն՝ վարչապետին ուղղված հարվածը կարող էր նշանակել նաև հարված Սամվել Կարապետյանին:

Ահա այդ համատեքստում էլ հետաքրքրական է, որ նախօրեին նրա նախաձեռնության բացմանը մասնակցելուց մեկ օր անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը չունի հրաժարականի պատճառ, ինչը անկասկած միարժեքորեն Կարապետյանի դիրքերն ամրացնող հայտարարություն է:

Մյուս կողմից, իհարկե, Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարող է մեկնաբանվել նաև այլ կերպ, մասնավորապես՝ արդեն անմիջապես Սերժ Սարգսյանի մակարդակով հնչող նախազգուշացման, որ Կարապետյանը հրաժարականի պատճառ չունի, սակայն ունենալ թե չունենալը, այսինքն՝ հրաժարական տալ թե չտալը որոշում է ոչ թե նա, այլ Սերժ Սարգսյանը:

Այսպես թե այնպես, չնայած որակմանը, թե հակասությունները կամ հակադրությունն ասեկոսեներ են, Սերժ Սարգսյանն ի վերջո ինքն է այդ ասեկոսեները գեներացնում՝ որևէ որոշակի բան չասելով իր հետնախագահական ծրագրերի, նաև 2018 թվականին Կարեն Կարապետյանի շանսերի մասին:

Ընդ որում, խնդիրն այն չէ, որ Սարգսյանը պետք է երաշխավորի նրա վարչապետությունը. դա ռացիոնալ չի լինի որևէ տեսանկյունից: Սակայն Սարգսյանը կարող է սահմանել նշաձողերն ու չափորոշիչները, որոնց դեպքում Կարապետյանը կմնա, եթե կարողանա ապահովել: Դա կլինի տրամաբանական և կփակի ասեկոսեների ճանապարհը: Այլ հարց է, որ դրանց ճանապարհը Սերժ Սարգսյանն ինքն է ցանկանում թողնել բաց:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20