Սարգսյանի կամ Ալիևի հեռացումը բերելու է նրանց համակարգերի «բացման»

- in Հրապարակ
Serzh Aliyev

Կա տեսակետ, թե ԼՂ խնդիրը կարող է լուծվել, եթե իշխանությունից հեռանան Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, և նրանց փոխարինեն նոր առաջնորդներ:

Այս տեսակետի հիմքում այն մոտեցումն է, որ գործող նախագահները չեն վստահում միմյանց, իսկ ժողովուրդը՝ նրանց: «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում այս մոտեցումը թարմացրել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Այս դիրքորոշումը ռացիոնալության որոշակի բաժին իր մեջ պարունակում է, բայց չափազանց պարզունակ է ու մակերեսային: Նախ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքակսն զարգացումները չեն ենթարկվում միասնական տրամաբանության, ու դժվար է կանխատեսել Սարգսյան-Ալիև զույգի «փաթեթային» հեռացում: Մյուս կողմից՝ խնդիրը ոչ այնքան անձերն են, որքան այն համակարգերը, որ իշխանության են Հայաստանում և Ադրբեջանում: Նրանք բնույթով անտագոնիստական են, գլոբալ առումով պահպանվում են հենց պատերազմի ռեժիմի գոյությամբ և չեն կարող բանակցությունների և կայուն խաղաղության երաշխավոր լինել: Նման համակարգերը զարգացման ռեսուրսի կրող չեն ու չեն կարող նպաստել ոչ միայն խաղաղության գործընթացին, այլ նաև երկու երկրների ժողովրդավարացմանը:

Մյուս կողմից՝ տարածաշրջանում չեն կարող որակական ժողովրդավարական բարեփոխումներ լինել հակամարտության և փակ սահմանների առկայությամբ: Սրանք փոխկապակցված գործընթացներ են, և նույնիսկ դժվար է ասել, թե դրանցից որը կնպաստի մյուսին:

Սակայն խնդիրը դիտարկենք ավելի խորքային հարթության մեջ: Արդյո՞ք Սարգսյանի կամ Ալիևի հեռացումը բերելու է նրանց համակարգերի «բացման» կամ նոր՝ ավելի քաղաքակիրթ համակարգերի հաստատման: Հազիվ թե, որովհետև Հայաստանի ու հատկապես Ադրբեջանի այսօրվա առաջնորդների հեռացում, գոնե տեսանելի ապագայում, հնարավոր է ոչ թե հասարակության կամ ընդդիմության պահանջով կամ միջամտությամբ, այլ բացառապես ներհամակարգային կոմպրոմիսների կամ հակադրությունների միջոցով: Իսկ դրանք նույնիսկ մեծացնելու են համակարգերի անկայունությունը՝ ավելացնելով պատերազմի վերսկսման ռիսկայնությունը:

Մեծ հաշվով, սակայն, խաղաղության պատրաստ չեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն ու քաղաքական համակարգերը, այլև հասարակությունները: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ խաղաղության պլատֆորմով հանդես էր գալիս միայն Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, որը մյուսների «կոնսենսուսային» քննադատության թիրախն էր: Ադրբեջանի ընդդիմությունը ԼՂ հարցում երբեմն հանդես է գալիս ավելի ռադիկալ մոտեցումներով, քան գործող իշխանությունները: Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր հասարակությունները չունեն խաղաղության պոտենցիալ, երկխոսելու ցանկություն:

Իհարկե, այդ պոտենցիալը կա, ու թերևս ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դուրս գա սխեմատիկ մոտեցումների կաղապարից և կարգավորման փաթեթն ուժեղացնի տարածաշրջանի ժողովրդավարացման բաղադրիչով, իսկ կարգավորման գործընթացում հարթակներ ձևավորի երկու հասարակությունների ավելի կրեատիիվ և ինտեգրացիոն ռեսուրս ունեցող սեգմենտների ներգրավման համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20