Սարգսյանն իր երեկվա հայտարարությամբ իրականում հրաժարականի պայման է դրել

- in Հրապարակ
188
Serzh Sargsyan

2017թ. համար վարչապետ Կարեն Կարապետյանը նախատեսել է ընդամենը 3,2 տոկոս տնտեսական աճ: Այդ թիվն ամրագրված է 2017թ. բյուջեի մասին օրենքում: Ուսումնասիրելով նախորդ տարիների կառավարությունների բյուջեները՝ տեսնում ենք, որ նման ցածր ցուցանիշ ընդամենը մեկ անգամ է նախատեսվել:

Դա էլ եղել է անցած տարի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած փաստաթղթով՝ 2,2 տոկոս: Հ. Աբրահամյանը չհասցրեց տարին փակել, այն բաժին հասավ նույն Կ. Կարապետյանին, ով հասցրեց ընդամենը 0,5 տոկոս աճ գրանցել, ինչը կարելի է ասել՝ ոչ թե աճ, այլ ավելի շուտ տնտեսական անկում է: Եվ ինչպես տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էր վերջերս ասել, անցած տարի իրականում անկում է եղել, պարզապես Վիճվարչությունն այդ կես տոկոս աճը նոր վարչապետի պատվին է ցույց տվել: Եթե Հ. Աբրահամյանը շարունակեր պաշտոնավարել, դա էլ ցույց չէին տա:

Կ. Կարապետյանն իր առաջին բյուջեով 2016թ. ընդամենը 1 տոկոս ավելի՝ 3,2 տոկոս տնտեսական աճ սահմանեց այս տարվա համար: Համեմատության համար հիշեցնենք, որ 2013թ. համար այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նախատեսել էր 6,2 տոկոս աճ, բայց ապահովեց 3,5 տոկոսը: 2014թ. նա սահմանեց 5,2 տոկոս և ապրիլին հրաժարական տվեց, եկավ Հ. Աբրահամյանի կառավարությունն ու 3,9 տոկոս աճ ապահովեց: 2015թ. արդեն Հ. Աբրահամյանի կառավարությունը բյուջեով սահմանեց 4,1 տոկոս, բայց ապահովեց 3,1 տոկոս աճ: Եվ ահա 2017թ. Կ. Կարապետյանը 3,2 տոկոս աճ է խոստանում:

Տնտեսագետների վկայությամբ՝ աճի նման ցածր շեմ է նախատեսվել, որպեսզի այն հնարավոր լինի իրականացնել: Եթե իրականում որևէ շարժ էլ տեղի չունենա, մեր բազմափորձ Վիճվարչության համար կարգադրության դեպքում այդքան աճ ցույց տալու համար մեծ ջանքեր պետք չեն լինի: Այդպիսով Կ. Կարապետյանն այդ 3,2 տոկոսով միանգամից երկու հարց է լուծում՝ նախ նախորդ տարվանից 1 տոկոս ավելի բարձր աճ է խոստանում՝ լավ վարչապետի իմիջ ստեղծելով: Եվ որ ամենակարևորն է՝ իր ուսերին մեծ բեռ չի վերցնում՝ 3,2 տոկոս ապահովելը Վիճվարչության օգնությամբ իրատեսական է՝ հատկապես, որ այս տարի տեղի են ունեցել երկու կարևորագույն՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններ, երկուսի դեպքում էլ մեծ փողեր են ծախսվել, ինչը այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության վրա արդեն դրական ազդեցություն է ունեցել:

Բացի այդ, տարին կարող է բարենպաստ լինել, ու աճին մի փոքր խթաներ գյուղատնտեսությունը: Բոլոր տարիների մեր վարչապետների աճի հույսը և անկման սարսափն այդ ոլորտն է եղել: Մյուս կողմից էլ՝ միջազգային, անգամ Ռուսաստանի տնտեսության մոտ է որոշակի ակտիվություն նկատվում: Իսկ ՌԴ-ում տեղի ունեցող բացասական կամ դրական զարգացումներն անմիջապես իրենց նույնանման ազդեցությունն են ունենոււմ Հայաստանի վրա: Միջազգային կառույցներն այյս տարվա համար Ռուսաստանում անգամ փոքրիկ աճ են կանխատեսում: Օրինակ՝ Համաշխարհային բանկը 1,3 տոկոս տնտեսական զարգացում է նախատեսում: Իսկ դա դրականորեն կանդրադառնա մեր երկրի վրա:

Իսկ մեր երկրում ոչ միայն վարչապետները, այլև շարքային քաղաքացիներն էլ գիտեն, որ ընտրական ամիսներին մեզ մոտ տնտեսական ակտիվություն է նկատվում՝ մանրածախ առևտուրն է աճում, բանկերում գործարքների թիվն է ավելանում և այլն: Բնականաբար, բյուջեն կազմելիս և 3,2 տոկոս աճը նախատեսելիս Կ. Կարապետյանը թե՛ դա, թե՛ վերը նշված մյուս գործոնները գիտակցել է: Եթե անգամ ինքնուրույն էլ չգիտակցեր, նրան օգնության կհասներ այդ հարցում բազում տարիների փորձ ունեցող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Այնպես որ, Կ. Կարապետյանն իր ուսերին ընդհանրապես ծանրություն չի վերցրել:

Մինչդեռ տնտեսագետները կարծում են, որ Հայաստանին իրական զարգացում ապահովելու համար տարեկան առնվազն 7-8 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ: 3-4 տոկոս աճը կարող է նկատելի լինել միայն արևմտյան զարգացած երկրներում: Իհարկե, չի բացառվում, որ Կ. Կարապետյանն իրականում ավելին էր նախատեսում: Չէ՞ որ նա խոստանում էր մեծ՝ այս տարվա համար 850 մլն դոլարի ներդրում ապահովել, ինչը հաստատ 3,2-ից ավելի աճ կտար մեր տնտեսությանը: Հավանաբար մեր վարչապետը երազում էր հենց այնպիսի իրավիճակ, որ 2018թ. համար էլ պայքարելու բարոյական իրավունք ունենար: Բայց այդ ներդրումների ծերը չի երևում, հավանաբար չի էլ երևա, և նա շուտով կզգա իրական պատկերն ու կսկսի երազել տարեվերջին իր նախատեսած 3,2 տոկոսը մի կերպ ապահովելու մասին:

Բայց, չգիտես ինչու, միջազգային կառույցներն են անբարեհաճ այդ ցուցանիշի նկատմամբ և ընդամենը 2,7 տոկոս աճ են կանխատեսում: Ավելի դաժան է գտնվել Սերժ Սարգսյանը՝ մայիսի 18-ին հայտարարելով, թե առաջիկա տարիների համար մեր երկիրն առնվազն տարեկան 5 տոկոս աճ պետք է ունենա: Հակառակ պարագայում վարչապետի հրաժարականի համար իրական պատճառ կառաջանա: Չէ՞ որ երեկ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ անդրադառնալով Կ. Կարապետյանի հնարավոր հրաժարականին՝ նա հայտարարել էր, որ դրա համար պատճառ չկա: Պատճառ չկա, քանի որ այս տարվա առաջին ամիսներին տնտեսական ակտիվություն է գրանցվել: Բայց այն սկսել է դանդաղել, գյուղատնտեսությունն էլ բարեհաճ չէ, ներդրումներ չկան, ու այդ պատճառը կամաց-կամաց ուրվագծվում է:

Եվ Ս. Սարգսյանն իր երեկվա հայտարարությամբ իրականում հրաժարականի պայման է դրել՝ մեկ այլ ձևով ամրապնդելով մայիսի 18-ի առաջ քաշած պայմանը: Ավելի շուտ, 2018թ. էլ վարչապետ չլինելու մասին է ակնարկել, որը հրաժարականից ավելի ծանր է: