Սերժ Սարգսյանը, առավել ևս՝ Կարեն Կարապետյանը, դեղատոմս չունեն, չունեն նոր համակարգ ձևավորելու ռեսուրս

- in Հրապարակ
175
Sezh Karen

Ընտրությունները, որպես կանոն, տարբեր երկրներում նպաստում են կայունությանն ու զարգացմանը: Հասարակության վստահության մանդատը հենց այդ առաքելությունն ունի, և չնայած այն հանգամանքին, որ ընտրական գործընթացը կարող է սուր հակադրությունների, նույնիսկ առճակատումների պատճառ դառնալ՝ հանրագումարում կայունացնող գործոն է, որովհետև հասարակության քվեարկությունն ի վերջո քաղաքական կոմպրոմիսների նախադրյալներ է ստեղծում:

Քաղաքական այս օրինաչափությունը Հայաստանում չի գործում: Առաջին հերթին այն պատճառով, որ ընտրական գործընթացի ժամանակ տեղի է ունենում իշխանության ձևավորման գործընթացից, քաղաքականությունից հանրության օտարման գործընթաց: Հենց դա էր ապրիլի 2-ի ընտրությունների այն «կոմպրոմիսը», որը ձևավորեցին Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը ընդդիմության լուռ համաձայնությամբ:

Այս «կոմպրոմիսն» ինքնին կարճաժամկետ ու փխրուն է, որովհետև չի ապահովում կայունություն, ինստիտուցիոնալ զարգացում: Համակարգը, որ ստացել է իշխանություն ձևավորելու մոնոպոլ հնարավորություն, չի կարողանում ռեալիզացնել իր ստացած կամ նվաճած իրավունքը: Խնդիրն ավելի խորքային է ու դուրս է անձերի ընտրության, անգամ նոր իշխանության անձնական հասցեականության հարթությունից:

Վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը՝ դրանից վիճակը սկզբունքորեն չի փոխվում, որովհետև ընտրական գործընթացը չի բերել որակապես նոր համակարգի ձևավորման: Այնպիսի համակարգի ձևավորման, որը համարժեք լիներ երկրի առջև կանգնած արտաքին և ներքին մարտահրավերներին, այն խնդիրներին, որոնք օպերատիվ կամ ռազմավարական լուծում են պահանջում:

Հայաստանի քրեաօլիգարխիան հասել է իր զարգացման պիկին և ամբողջովին սպառել է իրեն, և, մեծ հաշվով, այդ համակարգը կազդուրման, ապաքինման ներուժ չունի: Այն միանգամյա օգտագործման է՝ ինչքան էլ արտաքուստ հզոր երևա և վերարտադրության պատրանք ստեղծի:

Սերժ Սարգսյանը, առավել ևս՝ Կարեն Կարապետյանը, դեղատոմս չունեն, չունեն նոր համակարգ ձևավորելու ռեսուրս: Ահա թե ինչու ապրիլի 2-ի կոնսենսուսը չի գործելու, որովհետև բացակայում է այն համակարգը, որը պետք է լրացներ ընտրությունների և իշխանությունների լեգիտիմության բացը և ինչ-որ կերպ ցեմենտեր իշխանության ու հանրության գործարքը:

Իրավիճակը կարող էր հանգուցալուծվել քաղաքական հարթության մեջ, եթե ունենայինք կենսունակ ընդդիմություն, այլ խոսքով՝ այլընտրանքային օրակարգ: Բայց Սերժ Սարգսյանին քշելն այլընտրանքային օրակարգ չէ, նույնիսկ կիսալուծում չէ, որովհետև չաշխատող մարտկոցին «արհեստական շնչառություն» տալը ժամանակի անիմաստ, մեր պարագայում՝ նաև հանցավոր վատնում է:

2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հնարավոր հեռացումով նոր համակարգ չի ստեղծվում, գործող քրեաօլիգարխիկը փոխվելու իմիտացիա է ստեղծում՝ դառնալով ավելի վտանգավոր ու անկանխատեսելի: Սա քաղաքական աքսիոմ է, որը հասկանալի է անգամ քաղաքագիտության երկրորդ կուրսի ուսանողներին, բայց ոչ՝ մեր իմաստուն քաղաքական դասին:

2018-ի ապրիլից հետո Հայաստանը ցանկացած պարագայում կունենա նոր իշխանություն, սակայն՝ հին ու սպառված համակարգով: Մեզ սպասվում է ոչ թե կայունության և զարգացման հնգամյակ, այլ թվացյալ կայունության խորքում եռացող հրաբուխ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20