Սերժ Սարգսյանը խնդիր ունի ստատուս քվոն պահպանել մինչև հաջորդ տարվա ապրիլ

- in Կարծիք
192
Serzh Sargsyan1

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարություն և ելույթ է ունեցել նիստի մեկնարկին: Որպես կանոն, նախագահը կառավարություն է այցելում, երբ նոր վարչապետին ներկայացնելու խնդիր ունի, կամ էլ ինչ-որ ֆորս-մաժորային իրավիճակ է ստեղծվել:

Վերջին վիճակն արտաքուստ չկա, վարչապետն ու կառավարությունն էլ նոր են միայն ֆորմալ առումով, իրականում հին դեմքերն են և նույն օրակարգը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իր ու ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Հենց այս նախադասությունն էլ բացահայտում է Սարգսյանի այսօրվա այցի իմաստը, նպատակը:

Ըստ ամենայնի, ներհամակարգային հակասություններն ու ճաքերն այնպիսի մասշտաբ ունեն, որ կաթվածահար են անում իշխանության գործունեությունը, և անհրաժեշտ է դարձել, որ Սարգսյանը ներիշխանական ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ նման հայտարարություններ անի: Հակառակ պարագայում Սարգսյանի խոսքը նույնիսկ ժամանակավրեպ է հնչում, որովհետև եթե կառավարության ծրագիրն արդեն հաստատվել է խորհրդարանում, ապա դա ինքնին քաղաքական թիմի միասնականության ցուցադրություն է, դրսևորում: Սակայն ներհամակարգային գործընթացները, ինտրիգները տեղի են ունենում սահմանադրական, լեգալ մարմիններից դուրս, և, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ են դարձրել Սերժ Սարգսյանի հրատապ միջամտությունը:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը խնդիր ունի ստատուս քվոն պահպանել մինչև հաջորդ տարվա ապրիլ, իսկ իշխանության հարցը նրա կողմից շրջանցվել է նաև այսօր: Վստահությունը վիրտուալ, վերացական կատեգորիա է, եթե չի ամրապնդվում ժամկետներով, հստակ մեխանիզմներով, քաղաքական պատասխանատվությամբ:

Սերժ Սարգսյանն այսօր անգամ ակնարկ չի արել, թե Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել նաև 2018-ի ապրիլից հետո: «Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջանն անցնել հնարավորինս անցնցում ու արդյունավետ»,- ասել է նախագահը, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կարեն Կարապետյանը «լիակատար վստահություն» է վայելում միջանկյալ փուլի համար, որն ավարտվելու է ոչ թե հինգ տարի, այլ տասը ամիս կամ մեկ տարի անց:

Սերժ Սարգսյանի այսօրվա այցը կառավարություն գուցե մարտավարական առումով լուծեց համակարգի կայունության հարցը, սակայն իշխանության ձևավորման հարցում ավելի մեծացրեց անորոշությունը:

Կառավարությունից դուրս գալու ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է. «Պարոն Սարգսյան, 2018 թվականից հետո Դո՞ւք եք լինելու վարչապետ»: Սերժ Սարգսյանը ձախ ձեռքը վերև պարզած՝ ասել է. «Չէիք լսո՞ւմ վերևը: Նոր դրա վերաբերյալ խոսել եմ»:

Իրականում «վերևում» Սերժ Սարգսյանն իշխանության հասցեականության մասին ոչինչ էլ չէր ասել, թեև որևէ մեկը նրան չէր խանգարում հայտարարել, որ 2018-ից հետո վարչապետ չի լինելու: Որևէ մեկը չէր խանգարում նաև Կարեն Կարապետյանին խորհրդարանում հայտարարել, թե ինքն է լինելու վարչապետը 2018-ի ապրիլից հետո:

Նման հայտարարություններ մենք չենք լսել, չեն լսել նաև երաշխիքների սպասող գեներալներն ու օլիգարխները: Դրա համար էլ իշխանության ներսում խառն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20