Սերժ Սարգսյանը փաստորեն Կարեն Կարապետյանի շուրջ ստեղծում է խաչաձև կրակի նախադրյալ

- in Կեղտոտ լվացք
179
Sezh Karen

Կարեն Կարապետյանը վայելում է իմ և մեր քաղաքական թիմի լիարժեք վստահությունը. հունիսի 29-ին մասնակցելով կառավարության նիստին՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով կառավարության ծրագրի և առաջիկա անելիքների մասին:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարծես թե բավական միարժեք է և լրացնում է վարչապետի հրաժարականի պատճառ չունենալու մասին նրա հայտնի հայտարարությունը: Սակայն երբ փորձում ենք դիտարկել հայտարարության տողատակը, ինչպես գործնականում բոլոր քաղաքական հայտարարություններում, առավել ևս Սերժ Սարգսյանի դեպքում՝ քանի որ նրա հրապարակային որևէ ելույթ գործնականում երբեք ուղիղ կերպով չի արտացոլել կամ ասոցացվել իրականությանը, ապա ըստ էության արձանագրում ենք, որ նա լիարժեք վստահության մասին հայտարարությամբ իրականում լատենտ անվստահություն է հայտնել վարչապետ Կարապետյանին և նույնիսկ ակնարկել հրաժարականի պատճառի մասին:

Բանն այն է, որ եթե որևէ գործիչ վայելում է Սերժ Սարգսյանի և քաղաքական թիմի, այսինքն՝ իշխանության, այսինքն՝ ՀՀԿ կոչվող կառույցի լիարժեք վստահությունը, դա արդեն իսկ հրաժարականի պատճառ է: Դա պարզ է դառնում, երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ է իշխանությունը:

Իշխանությունը Հայաստանում ոչ թե հանրային բարիք ստեղծող, ոչ թե հանրային ռեսուրսները գեներացնող, այլ դրանք յուրացրած և պետական իշխանության լծակների գործադրմամբ վերարտադրող մի կոնգլոմերատ է: Այդպիսով՝ եթե մի բան կամ մի մարդ վստահելի է այդ կոնգլոմերատի համար, ապա ինքնաբերաբար անվստահելի է դառնում հանրության համար:

Սերժ Սարգսյանը, հայտարարելով կոնգլոմերատի համար վարչապետի վստահության մասին, այն էլ՝ լիարժեք վստահության, փաստորեն հայտարարել է, որ հանրության տեսանկյունից Կարեն Կարապետյանը կամ նրա բարեփոխումների մասին հայտարարությունները և հավաստիացումները լիարժեք անվստահելի են:

Ամենևին պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը կառավարության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ անելիքների շարքում մատնանշել է բավական նուրբ մի հանգամանք՝ հանրությանը բարեփոխումների կարևորությունը բացատրելու անհրաժեշտությունը՝ կարծես թե դրանով ցույց տալով Կարեն Կարապետյանի կառավարության «թույլ տեղը»: Իսկ դա իսկապես խնդիր է, որովհետև հանրության համար որևէ բարեփոխում համոզիչ կարող է լինել այն դեպքում, երբ ակնհայտ է, որ այն շոշափում է, այսպես ասած, իշխող խավի շահերը:

Բանն այն է, որ այդ խավը այնքան է մակաբուծել հանրային շահի վրա, որ ներկայումս գործնականում հնարավոր չէ, որ հանրային շահը վերականգնվի առանց այդ խավի տիրույթները զգալիորեն շոշափելու: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ էլ ինչպե՞ս կարող է այդ խավը լիարժեք վստահել Կարապետյանին: Հետևաբար եթե լիարժեք վստահում են, ինչպես հավաստիացնում է Սերժ Սարգսյանը, ուրեմն վստահ են, որ Կարապետյանը պաշտպանելու է իրենց շահը, ոչ թե հանուն հանրության սահմանափակելու է:

Ահա այդպիսի հակասական իրավիճակ, որ առկա է Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանի՝ իշխանության անունից հայտնած լիարժեք վստահության համատեքստում: Երբ Հայաստանում առկա իշխանությունն է որևէ մեկին լիարժեք վստահություն հայտնում, դա ուղղակի նշանակում է պարզապես այդ մեկի թիրախավորում:

Սերժ Սարգսյանը փաստորեն Կարեն Կարապետյանի շուրջ ստեղծում է խաչաձև կրակի նախադրյալ՝ դնելով նրան հանրության, իսկ այդ թիրախից դուրս գալու կամ խուսափելու դեպքում՝ իշխանության համակարգի նշանառության տակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20