Հակառակը՝ Սերժ Սարգսյանին այս գործով թամաշա է պետք

- in Կարծիք
170
Serj Sargsyan

Առնվազն ֆարս է ՊՊԾ գնդում անցած տարվա հուլիսին կատարվածն իշխանության և ընդդիմության կամ հասարակության դիմակայություն ներկայացնելը:

Քաղաքականության հետ որևէ աղերս չունի, երբ «մաուզերիստների» մի խումբը հակադրվում է մյուսին, եթե նույնիսկ հակադիր խմբավորումները թաքնվում են իշխանության և ապստամբների ցուցանակների տակ: Գործող իշխանությունն իր էությամբ ապաքաղաքական է և իր գործունեությամբ արմատականացնում է հանրային տրամադրությունները: «Սասնա ծռերը» քաղաքական լուծում չէ և արմատականության դիրքերից կենսունակություն է հաղորդում հենց գործող իշխանությանը՝ լեգիտիմացնելով նրա ռեպրեսիվ ռեսուրսը:

Նույն տրամաբանությամբ՝ իրավական որևէ բաղադրիչ չունի «Սասնա ծռերի» գործով ընթացող դատավարությունը: Այն իշխանությունն առավելապես ծառայեցնում է իր շահերին՝ փորձելով մերան դարձնել համակարգի կոնսոլիդացիայի համար, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը ցույց տալ, թե ահաբեկչական ինչ մարտահրավերի է դիմակայում «քաղաքակիրթ» իշխանությունը:

Թյուր է այն կարծիքը, թե իշխանությունը ամեն բան հանգեցնում է դռնփակ դատական ռեժիմի: Հակառակը՝ Սերժ Սարգսյանին այս գործով թամաշա է պետք՝ միջազգային հանրության աչքին իր իշխանությունը հնարավորինս լեգիտիմացնելու և նաև ԼՂ խնդրում Հայաստանի իշխանության ներկայիս «արմատականությունը» հիմնավորելու համար:

Միֆականությունը աղերս չունի քաղաքականության հետ, սակայն Ժիրայր Սեֆիլյանի խմբին բնորոշ է եղել գործունեության հենց սկզբից, անգամ ՊՊԾ գունդը գրավելու օրերին և այս դատավարության ընթացքում:

Երեկ «Ծռերը» դատարանի դահլիճում փաստաբան Արա Ղարագյոզյանի միջոցով փորձել են փոխանակվել հեղափոխական «քսիֆով», որը հետո դարձել է իշխանության սեփականությունը: Առնվազն տարօրինակ է, որ ամբաստանյալի կարգավիճակում հայտնված «Ծռերին» փորձում են ինստրուկցիայի միջոցով «հեղափոխական» դարձնել` «դատավարությունը շուռ տալու և ռեժիմի մահավճռի վերածելու» նպատակով:

Նման պարզունակ կոչերը գուցե հարիր են 90-ականների գործընթացներին, սակայն ոչ այսօրվա իրականությանը: Եթե ՊՊԾ-ն գրավելուց մեկ տարի հետո անգամ մարդիկ նոր ասելիք, թարմ գաղափար չեն գտնում, ապա դատապարտված են պարտության՝ եթե ոչ դատարանի, ապա ժամանակի վճռով:

Այս ամբողջ պատմության մեջ անկեղծորեն զարմացնում են փաստաբանները, ովքեր իրենց լիազորությունները կատարելու փոխարեն՝ հնչեցնում են հեղափոխական կոչեր, դարձել են «ծռության» քաղաքական փաստաբաններ: Այս ֆոնին չես զարմանում, որ դատավորն էլ դարձել է ժանդարմ՝ հենց դատարանի շենքում արտոնելով ամբաստանյալների խոշտանգումը:

Հեղափոխության ֆարս է իր ժանրի մեջ՝ խեղկատակության բոլոր դրսևորումներով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20