Սերժ Սարգսյանի համակարգում նա նույնպիսի ճորտի կարգավիճակ ունի, ինչպես մյուս օլիգարխները

Serj Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակակից Ռուսաստանում օլիգարխների հետ խնդիրներ չի տեսնում:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ 20 տարի առաջ իրեն ապշեցրել էր Մոսկվայում «խարդախների թիվը»: Բնականաբար, Պուտինը հիմա օլիգարխների հետ խնդիրներ չի ունենա, որովհետև նա իր իշխանության առաջնահերթություն դարձրեց Ելցինի ժամանակ ձևավորված օլիգարխիայի ոչնչացումը` մի մասին բանտ նստեցնելով, մյուսներին երկրից վռնդելով, նույնիսկ ոմանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելով: Իհարկե, Պուտինի խնդիրն իրավական երկիր ստեղծելը չէր, նա սեփական ճորտերին էր «նշանակում» օլիգարխ իր անձնական իշխանությունը հաստատելու, ամրապնդելու համար:

Նույն գործընթացն է տեղի ունենում Հայաստանում: Մեր երկրում վայրի օլիգարխացումը սկսվեց 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ Վազգեն Սարգսյանի բացակայությունը հասարակության տականքի ձեռքերն ազատեց, ու Հայաստանում վերջնականապես ձևավորվեց համակարգ, որը միայն անվանապես կապ ունի պետության հետ, իրականում` բարգավաճում է պետության և հասարակության հաշվին` խժռելով երկրի ինքնիշխանությունը, քաղաքացիների ազատությունը:

Քոչարյանի իշխանության վերջում սեփական օլիգարխիան ստեղծեց Սերժ Սարգսյանը` դնելով իր ապագա իշխանության ստրուկտուրալ, կադրային, ֆինանսական հիմքերը: Երբ Սարգսյանի իշխանության առաջին տարիներին նրա շրջապատն անընդհատ խոսում էր Քոչարյանի ժառանգությունից ձերբազատվելու անհրաժեշտության մասին, խոսքը չէր վերաբերում օլիգարխիկ համակարգի վերացմանը, այլ օրակարգային էր սեփական օլիգարխիայի ամրապնդումը, մեծ հաշվով` Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողության հաստատումն օլիգարխիկ համակարգի նկատմամբ: Երբ ինչ-որ փուլում համակարգից դուրս դրվեց Գագիկ Ծառուկյանը կամ ավելի ուշ` նվազեցվեց նրա դերակատարությունը, դա չի ենթադրում պայքար օլիգարխիայի դեմ: Ընդամենը տեղի էր ունենում ֆիլտրում` օլիգարխիկ սեգմենտի նկատմամբ Սարգսյանի իշխանությունն ուժեղացնելու նպատակով: Նույն ֆիլտրման արդյունքում «խաղից» դուրս մնացին Միխայիլ Բաղդասարովը, Հարութ Փամբուկյանը, խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ և հետո` Գագիկ Խաչատրյանն ու Մհեր Սեդրակյանը: Նույնիսկ այն հանգամանքը, որ պետական համակարգից դուրս են մղվում նշային այնպիսի ֆիգուրներ, ինչպիսիք են` Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը կամ Սուրիկ Խաչատրյանը, չի նշանակում, որ քրեաօլիգարխիան հեռացվել կամ պարտվել է: Այդպիսի բան չի եղել, քանի որ Սերժ Սարգսյանը` քրեաօլիգարխիայի հիմնական խորհրդանիշը, միանձնյա շարունակում է վերահսկել իշխանությունը: Վերջին մեկ տարվա փոփոխությունները գուցե արմատական էին, որովհետև ուղղված էին քրեաօլիգարխիկ այնպիսի ստատուս-քվոյի հաստատմանը, որը կերաշխավորի Սերժ Սարգսյանի իշխանությունը, եթե նույնիսկ նա 2018-ի ապրիլին ֆորմալ առումով դադարի ղեկավարել երկիրը: Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին այլընտրանք չէ նաև այդ առումով, որովհետև նա ավելի քիչ ազդեցություն ունի, քան նույնիսկ նախագահի շրջապատի շատ օլիգարխներ: Սերժ Սարգսյանի համակարգում նա նույնպիսի ճորտի կարգավիճակ ունի, ինչպես մյուս օլիգարխները:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.