Սերժ Սարգսյանի համար PR-ի կազմակերպումը համակարգային տրանսֆորմացիայի փուլում

- in Կարծիք
145
serzh-sargsyan

Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Վերջինս «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ երկու կողմերի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

«Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք արտգործնախարարների մակարդակով, այնուհետև կկազմակերպենք նախագահների հանդիպումը»,- ասել է դեսպան Հովհաննիսյանը:

Այս տեղեկատվության մեջ մի քանի ուշագրավ ասպեկտ կա: Առաջինն այն է, որ Հայաստանի դեսպանը Թրամփ-Սարգսյան հնարավոր հանդիպման մասին իրազեկում է Կրեմլի վերահսկողության տակ գտնվող և նրա խոսափողը համարվող «Սպուտնիկի» միջոցով: Տպավորություն է ստեղծվում, թե հայկական կողմը հավաստիացնում է, որ Թրամփ-Սարգսյան հնարավոր հանդիպումը ոչ միայն համաձայնեցված է ռուսական կողմի հետ, այլև որևէ ձևով չի հակադրվի Մոսկվայի շահերին: Մեր դիվանագիտության նման պահվածքը զարմանալի չէ, եթե հիշենք, որ շաբաթներ առաջ Երևանում տեղի էր ունեցել խորհրդակցություն ՀՀ և ՌԴ ԱԳ-ների մակարդակով, որի ընթացքում, ըստ էության, «խմբագրվել» էր Հայաստանի ամերիկյան քաղաքականությունը:

Մյուս կոդմից՝ զարմացնում է Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի այն պնդումը, թե հանդիպումը պետք է կազմակերպել հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Այնպիսի տպավորություն է, որ հայկական դիվանագիտությունը շեշտը դնում է ոչ այնքան հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը խթանելու անհրաժեշտության վրա, որքան կարևորում է Սերժ Սարգսյանի համար PR-ի կազմակերպումը համակարգային տրանսֆորմացիայի փուլում, երբ նոր իշխանության կազմակերպման նրա մտադրությունները միջազգային հավանության, լեգիտիմության կարիք ունեն:

Հայ-ամերիկյան երկխոսությունն անհրաժեշտություն է, և դրանում առանցքային նշանակություն է վերապահված բարձր մակարդակի շփումներին: Սա անվիճելի է և չի կարւղ լինել երկրորդ կարծիք, սակայն անթույլատրելի է, երբ փորձ է արվում նման կարևոր հարաբերությունները հարմարեցնել Հայաստանի ներքաղաքական օրակարգին, կոնյունկտուրային:

Ի վերջո, Թրամփ-Սարգսյան հանդիպման հեռանկարն ավելի առարկայական կդառնար, եթե Հայաստանի իշխանություններն արձագանքեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ամերիկյան ութ միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու առաջարկ-պատրաստակամությանը: Դա նաև որոշակի ռեստարտ կլիներ հայ-ամերիյան հարաբերություններում՝ Թրամփ-Սարգսյան հնարավոր հանդիպումը արարողակարգայինից վերածելով խիստ բովանդակային երկխոսության:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20