Սերժ Սարգսյանն ըստ էության վերացրեց տեղական ինքնակառավարումը Երևանում

- in Կարծիք
87
Serj Sargsyan

Տարոն Մարգարյանը Երևանը ղեկավարում է վեց տարի և այսօր արդեն երրորդ անգամ երդմնակալության պաշտոնական արարողությամբ կստանձնի իր պաշտոնը:

Չնայած այս հանգամանքին՝ Տարոն Մարգարյանը մեծ հաշվով պատահական հանգամանքների բերումով է հայտնվել պատասխանատու այս պաշտոնում և շարունակում է պաշտոնավարել հատկապես այն բանի շնորհիվ, որ Սերժ Սարգսյանը զբաղված է եղել իշխանության կազմակերպման, հիմա էլ՝ տրանսֆորմացիայի բարդ խնդրով և, ըստ էության, ժամանակ չի ունեցել զբաղվելու Երևանի հարցով:

Երևանի կառավարման համակարգը փոխվեց հենց Սարգսյանի նախագահության սկզբում, երբ քաղաքապետը դադարեց լինել տարածքային կառավարման ղեկավար և ընտրվեց երևանցիների կողմից՝ ավագանու ընտրությունների միջոցով:

Նոր ընտրական և կառավարման համակարգերով Երևանի առաջին քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր՝ հակասական մի ֆիգուր, ով քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչն է, մյուս կողմից՝ ուներ որոշակի խարիզմա, ինչը նրան թույլ տվեց, 2009թ.-ի ընտրություններում մեծ հաշվով առանց ցնցումների հաղթել իր մրցակիցներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հիմնական ախոյան, այդ օրերի ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Գուցե նաև այս հանգամանքը ճակատագրական եղավ Գագիկ Բեգլարյանի համար, որովհետև շատերը խոսում էին այն մասին, որ «Չոռնի Գագո» մականունով քաղաքապետը շատ ավելի պոպուլյար է, քան նրա պատրոնը՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս իր պաշտոնավարման տարիներին ապացուցել է, որ չի հանդուրժում կայացած մարդկանց, ու չնայած արտաքուստ ցուցաբերվող հավատարմությանը՝ Գագիկ Բեգլարյանը երբեք չի թաքցրել իր ամբիցիաները:

2010-ի դեկտեմբերին Բեգլարյանի հրաժարականի ֆորմալ առիթ դարձավ էլիտար համերգի ժամանակ նրա կնոջ հետ կապված մի աննշան իրադարձություն, ինչի հետևանքով Բեգլարյանը դաժան ծեծի ենթարկեց նախագահականի արարողակարգի պատասխանատուներից մեկին: Բայց սա, ըստ էության, հարմար առիթ էր կամ միջադեպ, որի միջոցով սադրեցին Բեգլարյանին: Վերջինիս հետ զուգահեռաբար նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացվեց «Տաշիրի» Կարեն Կարապետյանը, և ակնհայտ էր, որ թուլացած ընդդիմության ֆոնին Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իշխանության նոր՝ իր համար ավելի հնազանդ ստատուս քվոյի ձևավորմանը:

Պատահական չէ, որ Գագիկ Բեգլարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում փոխարինելու եկավ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ իր ապաքաղաքական կերպարով և մենեջերի իմիջի շեփորահարումով: Դժվար է հիշել որևէ էական բան, որ քաղաքապետության ութ ամիսներին կարող է կապվել Կարապետյանի անձի հետ: Բայց Կարապետյանի կենսագրության այդ կարճ շրջանը բացահայտեց նրա էությունը, Հայաստանի հետ նրա հոգևոր կապի բացակայությունը: Երևանի քաղաքապետի պատվաբեր պաշտոնը նա լքեց, երբ «Գազպրոմի» կողմից բարձր ռոճիկով աշխատանքի հրավեր ստացավ Մոսկվայում: Թվում է՝ այսպիսի մարդու համար պետք է փակվեին Հայաստանի իշխանություն հետդարձի ճանապարհները, սակայն նա հիմա վարչապետի պաշտոնում է՝ ամբողջական իշխանություն ունենալու հավակնությամբ:

Տարոն Մարգարյանը քաղաքապետ դարձավ 2011թ.-ին, որովհետև Սարգսյանը չուներ այլ՝ ավելի հարմար թեկնածու և ընտրեց անշառ մեկին՝ 2012-13թթ. ընտրական ցիկլից առաջ չցանկանալով իշխանության ներսում ուժերի բալանս խախտել: Տարոն Մսրգարյանը, ի տարբերություն Գագիկ Բեգլարյանի, չունի քաղաքական հավակնություններ, և նրա միջոցով Սերժ Սարգսյանն ըստ էության վերացրեց տեղական ինքնակառավարումը Երևանում: «Տարոն ջան, սիրուն չի» թևավոր արտահայտությունը դարձել է Սարգսյանից Մարգարյանի ունեցած մեծ կախվածության խորհրդանիշը:

Այսօր Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետությունը ստանձնում է չորս տարով, բայց չկա որևէ երաշխիք, որ նա պաշտոնում կմնա ամբողջ ժամկետով: Շատ հնարավոր է՝ 2018-ի իշխանության տրանսֆորմացիայից հետո Սարգսյանը վերջապես զբաղվի Երևանով, ու ի հայտ գան նոր գործոններ, որոնք Տարոնին ստիպեն հեռանալ Երևանի քաղաքապետի պաշտոնից կամ տեղափոխվել այլ աշխստանքի: Նա պատահական է հայտնվել իր այսօրվա պաշտոնում և այն կթողնի, երբ Երևանի խնդիրը Սարգսյանի նոր իշխանության համատեքստում սկզբունքային դառնա: