Սուտն ու կեղծիքը կարևոր բաղկացուցիչներ են մեր պետական քաղաքականության, քարոզչության համար

- in Տնտեսական
Serzh Sargsyan

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացրել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ ամենալավատեսական սցենարով մինչեւ 2050թ. ՀՀ բնակչությունը հնարավոր է դառնա 3 միլիոն 200.000:

«Սա այն դեպքում, եթե ժողովրդագրության կայունացման ուղղությամբ լուրջ քաղաքականություն տարվի, եւ անկանխատեսելի իրավիճակներ, ինչպես օրինակ՝ քառօրյա պատերազմներ, չլինեն: Իսկ ամենավատատեսական սցենարով՝ նշյալ ժամանակահատվածում բնակչության թիվը կլինի 2 միլիոնից պակաս: Իսկ ծնունդների թիվը կարող է կտրուկ նվազել 2024-2030 թվականներին»,-ասել է Գարիկ Հայրապետյանը:

Անշուշտ, մենք գործ ունենք մասնագիտական, փորձագիտական լուրջ ուսումնասիրության հետ ու առնվազն կոռեկտ չէ կասկածի տակ դնել դրա արժանահավատությունը, մանավանդ, որ խոսքը միջազգային հեղինակավոր կազմակերպության մասին է, որը Հայաստանում քաղաքական հետաքրքրություններ չունի:

Մյուս կողմից` բոլորս հիշում ենք, որ ԱԺ աշխատանքի մեկնարկին Սերժ Սարգսյանը խոստանում էր 2040 թ.-ին Հայաստանի բնակչության թիվը հասցնել չորս միլիոնի: Սերժ Սարգսյանն, ի տարբերություն ՄԱԿ-ի փորձագետների, Հայաստանում ունի կոնկրետ քաղաքական շահեր և, այսպես ասենք, կարող է տրվել փաստերն ու թվերը մանիպուլացնելու գայթակղությանը: Իհարկե, մայիսի 18-ին Սերժ Սարգսյանն ակնհայտորեն դրա անհրաժեշտությունը չուներ, որովհետև համապետական ընտրությունները նոր են ավարտվել ու առնվազն հինգ տարի հասարակության «ուղեղները լվանալու» անհրաժեշտություն չկա: Մնում է ենթադրել, որ երկրի առաջին դեմքն իրեն շրջապատել է դիլենտանտներով, ովքեր նրան ոչ թե մասնագիտական խորհուրդներ են տալիս, այլ ասում են բաներ, որոնք կարող են հաճո լինել շեֆի ականջին:

Սակայն խնդիրն ավելի գլոբալ է ու չի վերաբերում միայն Սերժ Սարգսյանին ու նրա աշխատակազմին կամ մեկ ելույթի: Սուտն ու կեղծիքը կարևոր բաղկացուցիչներ են մեր պետական քաղաքականության, քարոզչության համար: Օրինակ, անցած տարի Գևորգ Կոստանյանին ազատեցին գլխավոր դատախազի պաշտոնից, բայց այդ փաստը հանրությանը հրամցրեցին այնպես, թե իբր Գևորգ Կոստանյանը ծանր հիվանդ է և բուժման կարիք ունի: Բարեբախտաբար, Կոստանյանն ողջ և առողջ ու ոչ միայն պատգամավոր է, այլ նաև հասցնում է պետության շահերը պաշտպանել ՄԻԵԴ-ում: Կամ կառավարությունը խստանում է տարեկան երեք միլիոն զբոսաշրջիկ ընդունել մի երկրում, որը պատշաճ չի կարողանում հյուրերին սպասարկել նույնիսկ մասշտաբային համազգային կամ միջազգային միջոցառումների ժամանակ: Իշխանությունների նկատմամբ տոտալ անվստահության պայմաններում` ստի և կեղծիքի քաղաքականությունը մարդկանց ավելի է օտարում պետությունից, վերջնականապես սպանում է հավատը խոսքի և քաղաքականության հանդեպ: Դրա պատկերը տեսանք վերջին ընտրություններում, երբ խոսքն անգամ տաս հազար դրամի արժեք չուներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20