Վարչապետի հաշվարկը շատ պարզ է. նա թիրախավորում է Սերժ Սարգսյանի մարդկանց

- in Հրապարակ
189
Sezh Karen

Այնպիսի տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը չի տիրապետում Հայաստանի օրենսդրությանը: Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել փաստերը, որ նա մեկ ամիս առաջ աղբահանության հարցով հանձնարարություն էր տալիս Վլադիմիր Գասպարյանին, նախօրեին էլ ոստիկանապետը հանձնարարություն-դիտողություն ստացավ «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսիստների թեմայով:

Շատ հնարավոր է, որ վարչապետը չի հասցրել հանգամանալից ուսումնասիրել Հայաստանի օրենսդրությունը՝ Մոսկվայից Երևան տեղափոխվելուց հետո հազիվ ժամանակ գտնելով տնտեսության «ախտորոշման» համար:

Բայց ավելի հավանական է, որ Կարեն Կարապետյանը լավ էլ տիրապետում է օրենսդրությանը, սակայն տեղը չի բերում, թե ով է Վլադիմիր Գասպարյանը: Իսկ վերջինս ոչ միայն Հայաստանի ոստիկանապետն է, այլ նաև Սերժ Սարգսյանի համակարգի առանցքային դեմքերից մեկը, ու երբ Կարապետյանը դիտողություն է անում Գասպարյանին, նա «քար է նետում» Սարգսյանի բոստանը:

Իսկ գուցե Կարեն Կարապետյանը լավ էլ հասկանում է արածի տրամաբանությունը և, այսպես ասենք, միտումնավոր սրում է հարաբերությունները Սարգսյանի հետ՝ թիրախ դարձնելով նախագահի շրջապատի մարդկանց: Ընդ որում, եթե հավատանք մամուլի հրապարակումներին, ապա վերջին օրերին վարչապետի կողմից թիրախավորվել է ոչ միայն Վլադիմիր Գասպարյանը, այլ նաև ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանը, ով ևս մտերիմ հարաբերությունների մեջ է Սարգսյանի հետ:

«Փաստինֆո» գործակալությունը նախօրեին տեղեկություն է տարածել, որ ՊԵԿի մոտ 50 զինված աշխատակիցներ մտել են Պողոսյանին պատկանող «Քեթրին-գրուպ» ընկերության տարածք, առգրավել են նյութեր, համակարգիչներ:

Միգուցե մի փոքր տարօրինակ թվա, որ Կարապետյանը նախահարձակ է լինում այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ Տավուշից հայտարարեց ներիշխանական «զինադադարի» մասին: Իրականում, սակայն, որևէ տարօրինակ բան չկա, որովհետև Կարեն Կարապետյանը, Հայաստանի այլ քաղաքացիների նման, որևէ հիմք չունի հավատալու Սերժ Սարգսյանի խոսքին: Նա գուցե նախագահին հասկացնում է, որ այն մարդը չէ, ում գլխի տակ կարելի է «փափուկ բարձ» դնել:

Ընդ որում, նախահարձակ լինելն անպայման չի ենթադրում, որ Կարեն Կարապետյանը դիրքային առավելություն ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ճիշտ հակառակը՝ շախմատային լեզվով ասած, նա ցայտնոտի մեջ է, առնվազն ժամանակ չունենալու պատճառով զգում է իր մոտալուտ պարտությունը և որոշել է վաբանկ գնալ, անել մի քայլ, որը կարող է խառնել մրցակցի հաշիվները:

Կարապետյանի «պատերազմը» մեկ իմաստ ունի. նա ձգտում է Սերժ Սարգսյանին զրկել մանևրելու հնարավորությունից: Այլ խոսքով՝ Կարապետյանը նախագահին դրդում է, որպեսզի իրեն պաշտոնից ազատի հենց այս պահին, եթե դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա հաջորդ տարվա ապրիլին:

Այսինքն՝ Կարապետյանը Սարգսյանին ցանկանում է զրկել երկընտրանքից՝ հրաշալի հասկանալով, որ առնվազն 10 ամիս, իսկ գուցե մի փոքր ավելի շատ, նա պետք է Սերժ Սարգսյանին: Վերջինս հիմա Կարապետյանին աշխատանքից ազատել չի ուզում, որովհետև համարում է, որ բավականին թանկ է վճարել այս «PR նախագծի» համար, որի կարիքը դեռ ունի:

Մյուս կողմից՝ Կարապետյանի այս պահի հեռացումով իշխանության ներսում առաջանալու է վտանգավոր վակուում, որն ավելորդ գլխացավանք է Սարգսյանի համար: Մի խոսքով՝ Սարգսյանին ձեռնտու չէ այս պահին ազատվել Կարապետյանից, ինչը գիտակցելով՝ վերջինս սադրում է իրավիճակը:

Վարչապետի հաշվարկը շատ պարզ է. նա թիրախավորում է Սերժ Սարգսյանի մարդկանց՝ այն հույսով, որ համակարգում դա կարող է ուժերի բալանս փոխել՝ մարդկանց մոտ տպավորություն ստեղծելով, թե փոխվել է «ասողը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20