Վարչապետն ադեկվատ չի արձագանքում ստեղծված իրավիճակին

- in Տնտեսական
170
Karen Karapetyan

Այսօր կառավարությունն իր արտահերթ նիստում հաստատել է իր գործունեության ծրագիրն առաջիկա հնգամյակի համար և այս հարցով հունիսի 21-ին նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ: Բնականաբար, սյուրպրիզներ չեն սպասվում, և միակ՝ ոչ այնքան նշանակալի ինտրիգը կապված է «Ծառուկյան» դաշինքի քվեարկության հետ:

Այս ծրագիրը զուտ կառուցվածքային առումով շատ ավելի համապարփակ փաստաթուղթ է, քան այն, ինչ Կարեն Կարապետյանը ներկայացրել էր անցած աշնանը: Ծրագրի մյուս ուշագրավ կողմն այն է, որ ներկայացված է անցած ինը ամիսների գործունեության կատարողականը: Քանի որ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ անցած ամիսներին կառավարությունը չի ունեցել որևէ ուշագրավ ձեռքբերում, այդ շրջանի աշխատանքը բնորոշվում է «ախտորոշում» բառով:

Աշխատանքի արդյունավետության բացը սովորաբար լրացվում է նման՝ ոչինչ չասող բառերով, մանավանդ Կարապետյանի կառավարությունն ակնհայտորեն կաշկանդված է եղել նաև ժանանակավորության բարդույթով:

Խնդիրն այն է, սակայն, որ ժամանակավորության բարդույթը Կարեն Կսրապետյանի կառավարությանն ուղեկցում է նաև այսօր, որովհետև խորհրդարանական ընտրությունները չեն տվել ապագա իշխանության անվանական հասցեականության հարցի պատասխանը:

Այնպիսի տպավորություն է, որ գործող վարչապետն ադեկվատ չի կարողանում արձագանքել ստեղծված իրավիճակին: Եթե նա իսկապես ունի հաջորդ տարվանից երկիրը ղեկավարելու հավակնություններ, ապա «ախտորոշելու» փոխարեն պետք է զբաղվեր նոր որակի, նոր համակարգի ստեղծմամբ, ստեղծեր վիճակ, որն անխուսափելի կդարձներ Սերժ Սարգսյանի հեռացումը մյուս տարվա ապրիլին:

Օրինակ՝ Կարեն Կարապետյանը պետք է ոչ թե հեքիաթներ պատմեր Ռուսաստանի հայերից սպասվող երեք միլիարդ ներդրումների մասին, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեր երկիրը քրեաօլիգարխիկ համակարգից ազատելու, մրցակցային պայմաններ ապահովելու և, օրինակ, ամերիկյան ութ միլիարդ ներդրումների հնարավորությունն ապահովելու համար:

Երբ մարդն ունենում է քաղաքական ամբիցիաներ, դրանց ինստիտուցիոնալ բնույթ է հաղորդում կոնկրետ համակարգեր ստեղծելու և ծրագրեր իրականացնելու միջոցով: Կարեն Կարապետյանի գործողություններում կրեատիվիզմի որևէ դրսևորում չկա, բացակայում են նոր համակարգի ստեղծման նախադրյալները:

Այս ամենը կասկածի տակ է դնում նրա հավակնությունների անկեղծությունը կամ առնվազն դրանց իրատեսական լինելը, մանավանդ Կարեն Կարապետյանը քայլ է արել գործող համակարգին ինտեգրվելու ուղղությամբ՝ դառնալով ՀՀԿ փոխնախագահ:

Մնում է ենթադրել, որ ախտորոշմանը հաջորդելու է «հիվանդի» համար «ռեցեպտ» կազմելու փուլը, որը կձգվի մինչև հաջորդ տարվա ապրիլը, իսկ «հիվանդին» բուժելու կամ չբուժելու առաքելությունը կմնա արդեն նոր վարչապետի վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20