Տեղի է ունենալու քաղաքական դերերի և դերակատարների կտրուկ վերաիմաստավորում

- in Հրապարակ
129
Serzh Sargsyan

Թեև ընդդիմության համախմբման մասին «Ժառանգություն» կուսակցության առաջարկը մեծ դժվարությամբ է հնարավոր դիտարկել հասարակական-քաղաքական օրակարգում լուրջ ընկալման ենթակա, հատկապես, երբ այդ լրջությունը նկատելի չէ անգամ «Ժառանգության» նախընտրական դաշնակիցներ Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի մոտ, և նրանց ներկայությունը կուսակցության համագումարին, ավելի շուտ, ընդամենը քաղաքավարության և հարգանքի, քան քաղաքական հետաքրքրության դրսևորում էր, այդուհանդերձ, այսպես ասած արտախորհրդարանական դաշտի քաղաքական զարգացումները Հայաստանի ներքաղաքական օրակարգում ամենայն հավանականությամբ տեղ կունենան:

Իհարկե յուրաքանչյուր կուսակցության դերակատարում, հեռանկար, յուրաքանչյուր գործչի ազդեցություն ունի առանձին և հանգամանալից դիտարկման անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի քիչ թե շատ ճշգրտությամբ պատկերացնել կամ կանխատեսել հնարավոր զարգացման միտումներ, վեկտորներ և այլն: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է մի բան, որ Հայաստանի խորհրդարանի ընտրության ապրիլի 2-ի արդյունքը գործնականում ձևավորել է, այսպես ասած, ներքաղաքական «առաջին խումբ», որտեղ «թիմերը» պայքարելու են «բարձրագույն խումբ» վերադառնալու համար: Ըստ էության, դա նոր կառավարման մոդելի պայմաններում բազմաշերտ քաղաքական իրականության շերտերից մեկն է, ինչպես խորհրդարանում ձևավորված դե յուրե և դե ֆակտո մեծամասնության շերտերը:

ՀՀԿ-ն ձևավորեց միանձնյա մեծամասնություն, սակայն ակնհայտ է նաև, որ իրական մեծամասնությունը խորհրդարանում ունի բոլորովին այլ կազմ: Այս իմաստով, խորհրդարանի մասով էլ դե յուրե խորհրդարանի առկայության պայմաններում գոյություն ունի փաստորեն նաև դե ֆակտո մեկ այլ խորհրդարան կամ արտախորհրդարան, որտեղ քաղաքական սուբյեկտության ներուժը պակաս չէ, քան խորհրդարանում: Ապրիլի 2-ին խորհրդարան չմտած ուժերի ցանկը նույնիսկ ավելի հարուստ է, քան նրանց, որոնք հայտնվել են խորհրդարանում և այստեղ ակնհայտ է, որ առկա է բավականին մեծ մրցակցություն հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ: Իսկ այդ մրցակցությունն անկասկած իր հետ բերելու է վերադասավորումների և վերախմբավորումների նոր ալիք՝ վաղ, թե ուշ: Մրցակցությունից դուրս են իհարկե ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, որտեղ ծավալվելու են տրանսֆորմացիոն այլ գործընթացներ, որոնց դեպքում պետք չէ բացառել երկու ուժերի վերախմբավորումը:

Ընդհանրապես, 2018-ից հետո, անկախ որևէ հանգուցալուծումից, անկախ վարչապետի վերանշանակումից կամ նոր վարչապետի նշանակումից, անկախ Սերժ Սարգսյանի կարգավիճակից, տեղի է ունենալու քաղաքական դերերի և դերակատարների կտրուկ վերաիմաստավորում: Բաժանելով քաղաքական համակարգը դե ֆակտո մի քանի շերտերի, Սերժ Սարգսյանը փորձել է գործնականում իշխանության համակարգի համար ձևավորել ապահովագրական բազմագոտի իրավիճակ, հաշվի առնելով անցումային փուլի ռիսկային առանձնահատկությունները, երբ իրավիճակը կարող է դուրս գալ կառավարումից կամ վերահսկողությունից: Բազմաշերտ իրականությունը գործնականում կլինի անցումային փուլի «ինքնակառավարման» համակարգը կամ պարզ ասած՝ «ավտոպիլոտը», ինչպես ավիացիայում:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե ո՞վ է լինելու օդաչուն, որ կվերցնի ղեկը օդանավի բարեհաջող վայրէջքը ապահովելու համար, քանի որ հնարավոր չէ անվերջ ապավինել «ինքնակառավարման» համակարգին և ինչ-որ պահի օդաչուն ստիպված է անջատել «ավտոպիլոտն» ու բարեհաջող իջեցնել օդանավը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20