Ցանկացած ծայրահեղություն բխում է իշխող համակարգի շահից

- in Հրապարակ
126
Raffi Menter

Հայաստանի ներքաղաքական օրակարգում կրկին հայտնվել է ընդդիմության համախմբման հարցը, որն այս անգամ առաջ է բերել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սովորաբար այդ հարցը օրակարգում հայտնվում է ընտրություններից առաջ, և այս իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը առանձնահատուկ է: Բայց միայն այդ իմաստով, որովհետև ընդդիմության համախմբման թեման Հայաստանում թերևս ամենածեծված և արժեզրկված թեմաներից մեկն է: Ավելին, դրան «անդրադառնում» են այն ժամանակ, երբ այլևս չի լինում ուրիշ անելիք՝ ավելի բովանդակալից և ավելի հեռանկարային, ավելի կենսունակ:

Ընդդիմության միասնականությունն ու համախմբումը հնչում են իսկապես գայթակղիչ, և շատ դժվար է ասել, որ դա վատ բան է: Սակայն այստեղ էլ հենց սկսվում է մանիպուլյացիան, քանի որ խնդիրը լավ ու վատ բանը չէ, այլ այն, թե ինչ նպատակ և նպատակին հասնելու ինչ միջոցներ է ներառում միասնականությունը կամ համախմբումը: Այստեղ պատասխանը գործնականում զրո է, որովհետև բացի, այսպես ասած, քանակական էֆեկտի տրամաբանությունից՝ ընդդիմության միասնականության կամ համախմբման թեման Հայաստանում չի պարունակել այլ տրամաբանություն:

Եթե քանակական էֆեկտի տրամաբանությունը նախկինում ունենում էր որոշակի ազդեցություն, ապա ներկայումս այդ ազդեցությունը գործնականում զրո է, քանի որ վերջին տասնամյակում հայաստանյան ներքաղաքական կյանքում ի հայտ են եկել մի շարք նոր իրողություններ, և ընդհանրապես բավական փոխվել է աշխարհը՝ Հայաստանի վրա իր ազդեցությամբ: Այդ նոր իրավիճակում ընդդիմության միասնականության քանակական էֆեկտը բացարձակապես անպետք գործոն է, որը չունի որևէ ազդեցություն նոր իրավիճակին ընդդիմադիր ուժերից շատ ավելի համարժեք հանրային տրամադրությունների վրա:

Այդ իրավիճակում Հայաստանում առկա է ներքաղաքական նոր օրակարգի, նոր առաջարկների, նոր բովանդակության, հանրային մասնակցայնության կամ ներկայացուցչականության նոր որակներ և մեխանիզմներ, նոր բովանդակություն պարունակող ընդդիմադիր գործունեության խիստ անհրաժեշտություն:

Բայց հրապարակ է բերվում ոչ թե նոր, այլ հին մի առաջարկ՝ միավորվել և ստեղծել մեկ ուժ, որի տեսական հմայքից զատ, գործնական իմաստով անկենսունակության հարցում թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը համոզվել են բազմաթիվ անգամ:

Ըստ այդմ, հարց է առաջանում՝ ո՞րն է նոր իրավիճակում հերթական անգամ հին, արդեն մեռելածին գաղափարների շրջանառման, օրակարգը դրանցով լցնելու իմաստը: Ընդ որում, առավել ևս, որ մեծ հաշվով խոսքը գաղափարի մասին էլ չէ, այլ ընդամենը մեխանիզմի: Հին մեխանիզմ՝ առանց ոչ միայն նոր գաղափարի, այլև գործնականում առանց գաղափարի ընդհանրապես:

Հասարակական-քաղաքական այլընտրանքային մտքի դիսկուրսը սպանելու ավելի լավ տարբերակ թերևս հնարավոր չէ պատկերացնել: Միևնույն ժամանակ, դիսկուրսի բացակայության խնդիրն իհարկե վատ մոռացված հին մեխանիզմներին կենդանություն տալու անհասկանալի և չհիմնավորված փորձերը չեն: Առանցքային խնդիրն այն է, որ չկան այլ փորձեր, չկան այլընտրանքային դիսկուրսը քաղաքական օրակարգ բերելու նորարար փորձեր: Հասարակական տրամադրություններն այդ վակուումի պայմաններում հասնում են ծայրահեղացման՝ կա՛մ ծայրահեղ դեպրեսիայի, կա՛մ ծայրահեղ ագրեսիայի:

Ցանկացած ծայրահեղություն բխում է իշխող համակարգի շահից՝ թե՛ դեպրեսիան, թե՛ ագրեսիան: Դեպրեսիան մարդկանց դարձնում է որևէ բանում անկենսունակ, անմրցունակ, իրավունքների պաշտպանության հարցում իներտ, կենտրոնացնում միայն «արտագաղթի իրավունքի» վրա, իսկ ագրեսիան իշխանությանը տալիս է սեփական ուժային բնույթը արդարացնելու, այսպես ասած՝ լեգիտիմացնելու հնարավորություն, ինչից, ի դեպ, իշխանությունը վերջին շրջանում, հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո, օգտվում է հմտորեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20