Փլվում է այն լեգենդը, թե գործող վարչապետն իբրև թե Ռուսաստանի «մարդն» է

- in Հրապարակ
423
Karen Karapetyan

Այսօր ասուլիս է տվել Մտավորականների ֆորումի անդամ, գիտնական Վահան Համազասպյանը և խիստ քննադատություն հնչեցնելով Կարեն Կարապետյանի հասցեին` պահաջել է նրա հրաժարականը: Հետո ինչ` կասի ընթերցողը, մարդ է, կարծիք է հայտնել:

Միանգամայն ճիշտ է, խնդիրն այն է, սակայն, որ Մտավորականների ֆորումը կառույց է, որն առնչվում է ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանի անվան հետ: Պատահական չէ, որ այսօրվա ասուլիսին մասնակցել է նաև դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը` Աբրահամյանի հայաստանյան «աջ ձեռքը»:

Այս պատմության ուշագրավ կողմն այն է, որ Կարապետյանը հարվածը ստանում է փաստացի Մոսկվայից և փլվում է այն լեգենդը, թե գործող վարչապետն իբրև թե Ռուսաստանի «մարդն» է: Արա Աբրահամյանն, իհարկե, Կարեն Կարապետյանի հետ ընդհարվելու անձնական պատճառ ունի, որովհետև նա տարիներ շարունակ «մոնոպոլացրել» էր հայ-ռուսական հարաբերությունները և ակնհայտ խանդով է նայում Կարեն Կարապետյանին, ով փաստորեն «նստած» է նույն գծի վրա: Դա էր պատճառը, որ Աբրահամյանը չընդգրկվեց Ներդրողների ակումբում, մանավանդ, Ռուսաստանի հայերի միության նախագահը, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի տնտեսա-քաղաքական «ներդրող» Սամվել Կարապետյանի հետ: Մամուլի հրապարակումների համաձայն, վերջերս էլ Ռուսաստանի հայերի միության նախագահը Երևանում նեղ շրջանակում կասկած էր հայտնել, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ներդրումային ակումբում հայտնված մարդիկ ի վիճակի կլինեն խոստացված փողը Հայաստան բերել։ Այսքանը` հակադրության հայկական համատեքստի մասին:

Մյուս կողմից` Արա Աբրահամյանն այսօր չի տիրապետում այնպիսի ռեսուրսների, որպեսզի ինքնուրույն կռիվ տա Կարեն Կարեպետյանի, առավել ևս` Սամվել Կարապետյանի դեմ: Ամենայն հավանականությամբ` Ռուսաստանի հայերի միության նախագահին նման բան հուշել են Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանության միջանցքներից, կամ էլ` երկուսով համատեղ: Որ վարկածն էլ ճիշտ լինի, սկսված է Կարապետյանի հեռացման քարոզչական կամպանիան և ուշագրավ է, որ դրա ազդակը գալիս է Մոսկվայից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20