Քաղաքային իշխանության վերնախավը արտացոլում է քրեաօլիգարխիկ ստստուս քվոն

- in Կեղտոտ լվացք
120
Taron Margaryan

Եթե կողքից հետևեն հայաստանյան իրադարձություններին, ապա կարող է թվալ, որ մենք ապրում ենք իդեալական կյանքով: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն իրար հետևից համոզիչ հաղթանակներ է տանում խորհրդարանական և Երևանի ընտրություններում:

Ընտրությունները, որպես կանոն, իրենց մեջ զարգացման, փոփոխության ռեսուրս են պարունակում, եթե նույնիսկ կուսակցությունը պահպանել է իշխանությունը: Միևնույն է՝ ընտրությունները սահմանագիծ են, որից այն կողմ հանրային նոր սպասումներ են, առաջնահերթությունների նոր օրակարգ:

Հայաստանում այս օրինաչափությունը չի գործում՝ թերևս այն պատճառով, որ ընտրությունները կապ չունեն ո՛չ հանրային տրամադրությունների, ոչ էլ հասարակության ձևավորած օրակարգի հետ: Պատահական չէ, որ ընտրություններից հետո գրեթե ամբողջ կազմով վերանշանակվեց կառավարությունը, իսկ քիչ առաջ Երևանի ավագանին վերանշանակեց Երևանի քաղաքապետի բոլոր չորս տեղակալներին:

Ընդ որում, քաղաքային իշխանության վերնախավը արտացոլում է քրեաօլիգարխիկ այն ստստուս քվոն, որն առկա է երկրում: Այդ համակարգի կողմից Երևանում «նայող» է նշանակվել Տարոն Մարգարյանը, ու թեև նրա իշխանությունը մայրաքաղաքում արտաքուստ բացարձակ է թվում, նա, ըստ էության, ոչ թե ընտրովի քաղաքապետ է, այլ ընդամենը համակարգի կողմից նշանակված մենեջեր:

Ինչևէ, չորս փոխքաղաքապետերից Տարոն Մարգարյանի կադրն է միայն Արամ Սուքիասյանը, Կամո Արեյանը արդեն քսան տարի «այլընտրանքային քաղաքապետ» է և մշտապես ինքնուրույն աշխատել է նախագահականի հետ՝ շրջանցելով քաղաքապետերին: Վահե Նիկոյանի «տանիքը» հարազատ հայրն է, ու նրա համար, մեծ հաշվով, էական են հոր հաջողությունները և ոչ թե իր անմիջական ղեկավար քաղաքապետի ով լինելը: Դավիթ Օհանյանը Երևանի թիվ մեկ օլիգարխի՝ Սամվել Ալեքսանյանի «մարդն» է և իր փոխքաղաքապետությամբ խորհրդանշում է Երևանի «սիթիացումը»:

Ի դեպ, այսօր Երևանի ավագանու նիստին առաջին անգամ մասնակցել է ԵԾ խմբակցությունը ու միանգամից զբաղեցրել է արմատական ընդդիմության նիշը՝ «դեմ» քվեարկելով փոխքաղաքապետի բոլոր թեկնածուներին:

«Ելքն» առաջնորդվել է խորհրդարանական հանդուրժողականության սկզբունքով՝ «ձեռնպահ» քվեարկությամբ չաջակցելով, բայց նաև չխանգարելով մեծամասնությանը: Բացառություն է եղել Վահե Նիկոյանի քվեարկությունը. «Ելքը» նրան «կողմ» է քվեարկել: Արդյո՞ք դեր է խաղացել հոր՝ Սամվել Նիկոյանի գործոնը, եթե՝ այո, ապա ո՞ր արժանիքի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20